HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Կեւորկովի ողբերգությունը

1993 թվականին Բաքվի Բաիլովի բանտից հոգեպես սպանված Բորիս Կեւորկովին ղարաբաղյան ուժերի մոտ որպես պատանդ գտնվող մի ադրբեջանցու հետ փոխանակելու նպատակով հասցնում են Ֆիզուլիի շրջան: Պատանդների փոխանակման հարցերով խառը հանձնաժողովի անդամների միջոցով Կեւորկովը դիմում է Լեռնային Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչներին (որոնցից շատերը ժամանակին իր ենթակայության տակ էին աշխատել)՝ խնդրելով իրեն փոխանակել: Հետեւում է պատասխանը՝ Կեւորկովն արժանի չէ գթասրտության (1):

Իրականում, Կեւորկովը Ղարաբաղը միանձնյա ղեկավարելու տարիներին շատ-շատերին էր դառնություն պատճառել: Ժամանակակիցների վկայությամբ' Կեւորկովը եղել է ամբարտավան, մարդկանց հետ շփումներում' չարդարացված կերպով կոպիտ: Նա վայելել է Հեյդար Ալիեւի անվերապահ վստահությունն ու աջակցությունը:

1975թ. մարտին, Կեւորկովի' Լեռնային Ղարաբաղ գալուց մեկուկես տարի անց, տեղի է ունենում ԼՂԻՄ մարզխորհրդի պլենումը, որը մեծ աղմուկ է առաջ բերում: Կեւորկովի զեկույցը, որում խիստ քննադատություն էր հնչել բոլոր նրանց հասցեին, ովքեր կանգնած են եղել ղարաբաղյան շարժման ղեկավար շարքերում, առաջ է բերում Ղարաբաղի հայերի եւ Հայաստանի խիստ դժգոհությունը:

«Լեռնային Ղարաբաղում Կեւորկովի պաշտոնավարության առաջինից մինչեւ վերջին օրը ես անդադար շփվել եմ նրա հետ, ինչն ինձ թույլ է տալիս պնդելու, որ նրա հետագա գործողություններն ուղղված էին իր անունը վերականգնելուն, ինչը նրան այդպես էլ չհաջողվեց»,- գրում է Վլադիմիր Թովմասյանը, ով երկար տարիներ եղել է ԼՂԻՄ ժողվերահսկողության մարզային կոմիտեի նախագահ, իսկ հետագայում աշխատել Ռոբերտ Քոչարյանի հետ, երբ վերջինս Պաշտպանության պետական կոմիտեի ղեկավարն էր (2):

ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղարի հետ շփված հայ պաշտոնյաները նրան բնութագրում են հակասական, հիմնականում՝ բացասական գնահատականներով:

«Կեւորկովի կերպարը լավ հասկանալու համար պետք էր հաշվի առնել ոչ միայն նրա անձը, այլեւ' թե ինչ պաշտոն էր զբաղեցնում եւ ինչ պայմաններում աշխատում: Նա անում էր ավելին, քան նրանից պահանջում էին Բաքվում, այդ պատճառով նա Ղարաբաղի համար վտանգավոր մարդ էր: Մյուս կողմից, Կեւորկովն իր քայլերով ակամա օգնեց, որ ղարաբաղյան շարժումն ինչ-որ տեղ նաեւ կանոնակարգվի: Երբ ստորագրահավաքը թափ էր հավաքում, նա մարզկոմի շենք էր կանչում խոշոր ձեռնարկությունների տնօրեններին եւ նախատում, թե ինչու են թույլ տալիս իրենց կոլեկտիվներում ստորագրահավաք կատարվի»,- հիշում է ԼՂԻՄ-ում մեծությամբ երկրորդ խոշոր ձեռնարկության' կոշիկի գործարանի տնօրեն Վասիլի Աթաջանյանը (3):

Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում 1988թ. փետրվարի 8-ին տեղի է ունենում ակտիվի ժողով եւ ընդունվում է դեկլարացիա Ղարաբաղը Հայաստանի հետ միավորելու մասին:

«Հաջորդ օրն ինձ իր մոտ զրույցի կանչեց Կեւորկովը: Բայց դա զրույց չէր: Նա գոռում եւ հայհոյում էր: Հաջորդ օրերին Ղարաբաղի այլ ձեռնարկություններում եւս տեղի են ունենում նման ժողովներ, ընդունվում են դեկլարացիաներ: Կեւորկովը տեղեկացնում է Բաքվին, եւ արդեն փետրվարի 11-ին Ստեփանակերտ ժամանեց Ադրբեջանի Կոմկուսի երկրորդ քարտուղար Կոնովալովը: Հավաքեցին գործարանների առաջին դեմքերին: Կեւորկովը գոռգոռում էր եւ սպառնում, որ քանի դեռ ինքը մարզկոմի առաջին քարտուղարն է, թույլ չի տա Ղարաբաղի միացումը Հայաստանին»,- հիշում է գործարանի տնօրեն Բորիս Առուշանյանը (4):

Նրան քննադատողներից շատերն ընդունում են, որ Կեւորկովի իշխանության օրոք լուրջ քայլեր են ձեռնարկվել ԼՂԻՄ տնտեսության զարգացման գործում, իսկ 80-ական թվականներից սկսվում են Հայաստանից ԼՂԻՄ թատերական խմբերի, երգչախմբերի, գրողների եւ գիտնականների հաճախակի այցերը, Շուշիի հայկական եկեղեցու, Գանձասարի եւ Ամարասի վանքերի վերականգնողական աշխատանքները: Սրա հետ մեկտեղ, Բաքվի իշխանությունները ձեռնամուխ եղան մարզում ադրբեջանական բնակավայրերի կառուցմանը եւ բարեկարգմանը (5):

Շարժումը սկսելու ժամանակ Օլեգ Եսայանը եղել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի դոցենտ, պատմության ֆակուլտետի կուսակցական կազմակերպության քարտուղար: Նա ասում է, որ Կեւորկովի ժամանակ ադրբեջանցիները բավականին ամրապնդվեցին Ղարաբաղում:

«Վստահաբար չեմ կարող ասել, թե Կեւորկովն ինչքանով էր այդ ամենն անում գիտակցաբար, բայց որ դա համահունչ էր հանրապետական կենտրոնի կողմից տարվող քաղաքականությանը, միանշանակ է: Զարգանում էին ձեռնարկություններ, որոնք արտաքին էֆեկտի առումով շատ գեղեցիկ էին նայվում. Ստեփանակերտում կառուցվում էին խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, ակտիվանում էր տնտեսական շինարարությունը: Մոտ 40 հազարանոց Ստեփանակերտում բանվորական աշխատատեղերի թիվը հասնում էր 15 հազարի: Սա տնտեսական հարաբերությունների հարթության վրա դրական երեւույթ էր դիտվում, բայց դրա արդյունքում Ստեփանակերտում ադրբեջանցիների թիվը այդ տարիներին բավականին շատացավ՝ հիմնականում Լաչինի եւ մարզկենտրոնի մոտակա ադրբեջանական գյուղերի բնակիչների տեղափոխման հաշվին»,- ասում է նա (6):

«Շարժման առաջին տարիներին, իհարկե, ինքը կատարում էր Բաքվի հանձնարարությունը՝ ամեն կերպ ճնշել շարժումը, եւ իմ տեղեկություններով՝ նա չէր հավատում, որ ժողովուրդը մինչեւ վերջ կկանգնի, եւ բոլորովին չէր կանխատեսում Խորհրդային Միության կործանումը, չէր հավատում, որ հնարավոր էր ղարաբաղյան հարցին լուծում տալ: Ինքն այդ մասին հետագայում արտահայտվել է որոշակի շրջանակում»,- շարունակում է Եսայանը, բայց մյուս կողմից ընդունում, որ Կեւորկովի ժամանակ աշխուժացան Հայաստանի հետ մշակութային շփումները (7):

Խորհրդային Հայաստանի վերջին վարչապետերից Ֆադեյ Սարգսյանը Կեւորկովի մասին բացասական կարծիք ունի: «Ինչքանով ես եմ տեղյակ, նա Կարեն Դեմիրճյանի հետ հանդիպել է մեկ կամ երկու անգամ, ինձ հետ էլ' ընդամենը մեկ-երկու անգամ: Նա Հայաստանի հետ չուներ բարեկամական հարաբերություններ: Կեւորկովը ցանկության դեպքում կարող էր մեզ հետ էլ հարցեր լուծել, մեզ երբեք չի դիմել եւ ոչ մի հարցով»,- ասում է նա (8):

Վլադիմիր Թովմասյանը համամիտ է. «Որեւէ հորդոր կամ խորհուրդ ի զորու չեղան' Կեւորկովին համոզելու Հայաստան այցելելու եւ նրա ղեկավարության հետ շփումներ հաստատելու անհրաժեշտությունը: Ավելին, երբ որեւէ միջոցառման հետ կապված Երեւան էին հրավիրվում անդրկովկասյան հանրապետությունների եւ Ղարաբաղի ղեկավարները, Կեւորկովը չմեկնելու պատրվակ էր գտնում՝ իր փոխարեն ուղարկելով մարզի ղեկավարներից որեւէ մեկին»,- նշում է նա (9):

Թեեւ 14 տարիների ընթացքում Կեւորկովն այդպես էլ չեղավ Հայաստանում, սակայն նա 1980-ական թթ. կեսերից այլեւս ի զորու չէր կամ չէր ուզում խոչընդոտել Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ ակտիվացող շփումներին:

Խորհրդային Միության հոգեւարքի շրջանի Հայաստանի բարձրաստիճան մի պաշտոնյա, ով չցանկացավ իր անունը հրապարակել, պատմում է, որ Կեւորկովը ճոխ հյուրասիրություններ էր կազմակերպում Երեւանից Լեռնային Ղարաբաղ այցելող հյուրերի համար, նրանց ճանապարհում էր նվերներով: «Մեր պատմագիր վիպասաններից մեկը, ով հաճախ էր մեկնում Ղարաբաղ եւ Կեւորկովից միշտ ստանում նվերներ՝ կարպետներ, Երեւան հասնելուն պես Կեւորկովին անվանում էր թուրք» (10):

Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ շփումների աշխուժացման առումով շրջադարձային էր Հայաստանի ՊԱԿ-ի ղեկավար Մարիուս Յուզբաշյանի (ով արմատներով Մեծ Շեն գյուղից էր) այցը Ղարաբաղ: Վլադիմիր Թովմասյանն ականատեսի աչքերով նկարագրում է մի դեպք այդ այցելությունից, որը տեղի է ունենում հյուրասիրության ընթացքում ԼՂԻՄ ՊԱԿ-ի ղեկավար Դուբրովինի ներկայությամբ, եւ որն ավելի հակասական ու անտրամաբանական է դարձնում Կեւորկովի անձն ու գործունեությունը:

Յուզբաշյանը բաժակաճառ է ասում. «Լինելով հինավուրց հայկական հողում' ես խմում եմ ղարաբաղցիների եւ ողջ հայ ժողովրդի կենացը: Բնականաբար, դա չի վերաբերում արտասահմանում բնակվող դաշնակցականներին եւ նրանց նմաններին»: Կեւորկովը կանգնում է, կոպիտ ձեւով ընդհատում Յուզբաշյանին. «Ես կտրականապես համաձայն չեմ: Ի՞նչ իրավունքով ես մեր ժողովրդին բաժանում հատվածների: Մենք միասնական ժողովուրդ ենք, եւ որեւէ նշանակություն չունի՝ ով որտեղ է գտնվում եւ ինչով զբաղվում»: Կեւորկովի եւ Յուզբաշյանի միջեւ սկսված վիճաբանությունը վերածվում է քաշքշուկի (11):

Յուզբաշյանի ղարաբաղյան այցի արդյունքները երկար սպասեցնել չեն տալիս: Որոշ ժամանակ անց Ստեփանակերտ է ժամանում Հայաստանում հայտնի մարդկանց մի խումբ, որի կազմում էին Երեւանի քաղխորհրդի նախագահ Մուրադ Մուրադյանը, գրող Վարդգես Պետրոսյանը, «Հայտրանսգազի» գլխավոր տնօրեն Գեորգի Թաթարյանը, «Հայոսկի» միավորման պետ Սաբիր Ստեփանյանը: Այս այցի ընթացքում ամենաուշագրավը Կեւորկովի եւ գրող Պետրոսյան մի քանի ժամ տեւած առանձնազրույցն էր, որի ընթացքում Վարդգես Պետրոսյանը Հայաստանի ղեկավարության անունից Կեւորկովին առաջարկում է տեղափոխվել Հայաստան կամ որեւէ քայլ չձեռնարկել ընդդեմ ղարաբաղյան շարժման (12):

Այս պնդումները երկրորդ աղբյուրից ճշտել գրեթե անհնար է, քանի որ Կեւորկովը վախճանվել է, իսկ Յուզբաշյանն ու Պետրոսյանը՝ սպանվել: Թովմասյանը պնդում է, որ Կեւորկովը Շարժման ծավալման մասին չի տեղեկացրել ո՛չ Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղար Քյամրան Բաղիրովին, ո՛չ էլ Մոսկվայում գտնվող Հեյդար Ալիեւին:

Հենց Հեյդար Ալիեւն էր, ով մեծահոգի եղավ ու վերջ դրեց Կեւորկովի բանտային ստորացումներին ու տառապանքներին, երբ վերջինս հեռացել էր Ղարաբաղից: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս Կեւորկովը հայտնվեց բանտում: 1980թ. հերթական անգամ Ստեփանակերտ է ժամանում Ալիեւը, հանդիպումներից մեկի ժամանակ ղարաբաղցի կոմունիստները նրան հիշեցնում են, որ Ադրբեջանի Կենտկոմում ԼՂԻՄ-ից ոչ մի հայ չկա: Ալիեւը Կեւորկովին հանձնարարում է. «Ուղարկեք, ում որ ցանկանում եք, ես նրան կվերցնեմ աշխատանքի»: Ընտրությունը կանգ է առնում Վալերի Աթաջանյանի վրա, ով 7 տարի աշխատում է Ադրբեջանի Կենտկոմի Կենտրոնական կոմիտեում, որից մեկուկես տարին' Ալիեւի, եւս հինգ տարի՝ Բաղիրովի հետ (13):

« 1988թ. փետրվարի 20-ին տեղի ունեցավ հայտնի նստաշրջանը, երկու օր անց' փետրվարի 22-ին, Կենտկոմի տեսուչներին' հիմնականում հայ եւ ռուս, Դեմիչեւի եւ Կոնովալովի հետ նույն ուղղաթիռով գործուղեցին Ստեփանակերտ՝ հանձնարարելով անցկացնել մարզկոմի նիստ եւ հեռացնել Կեւորկովին: Մենք անցկացրինք կուսակցության մարզկոմի նիստ, եւ այդ օրվանից ես մնացի Ստեփանակերտում: Փետրվարի 24-ին Հենրիխ Պողոսյանը դարձավ առաջին քարտուղար, Բորիս Մալկովը' երկրորդ, ես' երրորդ քարտուղար: Եւ՛ Բաքուն, եւ՛ Մոսկվան ուզում էին Կեւորկովին հեռացնել պաշտոնից: Այսինքն' փետրվարի 13-ից հրապարակ դուրս եկած ժողովրդին հանդարտեցնելու նպատակով նշանակեցին նոր ղեկավարի, բայց այնպիսի մեկին, ով ընդունելի կլիներ ժողովրդի համար»,- ասում է Վալերի Աթաջանյանը (14):

Նույն օրը՝ փետրվարի 24-ին, Կեւորկովը հեռանում է Բաքու, որտեղ, չնայած Ադրբեջանի իշխանությունների սուր քննադատություններին, շարունակում է բնակվել Բաքվի իր բնակարանում, որն ավելի նման էր տնային աքսորի: 1992թ., երբ ղարաբաղյան հակամարտությունը արդեն մտել էր պատերազմական փուլ, Կեւորկովը պատրաստվում է տեղափոխվել Մոսկվա:

Մոսկվա հեռանալու թույլտվություն ստանալով' Կեւորկովին հենց օդանավակայանում, մայիսի 24-ին, մի քանի այլ անձանց հետ ձերբակալում են եւ մեղադրում նախկին նախագահ Մութալիբովի՝ երկրորդ անգամ իշխանության գալը կազմակերպելու, ինչպես նաեւ ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղար աշխատած տարիներին մարզում հակաադրբեջանական քաղաքականություն վարելու մեջ:

Տարիներ անց նա պիտի պատմեր, թե ինչպիսի ծաղրուծանակի ու ստորացման է ենթարկվել Բաիլովի բանտում: Երեք անգամ, իր իսկ խոսքերով, ենթարկվում է «քաղաքացիական մահապատժի»: Նրան երեք անգամ բերում են կառափնարան եւ «գնդակահարում»՝ կանգնեցնելով մեկ դեմքով դեպի պատը, մեկ' դեմքով դեպի իր դահիճները: Կրակում են մարտական փամփուշտներով, բայց շեղ» (15):

Կեւորկովի ստորացված գոյությունը Բաքվում շարունակվում է, մինչեւ Ադրբեջանում կրկին իշխանության է գալիս Հեյդար Ալիեւը: Նրանք երկուսն էլ մեկմեկու շատ հարցերում էին պարտական եւ, ի պատիվ Ալիեւի, նա Կեւորկովի համար արեց առավելագույնը: 1993թ. սեպտեմբերի 27-ին նրա ցուցումով Կեւորկովին ազատում են բանտից: Նա տեղափոխվում է Մոսկվա, որտեղ, ոչ առանց Ալիեւի միջամտության, նրան տրամադրվում է բնակարան, եւ Կեւորկովը տեղի միջնակարգ դպրոցներից մեկում սկսում է ուսուցչություն անել՝ պատմության դասեր տալ:

1988թ. փետրվարին Ստեփանակերտի հրապարակում Կեւորկովին պաշտոնից ազատելու մասին լուրը հավաքված ժողովուրդն ընդունում է ցնծությամբ: Նորանշանակ Հենրիխ Պողոսյանը շնորհակալություն է հայտնում իրեն վստահելու առիթով եւ ժողովրդին խնդրում ցրվել տները, դադարեցնել գործադուլները եւ վերադառնալ բնականոն կյանքի՝ մարզի նոր ղեկավարությանը հնարավորություն տալով ակտիվորեն զբաղվել ղարաբաղյան շարժման հարցով:

Բայց, նախքան հայրենիքից Բաքու հեռանալը (Կեւորկովն արմատներով Ղարաբաղի Մարտունու շրջանից էր), նա այցելում է նաեւ մարզային «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրություն՝ հրաժեշտ տալու լրագրողներին: Տեղի լրագրողներից մեկի հիշողության մեջ մնացել է հրաժեշտի պահը. «Բարձրահասակ եւ հաղթանդամ Կեւորկովին, որից Ղարաբաղում շատ-շատերն էին սարսափում, դիմավորեցին այնպես, ինչպես նա էր ժամանակին շփվում մարդկանց հետ՝ անպարկեշտ, կոպիտ արտահայտություններ, բղավոց: Կեւորկովն անմիջապես հետ շրջվեց եւ հեռացավ: Մուտքի մոտ հասած Կեւորկովն իր հետեւում զգաց իրեն տապալելու պատրաստ լրագրողների ամբոխի շնչառությունը: Նա կանգ առավ, ետ շրջվեց. ամբոխը քարացավ տեղում: Ապա նա հանգիստ շրջվեց ու հեռացավ» (16):

Բորիս Կեւորկովը ղարաբաղյան շարժման պատմության մեջ մնաց որպես բացառապես բացասական կերպար: Միգուցե հավանական է, որ հենց դա է մոտ իրականությանը: Անկասկած, նա շատ ու շատ սխալներ է թույլ տվել, բայց նրա ամենաճակատագրական սխալը ժամանակների փոփոխությունը չզգալն էր: Նա, ինչպես եւ շատ կոմունիստներ, այդպես էլ չհասկացան, որ Գորբաչովի գալով ժամանակներն իրոք փոխվում են: Կեւորկովը վաղաժամ հեռացավ կյանքից 1999թ. դեկտեմբերին' այդպես էլ չտեսնելով իր իսկական հայրենիքն ազատ, ինչին, նա, միգուցե եւ ձգտում էր: Ասում են՝ Կեւորկովը թողել է ղարաբաղյան անտիպ հուշեր, որոնք պահվում են նրա ադրբեջանուհի կնոջ մոտ:

Թաթուլ Հակոբյան

Ծանոթագրություններ

1. Վլադիմիր Թովմասյան, «Ղարաբաղյան խճանկար», ռուսերեն, Մոսկվա, 2003թ., էջ 201

2. Վլադիմիր Թովմասյան, «Ղարաբաղյան խճանկար», ռուսերեն, Մոսկվա, 2003թ., էջ 18

3. Վասիլի Աթաջանյան, հեղինակի հետ զրույցից, 13 հունիս, 2006թ., Ստեփանակերտ

4. Բորիս Առուշանյան, հեղինակի հետ զրույցից, 12 հունիս, 2006թ., Ստեփանակերտ

5. Վլադիմիր Թովմասյան, «Ղարաբաղյան խճանկար», Մոսկվա, 2003թ., էջ 200, ռուսերեն

6. Օլեգ Եսայան, հեղինակի հետ զրույցից, 27 մարտ, 2006թ., Երեւան

7. Օլեգ Եսայան, հեղինակի հետ զրույցից, 27 մարտ, 2006թ., Երեւան

8. Ֆադեյ Սարգսյան, հեղինակի հետ զրույցից, 22 մայիս, 2006 թ., Երեւան

9. Վլադիմիր Թովմասյան, «Ղարաբաղյան խճանկար», ռուսերեն, Մոսկվա, 2003թ., էջ 24

10. Բարձրաստիճան հայ նախկին պաշտոնյայի հետ հեղինակի զրույցից, 11 ապրիլ, 2006 թ., Երեւան

11. Վլադիմիր Թովմասյան, «Ղարաբաղյան խճանկար», ռուսերեն, Մոսկվա, 2003թ., էջ 31

12. Վլադիմիր Թովմասյան, «Ղարաբաղյան խճանկար», ռուսերեն, Մոսկվա, 2003թ., էջ 58

13. Վալերի Աթաջանյան, հեղինակի հետ զրույցից, 12 հունիս, 2006թ., Ստեփանակերտ

14. Վալերի Աթաջանյան, հեղինակի հետ զրույցից, 12 հունիս, 2006թ., Ստեփանակերտ

15. Վլադիմիր Թովմասյան, «Ղարաբաղյան խճանկար», ռուսերեն, Մոսկվա, 2003թ., էջ 200

16. Ղարաբաղում հայտնի լրագրողի հետ զրույցից, 17 հունիս, 2006թ., Ստեփանակերտ

Հ. Գ. Առաջիկա ամիսներին տպագրության պատրաստ կլինի հեղինակի «Արցախյան օրագիր» պայմանական վերնագրով գիրքը, որում միահյուսվում են ղարաբաղյան կարգավորման գործընթացը եւ անհետ կորած որդու մոր տառապանքը, պարզ, մարդկային ողբերգությունը եւ հակամարտող երկրներում իշխանության համար պայքարը: «Կեւորկովի ողբերգությունը». այսպես է վերնագրված «Արցախյան օրագրի» այն էջը, որում հեղինակը փորձում է 14 տարի Ղարաբաղը ղեկավարած եւ Հեյդար Ալիեւի անվերապահ աջակցությունը վայելած մարզկոմի առաջին քարտուղարին դնել իր ժամանակի մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter