
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, քիչ առաջ մերժեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը: Այսինքն՝ դատավոր Աբգարյանը կքննի Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու առաջին ատյանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը:
Հիշեցնենք, որ դատավոր Լուսինե Աբգարյանին Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դեկտեմբերի 16-ի դատական նիստի ընթացքում:
Ըստ պաշտպանների՝ Լուսինե Աբգարյանի եղբայրը՝ Դավիթ Աբգարյանը, տարածել է Սերժ Թանկյանի գրառումը, որում նա գոհունակություն է հայտնել այն առիթով, որ Ռոբերտ Քոչարյանը վերջապես կալանքի տակ է: Արամ Վարդևանյանը նաև նշեց, որ Դավիթ Աբգարյանն, ըստ մամուլի հրապարակումների, մտերիմ հարաբերություններ ունի Վահե Գրիգորյանի հետ, որը նախկինում ներկայացրել է «Մարտի 1-ի գործով» տուժողների շահերը, իսկ այժմ Սահմանադրական դատարանի դատավոր է:
Ըստ պաշտպանների՝ Վահե Գրիգորյանն ու Դավիթ Աբգարյանը մեկ այլ գործով ներկայացուցչություն են իրականացրել ՄԻԵԴ-ում: Բացի այդ, դատավոր Լուսինե Աբգարյանը «Ֆեյսբուքում» հավանել է՝ «լայք է դրել» Դավիթ Աբգարյանի աշխատանքային գործունեության ընթացքում հաջողության մասին Վահե Գրիգորյանի գրառումը:
Պաշտպանները նշել էին նաև, որ դատավոր Լուսինե Աբգարյանը դեկտեմբերի 17-ից պետք է արձակուրդի մեջ գտնվեր, դատական տեղեկատվական համակարգում առկա չէ նրա արձակուրդի ժամանակացույցի փոփոխություն, սակայն նա, փաստորեն չի մեկնել արձակուրդ:
Վերը նշված հանգամանքները, փաստորեն, դատավորին հիմք չեն տվել ինքնաբացարկ հայտնելու:
Լուսանկարում՝ դատավոր Լուսինե Աբգարյանը
Մեկնաբանել