HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

135 թենիսիստներ կասկածվում են պայմանավորված խաղերի մասնակցելու մեջ, որը կազմակերպել է հայկական հանցախումբը

Աշխարհի տարբեր երկրներից 135 թենիսիստներ կասկածվում են պայմանավորված խաղերի մասնակցելու մեջ, հայտնում են գերմանական ZDF հեռուստաընկերությունը և Die Welt թերթը: Պայմանավորված խաղերի հետաքննությունը, որին մասնակցել են Բելգիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի իրավապահ մարմինները, դեռ ավարտված չէ, դրա արդյունքները կարող են ներկայացվել մի քանի ամսվա ընթացքում:

Կասկածյալների ցանկում ընդգրկվել է նաև ATP-ի (Association of Tennis Professionals) վարկանիշով՝ աշխարհի լավագույն 30 թենիսիստներից մեկը, որը հաղթել է մի շարք մրցաշարերում, սակայն նրա անունը և տիտղոսները չեն հրապարակվել: Գործում ընդգրկված է նաև գերմանացի թենիսիստ Մաքս Հ., որի ազգանունը ևս չի բացահայտվում: Նա համագործակցում է քննության հետ, բայց հրաժարվում է հրապարակային մեկնաբանություններ տալ:

Բելգիայի դաշնային դատախազությունը հայտնել է, որ պայմանավորված խաղերի կազմակերպիչը եղել է հայկական հանցավոր խումբ, որը գործում է եվրոպական յոթ երկրներում: Հետաքննության մասնակիցների խոսքով ՝ պայմանավորված խաղերի վրա արվել են հարյուրավոր փոքր խաղադրույքներ, որոնց ընդհանուր գումարը հասել է տասնյակ հազարավոր եվրոյի: Ըստ Բելգիայի դատախազության հանցավոր խմբում ներառված են նաև նրանք, ովքեր պատասխանատու են եղել խաղացողների հետ կապ հաստատելու և փողերի լվացման համար:

Արգենտինացի թենիսիստ Մարկո Տրունժելիտին հաստատել է ZTF-ի և Die Welt-ի տեղեկատվությունն առկա հանցավոր սխեմայի վերաբերյալ: Նա ասել է, որ իրեն դիմել են պայմանավորված խաղերի կազմակերպիչները, ինչի մասին նա տեղյակ պահել է թենիսի միջազգային ֆեդերացիային (ITF): Լրագրողների հետ զրույցում Տրունժելիտին նշել է, որ պայմանավորված խաղերին մասնակցել են ինչպես ցածր մակարդակի մրցաշարի խաղացողները, այնպես էլ լավագույն 50 թենիսիստները:

2019-ի փետրվարին Տրունժելիտին արդեն ասել էր, որ 2015-ին առաջարկ է ստացել մասնակցել պայմանավորված խաղերի: Նրա խոսքով՝ ITF Futures-ի մրցաշարերի պայմանավորված խաղի համար նրան առաջարկվել է երկու-երեք հազար դոլար, ATP Challenger-ի խաղի համար՝ հինգից տասը հազար հազար դոլար, ավելի բարձր մակարդակի՝ ATP-ի խաղի համար՝ 50-100 հազար դոլար: Արդյունքում, մարզիկը բողոք է ներկայացրել Tennis Integrity Unit (TIU) կազմակերպություն, որը պայքարում է թենիսում պայմանավորված խաղերի դեմ:

Գերմանացի թենիսիստուհի Անդրեա Պետկովիչը լրագրողներին ասել է, որ գիտի նաև պրոֆեսիոնալ խաղացողների, որոնց արել են նման առաջարկներ: Նրա խոսքով՝ կազմակերպիչները հաճախ կապ էին հաստատում աղքատ երկրների պրոֆեսիոնալ թենիսիստների և թենիսիստուհիների հետ, որոնք հնարավորություն չունեին մեկնելու այլ երկրներ:

Նշենք, որ 2019 թվականի հունվարին Իսպանիայի քաղաքացիական գվարդիան հաղորդեց քրեական գործի հարուցման մասին՝ թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու վերաբերյալ: Գործով մեղադրյալ են դարձել ավելի քան 80 մարդ, այդ թվում 28 պրոֆեսիոնալ թենիսիստ: Իսպանական իշխանությունների տեղեկացմամբ՝ այս ամենի հետևում կանգնած է հայկական հանցավոր խումբ, որը մի քանի տարվա ընթացքում միլիոնավոր եվրոներ է ստացել: Հետաքննությունը սկսվել է TIU-ի դիմումից հետո:

Լուսանկարը՝ Jason Reed / Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter