HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Բաքուն «ղարաբաղյան հրդեհները» տեղափոխում է Նյու Յորք

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է «Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւը

ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը, չնայած ղարաբաղյան հակամարտության մասին 1993թ. ընթացքում չորս բանաձեւ է ընդունել, սակայն երբեք ուղղակիորեն ներգրավված չի եղել կարգավորման բանակցություններում։ Այս հանգամանքն, անշուշտ, չի խանգարում, որպեսզի Ադրբեջանը կարգավորման հետ կապված փորձեր ձեռնարկի կամ ընդհանրապես դրա հետ ուղղակի կապ չունեցող հարցերը տեղափոխի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի օրակարգ։ Այդպես եղավ, մասնավորապես, 2004 թվականի աշնանը, երբ Բաքուն դիվանագիտական լուրջ աշխատանքի շնորհիվ Գլխավոր վեհաժողովի օրակարգ մտցրեց «Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում» վերնագրով բանաձեւի նախագիծ։

Հիշեցնենք, որ ադրբեջանական իշխանությունները պնդում էին, թե պաշտոնական Երեւանը վերաբնակեցման քաղաքականություն է վարում ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

Հայաստանը սպառնաց, որ եթե ՄԱԿ–ը տեղի տա ադրբեջանական ճնշումներին, ապա Երեւանը դուրս կգա բանակցություններից։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները գտան ճգնաժամից դուրս գալու հավասարակշռված տարբերակը. Ադրբեջանը չի պնդում ղարաբաղյան հարցի քննարկումը ՄԱԿ–ում, փոխարենը Երեւանն ու Ստեփանակերտը համաձայնություն են տալիս, որպեսզի ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ այցելի ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը։

2005թ. հունվարի 29-ից փետրվարի 6-ը առաքելության խումբը ժամանեց տարածաշրջան, եղավ Բաքվում, Երեւանում, Ստեփանակերտում, ինչպես նաեւ՝ ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, եւ իր պատրաստած զեկույցում գրեց, որ Երեւանը վերաբնակեցման քաղաքականություն չի վարում:

Ամենայն հավանականությամբ , ղարաբաղյան հակամարտության գոտի կժամանի ԵԱՀԿ փաստահավաք մեկ այլ առաքելություն, այս անգամ' հրդեհների հարցով։ Ինչպես հայտնի է , այս տարվա աննախադեպ շոգի պատճառով շփման գծում, ինչպես նաեւ ղարաբաղյան եւ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքներում, բռնկվում են հրդեհներ, եւ Բաքուն պնդում է, որ դրանք հայերը կանխամտածված են անում։ Նկատենք, որ այդ տարածքներում ամեն տարի հրդեհներ են բռնկվում, սակայն Բաքուն միայն այս տարի է մտահոգվել։ Ինչո՞ւ։

Լեռնային Ղարաբաղի նախագահի օգնական Դավիթ Բաբայանն այսպես է մեկնաբանում. «Առաջին հերթին ուզում է ցույց տալ, որ այդ տարածքները գրավված են Հայաստանի կողմից, որովհետեւ այնքան էլ տրամաբանական չէ՝ ինչո՞ւ պետք է Հայաստանը տա իր համաձայնությունն այդ տարածքներում կատարել հետազոտական աշխատանքներ եւ ուղարկել փաստահավաք խումբ, եթե դրանք գտնվում են ԼՂՀ վերահսկողության տակ»։

Բացի այդ , Բաբայանը նշում է այլ պատճառներ եւս, մասնավորապես Բաքուն այդ եղանակով փորձում է կոծկել æուղայի խաչքարերի ոչնչացումը: «Ադրբեջանը փորձում է հավասարակշռություն ստեղծել իր կողմից æուղայի խաչքարերի ոչնչացման բարբարոսական քայլի եւ բնական հրդեհների միջեւ։ Չի կարելի բացառել նաեւ, որ Ադրբեջանը հրդեհների հարցը փորձում է տեղափոխել ՄԱԿ իր ներքին շուկայի համար՝ ժողովրդին ցույց տալու, որ ինչ–որ բան անում է», - ասում է նա։

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի արտգործնախարարը լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ հրդեհների հարցը ներառվի ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի օրակարգ։ «Ադրբեջանցիներն ուզում են հրդեհների հարցը ՄԱԿ–ում քննարկել, դա մեծ հաշվով իրենց իրավունքն է, բայց , հաշվի առնելով, որ կա Մինսկի գործընթաց, կա ԵԱՀԿ, առավել եւս, որ ՄԱԿ–ն առանձնապես որեւէ բան հրդեհների կանխարգելման կամ գնահատական տալու առումով լրացուցիչ բան չի կարող անել։ Մենք դրա անհրաժեշտությունը չենք զգում եւ կարծում ենք, որ հրդեհների հետ կապված հարցում Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը կարող են համագործակցել սահմանային գոտում։ Ուղղակի ՄԱԿ–ի ներգրավումն անտեղի է»,- ասել էր Օսկանյանը։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը սեպտեմբերի 7-ին ընդունել է «Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւը, որում ասվում է, թե Գլխավոր վեհաժողովը «...լրջորեն մտահոգված է հրդեհներով, շեշտում է տուժած տարածքներում հրդեհները մարելու եւ նրանց վնասարար հետեւանքները հաղթահարելու նպատակով շտապ բնապահպանական գործողություն իրականացնելու անհրաժեշտությունը», «ողջունում է կողմերի պատրաստակամությունը' համագործակցելու այդ ուղղությամբ, եւ այսպիսի գործողությունը համարում է կարեւոր, փոխվստահությունն ամրապնդող միջոցառում», «կոչ է անում ՄԱԿ-ի համակարգի կազմակերպություններին ու ծրագրերին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրին, ԵԱՀԿ-ի հետ համագործակցությամբ, անհրաժեշտ ողջ օգնությունն ու փորձագիտական օժանդակությունը ցույց տալ, ներառյալ տարածաշրջանի բնապահպանական քայքայման կարճաժամկետ ու երկարաժամկետ ազդեցության գնահատման ու դրան հակազդման, ինչպես նաեւ վերականգնման հարցում»:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում նկատել է, որ «...Ադրբեջանի կողմից Գլխավոր վեհաժողով ներկայացված բանաձեւի նախագիծը քննարկում է մի հարց, որը, մեր կարծիքով, փակվել էր երկու շաբաթ առաջ ԵԱՀԿ գործող նախագահի, Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ քննարկումներից հետո: Որոշում էր կայացվել ԵԱՀԿ առաքելություն ուղարկել՝ գնահատելու հրդեհներից ստեղծված իրավիճակը»:

«Լեռնային Ղարաբաղի իշխանություններն արդեն իսկ ընդունել են այս առաջարկը, եւ Հայաստանն իրապես պատրաստ էր իր ջանքերը գործադրելու՝ աջակցելու նման առաքելությանը: Մեր հասկացողությամբ, Ադրբեջանը եւս համաձայնել էր դրան: Ելնելով վերոնշյալից' տարօրինակ էր տեսնել, որ այդ նույն հարցի վերաբերյալ ՄԱԿ-ում շրջանառության մեջ է դրվել բանաձեւի նախագիծ, հատկապես հաշվի առնելով այն, որ նախագիծը կոչ էր անում զուգահեռ առաքելություն ուղարկել ՄԱԿ-ի հովանու ներքո: Այդ մոտեցումն անընդունելի էր: Մենք նման քայլը դիտում ենք որպես խոչընդոտ բանակցությունները շարունակելու համար: Եվ քանի որ այն հստակորեն քաղաքական նպատակներ էր հետապնդում, Հայաստանը դեմ հանդես եկավ այդ քայլին»,- ասել է ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը:

Այնուամենայնիվ, Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների արդյունքում, Հայաստանը համաձայնության եկավ մի տեքստի շուրջ, որը պարզապես վերահաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ առաքելությանը: Մյուս կողմից, սակայն, թեեւ Հայաստանը կողմ եղավ ձեռք բերված համաձայնության բովանդակային մասին, սակայն դեմ եղավ ՄԱԿ-ի բանաձեւի ընդհանուր գաղափարին: Այդ պատճառով Հայաստանը չմիացավ բանաձեւի կոնսենսուսին:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անունից իր ելույթում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեխանդրո Վուլֆը նշել է, որ «Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ նահանգները շարունակում են հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»: «Մենք չափազանց լուրջ ենք ընկալում հակամարտության կողմերի արտահայտած մտահոգությունը' տարածաշրջանի կայունության եւ անվտանգության սպառնալիքների, ինչպես նաեւ բանակցային գործընթացի համար նոր խոչընդոտներ ստեղծող ցանկացած այլ գործոնների վերաբերյալ»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

«Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ նահանգներն ակնկալում են, որ բանաձեւի մշակման ընթացքում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կողմից ցուցադրված բարի կամքի ոգին վկայում է վստահության ամրապնդմանն ուղղված լրացուցիչ քայլերի գնալու' կողմերի պատրաստակամության մասին, ինչը թույլ կտար տեղից շարժել բանակցությունների գործընթացը»,- ասել է Վուլֆը:

Բանաձեւի ընդունումից հետո ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Յաշար Ալիեւը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակություններն առաջին անգամ հանդես են եկել փոխհամաձայնեցված տեքստով: Ալիեւի խոսքերով' բանաձեւը վստահության ամրապնդման ուղղությամբ իրական միջոցառումների իրագործման բացառիկ հնարավորություն է ընձեռում:

Լեռնային Ղարաբաղի նախագահի օգնական Դավիթ Բաբայանն ընդհանուր առմամբ դրական չի համարում, երբ հարցերը ԵԱՀԿ–ից փորձ է արվում տեղափոխել ՄԱԿ–ի օրակարգ, սակայն, մյուս կողմից, պնդում է, որ հենց միջազգային ատյաններն են գնացել այդ քայլին։

«Բոլորին հայտնի է, որ Ադրբեջանը բանակցային սեղանի շուրջ ունի շատ կոշտ դիրքորոշում։ Եւ միջազգային հանրությանն ինչ–որ ձեւով ձեռնտու է, որպեսզի այդ սառեցված իրավիճակը' բանակցային փակուղին, տեղից շարժվի։ Այդ պատճառով նրանք Ադրբեջանի պոպուլիստական քայլն ուզում են ինչ–որ ձեւով ուղղել դեպի կառուցողական հուն եւ ստեղծել մեխանիզմ, որպեսզի հակամարտող կողմերն իրար հետ շփվեն»,- ասում է Բաբայանը։

Նկատենք, որ եթե Ադրբեջանի արտգործնախարարությունը Գլխավոր վեհաժողովում ընդունված բանաձեւը փորձում է ներկայացնել որպես դիվանագիտական հաղթանակ, ապա Բաքվի մամուլը բոլորովին էլ այդ կարծիքին չէ: Այսպես' Բաքվի «Զերկալո» օրաթերթը շաբաթ օրվա համարում գրում է, որ այդ բանաձեւը դժվար է գնահատել որպես դիվանագիտական հաղթանակ' բերելով մի քանի պատճառներ: «Մինսկի խումբը հորդորել է Հայաստանին եւ Ադրբեջանին պայմանավորվել ղարաբաղյան կարգավորման' միջնորդների կողմից մշակված հիմնական սկզբունքների շուրջ, որոնք, փաստորեն, Բաքուն արդեն մերժել է: Հայաստանը, օգտագործելով հնարավորությունը, հրապարակավ «ստորացրեց» Ադրբեջանին: Մեր արտգործնախարարը հրապարակավ հայտարարեց Վարդան Օսկանյանի հետ ինչպես Լոնդոնում, այնպես էլ Փարիզում հանդիպելու պատրաստակամության մասին: Օսկանյանը հրաժարվեց հանդիպել մեր արտգործնախարարի հետ: Այդ պատճառով համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպելու են առանձին»,- գրում է «Զերկալոն»:

Իրավամբ, դժվար է Գլխավոր վեհաժողովի բանաձեւը հաղթանակ համարել, ընդ որում' հակամարտության որեւէ կողմի, եւ առաջին հերթին' Ադրբեջանի համար: Ինչպես 2005 թվականին, այնպես էլ առաջիկայում սպասվում է միջազգային փաստահավաք առաքելության ժամանում հակամարտության գոտի, այս անգամ' հրդեհների վայր: Բայց գլխավոր խնդիրը' խաղաղության հաստատումը, այս անհանգիստ եւ մի քանի տասնյակ հազար կյանք խլած եւ հարյուր հազարավոր փախստականների ու տեղահանվածների պատճառ դարձած տարածաշրջանում, որեւէ կերպ երեւի թե չի արագացվի անկախ փաստահավաք առաքելության պատրաստելիք զեկույցի բովանդակությունից:

Հիշեցնենք, որ խոսքն այն սկզբունքների մասին է, որի շուրջ բանակցել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները նախ Ռամբույեում, ապա' Բուխարեստում: Երկուսուկես էջանոց այդ փաստաթուղթը կազմված է 4 հիմնական կետերից. առաջին' Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվում է հանրաքվեով, որին մասնակցում են 1988թ. նախկին ԼՂԻՄ-ի բնակիչները, երկրորդ' ղարաբաղյան ուժերը անմիջապես դուրս են բերվում հինգ շրջաններից, բացառությամբ Լաչինի եւ Քելբաջարի, որոնց հարցը որոշվում է ավելի ուշ, երրորդ' ձեւավորվում են երեք հանձնաժողովներ, որոնցից առաջինը որոշում է հանրաքվեի մանրամասները, երկրորդը' Լաչինի միջանցքի, իսկ երրորդը' Քելբաջարի հետ կապված խնդիրները եւ, վերջապես, չորրորդ սկզբունքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին:

Ի դեպ, նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում առանձին հանդիպումներ կունենան արտգործնախարարների հետ: Սեպտեմբերի 13-ին նրանք Լոնդոնում կզրուցեն Էլմար Մամեդյարովի, իսկ մեկ օր առաջ Փարիզում' Վարդան Օսկանյանի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter