HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Հայացք ներսից»․ մրցանակներ՝ ազատությունից զրկվածներին

Ազատությունից զրկված 6 դատապարտյալ դեկտեմբերի 17-18-ին ստացան մրցանակներ՝ ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խնդիրները վեր հանելու և լրագրողական նյութեր պատրաստելու համար։

«Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» մրցույթում այս տարի մասնակցում էին նաև ազատությունից զրկվածները։ Դատապարտյալների և կալանավորների կողմից ուղարկված մոտ 10 նյութերի հեղինակներից «Հայացք ներսից» անվանակարգում հաղթող ճանաչվեց 3 մասնակից՝ Սոնա Մալումյանը, Հովիկ Բաբայանը և Զաքար Զոհրաբյանը։

Մասնակիցներից երկուսի մրցանակը տրվել է նոյեմբերի 15-ին՝ մարդու իրավունքների վերաբերյալ լրագրողական մրցույթի ամփոփման ընթացքում, իսկ Հովիկ Բաբայանին մրցանակ հանձնվեց այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ում։ Վերջինս մրցանակը ստանալիս կարևորեց ազատությունից զրկվածների մրցույթին մասնակցելը, և ՔԿՀ-ում եղած խնդիրները վեր հանելը։ Հովիկ Բաբայանը նշեց, որ իրեն տրամադրվող պարգևատրումը՝ մոտ 140 հազար դրամ, ցանկանում է փոխանցել «Զատիկ» մանկատանը։

Ծրագրի մասնակից Հակոբ Դեր-Ներսիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սա մեծ հնարավորություն է տալիս լսված լինելու։ Դատապարտյալի նյութը պատմում էր իր քրեական գործի մասին։ Ըստ նրա՝ լրագրողական մրցույթին մասնակցելու միջոցով կփորձի վերականգնել արդարություն․ «Մենք դրսում չենք, որ կարողանանք զրուցել, մենք ունենք սահմանափակումներ, իմ նպատակը ձայնս հանրությանն ու ղեկավարությանը հասանելի դարձնելն է»։ 

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Արմենակ Դավթյանը մրցույթին երկրորդ անգամ է մասնակցում, նախորդ տարի ստացել է մրցանակ, այս տարի՝ պատվոգիր։ Նրա պատրաստած նյութը վաղաժամկետ ազատ արձակման համակարգի մասին է։ Նրա պնդմամբ՝ կարևոր է ներսից խոսել խնդիրների մասին և բարձրաձայնել դրանք։

Ծրագիրը, որը իրականացվում է «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի և «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի կողմից համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանը»։

Ծրագրի մասին ազատությունից զրկվածները տեղեկացել են ՔԿՀ-ներից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter