Հիմա էլ լռե՞նք
Բեռլինում ապրող Սամվել Հովասափյանը «Հետքի» խմբագրությանը գրել է նամակ, որը ստորեւ ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Երբեմն մեզ մնում է միայն անզորությունից և անելանելության զգացումից նստել և ողբալ, ողբալ հայ ազգի ներկային նայելով և ապագան հեռանկարն ունենալով՝ ողբալ Հայաստաում տիրող խավի ազգակործան կեցվածքի համար, մանավանդ, երբ ինտերնետում կարդում ես հետևյալ լուրերը.
«Հետք». «Թուրքական լոլիկը ոչնչացնում է հայ գյուղացուն»:
«Հետք». «Երկու միլիոնից քիչ մարդ է մնացել Հայաստամում»:
Այսպես և այսպես շարունակ կարելի է ամեն օր կարդալ, շնչակտուր լինել և հարց տալ, թե այդ ովքե՞ր են տեր- տիրականություն անում Հայաստանում, թե այդ ովքե՞ր են կառավարում Հայաստանը, որոնց գործելակերպը տարել է, տանում է և տանելու է սիստեմատիկ դատարկել Հայաստանը և խոցելի դարձնել այն: Անհավատալի Է, անհասկանալի, այն անձինք, ովքեր ժամանակին իրենց նվիրումով, իրենց անձնազոհությամբ հնարավոր դարձրին Արցախի պատերազմի փայլուն հաղթանակը, այսօր դեպի ո՞ւր են առաջնորդում հայ ժողովրդին, դեպի ո՞ւր են տանում երկիրը:
Բայց չմեղանչենք ճշմարտության դեմ, «Հետքում» կարելի է կարդալ նաև հետևյալ տողերը՝
«Հետք», Սերժ Սարգսյան. «Աշնանը մենք կանգնելու ենք հայ գյուղացու կողքին»:
Այո, ճիշտ այսպես՝ «այծ, մի մահացիր, գարուն կգա»:
«Հետք». Սերժ Սարգսյան. «Մեր սփյուռքահայ քույրերի և եղբայրների մեծ մասը թյուր կարծիք ունի, որ չի կարելի հայրենիքում բիզնես բանալ»:
Պարսիկները ասում են՝ «Նուշդարո՞ւ (ապաքինող դեղ) Սոհրաբի մահվանից հետո»:
Բայց ինչի՞ մասին է խոսքը, երբ հայաստանցի «բիզնեսմենն» է նախընտրում արտերկրում «բիզնես» բանալ: ՀՀ նախագահ պարոն Սարգսյանը լավ գիտի, որ կապիտալը (հայի, թե օտարի, դա միևնույնն է) ներդրումների համար իր դաժան և միևնույն ժամանակ անաչառ օրենքներն ունի, նա ոչ թե հետևում է հայրենասիրական կոչերին, կամ էլ իր բարի կամքին, այլ երկրում ներդրումների համար բարենպաստ պայմանների առկայությանը և կարծում եմ նաև պարոն նախագահին է պարզ, թե ինչպիսի պայմաններ են դրանք...
Բեռլինում ՀՀ նախագահի և հայ համայնքի հանդիպման ժամանակ նա մեզ՝ սփյուռքահայերիս, խրախուսեց, նաև քննադատել, կարծում եմ՝ նաև այսպես:
Սամվել Հովասափյան
Բեռլին, Մայիս 2011»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել