Բանդիվանից աշխատուժ մի խնդրեք, գյուղում պարապ մարդ չկա
Ամասիայի տարածաշրջանի Բանդիվան համայնք հասնելու համար տարվա այս եղանակին ամենակարեւոր նախապայմանը բաց ճանապարհներն են: Մարզկենտրոն Գյումրիից 30 կմ հեռավորության վրա է գտնվում գյուղը: Լավ եղանակի դեպքում 20 րոպեն էլ բավարար է բնակավայր հասնելու համար, իսկ ձմռանը, եթե բուք արեց, հնարավոր է օրերով չկարողանաս ոչ գյուղ մտնել, ոչ գյուղից դուրս գալ: Վերջին ձնաբքից հետո մեկ մեքենայի անցման ճանապարհ են կարողացել բացել ճանապարհաշինարարները: 50-100 մետրը մեկ ճանապարհի աջ կամ ձախ հատվածում տրակտորը ձյան շերտը որոշակի խորությամբ ետ է հրել` յուրահատուկ կայանատեղի ստեղծելով հանդիպակաց երթեւեկողների համար:
Ծովի մակերեւույթից մոտ 2000 մ բարձրության վրա գտնվող Բանդիվանում գերադասում են հիմնականում զբաղվել անասնապահությամբ: «Դա է ձեռնտուն, մեր գյուղի ժողովրդի համար հողագործությունն էնքան էլ եկամտաբեր չէ, համ էլ ռիսկային է օգուտ ստանալու առումով»,- ասում է Բանդիվանի համայնքապետ Արտավազդ Ղուկասյանը:
Վերջին մարդահամարի տվյալներով Բանդիվանում 273 մարդ է ապրում: Գյուղը «խոպանչիներ» գրեթե չունի, սեզոնին հազիվ 3 տղամարդ է բացակայում, որն ըստ համայնքապետի, տեղում աշխատանք ունենալու մասին է խոսում: 2005թ. Բանդիվանի տարածքում հիմնված «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ում 37 բանդիվանցի է աշխատում, կարելի է ասել գյուղում բնակվող ընտանիքների կեսը շնորհիվ նորաստեղծ ձեռնարկության, հիմնական եկամտի աղբյուր ունի:
«Մինչեւ 2002-2003թթ.-ը սեփական եկամուտների հավաքագրումը էնքան էլ լավ չէր, բայց 2005թ-ից ամեն ինչ կայունացավ: Նախ՝ կաթի գործարանը կառուցվեց մեր գյուղում, հետո խոզաբուծարանը, բանդիվանցի 30 ընտանիքից աշխատողներ կան էդ երկու ձեռնարկություններում,- պատմում է Բանդիվանի համայնքապետը,- դե մարդկանց եկամուտը սկսեց աճել, պարտքերը փակեցին, սկսեցին նորմալ իրենց հարկային պարտավորությունը կատարել: Էս վերջին մի քանի տարին 100-120% բյուջեի կատարողական ունենք»:
Համայնքապետի հավաստմամբ, հիմա բանդիվանցու զբաղվածությունն այնքան շատ է, որ գյուղի ներքեւի ձորակում, Ախուրյանի գետի վրա փոքր Հէկ-ի շինարարության համար աշխատուժ էին խնդրում, ստիպված մերժեցին: Գյուղում պարապ մարդ չէր գտնվել, որ գնար շինարարության վրա աշխատեր:
«Բանդիվանցին էսօր կգերադասե անասնապահությամբ զբաղվել: Կաթը գյուղացիք կհանձնեն 140-150 դրամով, գործարանը կողքի հետ է, սա էլ մեծ նշանակություն ունի: Անասնագլխաքանակը մեծացնելու շահագրգռվածություն կա,- ասում է Բանդիվանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Զորակ Կարապետյանը: Գյուղից արտագաղթ չկա, 2001թ.-ին ընդամենը մեկ ընտանիք է տեղափոխվել Գյումրի, իսկ վերջին 2 տարին՝ ընդհակառակը, ներգաղթ է եղել: Երկու ընտանիք, աշխատանքի հետ կապված, բնակություն են հաստատել Բանդիվանում: Մի ընտանիքը Ամասիայից է, մյուսը` Ալավերդուց»,- տեղեկացրեց աշխատակազմի քարտուղարը:
Գյուղի դպրոցում 79 աշակերտ է սովորում: 2011թ.-ի սեպտեմբերին 11 առաջին դասարանցի են ունեցել: «1300 տնտեսություն ունեցող Ամասիայում 2011թ.-ին ունեցել են 7 առաջին դասարանցի»,- հարեւան համայնքի հետ համեմատություն է անում Արտավազդ Ղուկասյանը: Գյուղում մանկապարտեզ չունեն, երկրաշրաժից հետո ուկրաինացի շինարարների կառուցած տիպային շենքը գյուղխորհրդի նախագահը 90-ականներին հատկացրել էր երկու երիտասարդ ընտանիքի: Մանկապարտեզի մի մասնաշենքում էլ ներկայումս տեղավորված են համայնքապետարանն ու գրադարանը:
3 մլն դրամ սեփական եկամուտների եւ 3,5 մլն դրամ դոտացիայով գյուղում հնարավոր չէ մեծ խնդիր լուծել: Բարերարների շնորհիվ անցյալ տարի գյուղը գազիֆիկացվել է: Նաեւ՝ գյուղտեխնիկա ու գործիքեր են ձեռք բերել: Սեփական եկամուտներից ներդնելով 1 մլն 400 հազար դրամ` կարողացել են վերանորոգել ու տեսքի բերել համայնքապետարանի աշխատասենյակներից մի քանիսը: Սեփական եկամուտների հաշվին գիշերային լուսավորության ցանցն են անցկացրել:
![]() |
![]() |
«Համայնքային կենտրոն ենք ուզում ունալ, սակայն դա մեծ գումարների հետ է կապված, քանի որ հիմքից պետք է կառուցվի: Գյուղում որեւէ հարմար ազատ շինություն չունենք, որ դիմենք մի կազմակերպության կամ Կառավարությանը գումար հատկացնեն, վերածենք կենտրոնի, մարդիկ զբաղվելու տեղ ունենան»,-մտահոգվում է համայնքապետը:
Զորակ Կարապետյանն էլ շարունակելով համայնքի ղեկավարի խոսքը ներկայացնում է եւս երկու կարեւոր ծրագիր, որ ներառել են գյուղի զարգացման քառամյա ծրագրում ու պատրաստվում են այս տարի ինչ գնով էլ լինի իրականացնել: Խմելու 3-րդ ջրագիծն են ուզում ունենալ գյուղում եւ 4 կմ ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման խնդիրը լուծել: «Մեզ ասֆալտ պետք չէ, թող լինի կոպճային եղանակով,- նշում է Բանդիվանի համայնքապետը,- գյուղական բնակավայրերին էդ ձեւով նորոգված ճամփաներն ավելի հարմար են»: Վերջին մեկ-երկու տարիներին այս համայնքում մի շարք խնդիրներ լուծվել են բարերարների եւ ծնունդով բանդիվանցի բարձրաստիճան պաշտոնյաների շնորհիվ:
Իսկ ինչպես վարվեն այն համայնքները, որոնց բախտն այդ առումով չի բերել, հարցս ուղղում եմ Բանդիվանի «բախտավոր» համայնքապետին: «Բախտի բան է,- ծիծաղում է Արտավազդ Ղուկասյանը,- էս նույն հարցն ինձ Հովտունի համայնքապետն էլ է տվել, էլի նույն պատասխանն եմ տվել, ինչ ձեզ, բախտի բան է: Կարող է էդ նույն բարերարը, որ ծնունդով ինչ որ գյուղից է, չուզենա օգնել, հո չես ստիպելու, էնպես որ բախտի բան է»:
Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն պետ Կառլեն Աբրահամյանի կարծիքով համայնքների զարգացումը պայմանավորված է աշխատող, չարչարվող ու կազմակերպչական ընդունակություններով օժտված ղեկավարներով: Պաշտոնյայի փոխանցմամբ սեփական եկամուտների հավաքագրման առումով թերացող համայնքների թիվը Շիրակի մարզում քչացել են: «Եթե տարիներ առաջ մարզխորհրդի նիստերին ընդամենը մի 6 համայնքապետի համար կարող էինք ասել, որ լավ են աշխատում, հիմա արդեն չգիտենք ում անունը նշենք, ումը՝ թողենք: 50-60 համայնքում 100% ու ավելի հողի հարկ են ապահովում: Մարդիկ ներդումներ են անում, սեփական եկամուտների հաշվին մշակույթի տուն են նորոգում եւ այլն»,-ասում է Կարլեն Աբրահամյանը:
Շիրակի մարզում վատ աշխատողների, այսինքն սեփական եկամուտների հավաքագրման առումով ցածր ցուցանիշներ ունեցող համայնքների թոփ հնգյակում Սարագյուղ, Ցողամարգ, Սիզավետ, Կարմրավան, Բավրա գյուղերն են: «Եթե Սարագյուղի համայնքապետն անբան է բառիս բուն իմաստով, ապա Սիզավետի համայնքապետն ընդհակառակը, վազող է,- նշում է Կարլեն Աբրահամյանը, բայց արի ու տես, որ երկուսի ցուցանիշներն էլ նույնն են` վատ: Համայնքներ ունենք, որ վատ ժառանգություն են ստացել նախորդ ղեկավարներից եւ մինչ օրս պարտքեր են փակում, պարբերաբար հաշվեհամարը կալանքի տակ է դրվում: Սիզավետն հենց էդպիսի գյուղերից է: Ներկայիս համայնքապետ Պողոսյանը, աշխատող է, բայց մարդը աչք չի բացում դատական պրոցեսներից: Հավաքագրած գումարն էլ ԴԱՀԿ-ն է տանում, էլ որտեղից էդ մարդը կարողանա բարձր արդյունքներ ապահովել»:
Համայնքի ղեկավարների փոփոխության արդյունքում գրանցել են բավական մեծ արդյունք բոլոր առումներով, նշում է մարզպետարանի տարածքային վարչության պետը: Երբ բնակիչները վերջապես հասկացել են, որ բարեկամին ընտրելով երկար ճանապարհ չեն գնա, ընտրել են մեկին, ով գյուղի վիճակը բարելավել է հետագայում:
«Ի՞նչ է նշանակում ամեն եռամսյակը մեկ արդյունքներն ամփոփելիս համայնքի ղեկավարին կանչել էստեղ, պահանջել, հիշեցնել, ասել, եւ անընդհատ նրան գտնել կա՛մ վատառողջ, կա՛մ հիվանդ, խուսափողական վիճակով,- տարակուսում է Կառլե Աբրահամյանը, բայց մենք ոչինչ չենք կարող անել, համայնքապետն ընտրովի մարմին է: Հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ են լինելու եւ փառք ու պատիվ այն համայնքների բնակիչներին, ովքեր տեսնելով, որ չունեն համայնքի լավ ղեկավար, կընտրեն աշխատող, գյուղի մասին հոգացող մեկին»:
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել