
«Տեղական հանրաքվեի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին
Խորհրդարանի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի և Վահե Ղալումյանի հեղինակած «Տեղական հանրաքվեի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ կատարելու առաջարկը: Հիմնական զեկուցող Վարազդատ Կարապետյանի խոսքով` նախագծերի փաթեթն արտահերթ ընթերցմամբ են քննարկում, քանի որ Կառավարությունում քննարկվում է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը:
«Մենք` որպես խորհրդարան, պետք է հնարավորություն ունենանք լսել համայնքների կարծիքը, և այդ պատճառով նախագիծը, որը առաջին ընթերցմամբ ընդունել ենք, որոշ փոփոխություններով ներկայացրել ենք: Ընդհանուր տրամաբանությունն այն է, որ համայնքներում, երբ կառավարությունը շրջանառում է վարչատարածքային բաժանման նախագիծ, համայնքներում նախաձեռնող խմբերը հնարավորություն ունենան նախաձեռնել տեղական հանրաքվեներ, և եթե կա ֆինանսավորում, նախաձեռնեն տեղական հանրաքվե, և արդյունքները բերեն խորհրդարան»,- ասաց Վարազդատ Կարապետյանը:
Վարազդատ Կարապետյանի խոսքով` փոփոխություններով բարդացվում է տեղական հանրաքվեի մեխանիզմը` սահմանելով համայնքի բնակչության 50 տոկոսանոց մասնակցության շեմ:
«Հանրաքվեն կհամարենք կայացած, եթե ընտրացուցակներում ներկայացված մարդկանց առնվազն 50 տոկոսը մասնակցի հանրաքվեին»,- ասաց Կարապետյանը:
Նախագծերի համահեղինակի վստահեցմամբ` խորհրդարանը պատրաստ է լսել համայնքների բնակիչների կարծիքը, սակայն այն պետք է լինի ներկայացուցչական, որպեսզի ամեն առիթով չդիմեն այս գործընթացին:
Կարապետյանի խոսքով` փոփոխություններով հնարավորություն է ընձեռվում նաև համայնքների ղեկավարներին տեղերում անցկացնել բաց քննարկումներ և լսումներ` արդյունքները կցելով վարչատարածքային բաժանման նախագծին:
Նախագծերի փաթեթը ստացել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը: Հարակից զեկուցող հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանի խոսքով` փոփոխություններով հնարավորություն է ընձեռվում միավորվող և բաժանվող համայնքների բնակիչների կարծիքը լսել, որը այս պահին լուծում է, սակայն հաստատապես ոչ վերջնական լուծում:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի համար անհասկանալի է, թե ինչու են նախագծերի հեղինակները բարդացնում իրավիճակը:
«Հայտնի է, որ գյուղական համայնքներում բնակիչները մեծ մասամբ մեկնում են արտագնա աշխատանքի, մենք արհեստական խնդիր ենք ստեղծում, այս բարդացումը լուրջ խնդիր կարող է լինել քվորում ապահովելու տեսանկյունից, միգուցե առաջարկվեր տվյալ համայնքի վերջին ընտրությանը մասնակցած մասնակիցների հիսուն տոկոսը, հակառակ դեպքում կարող ենք ընդհանրապես չունենալ հանրաքվե»,- ասաց նա:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով` ցանկացած օրենք պետք է նպատակ ունենա և կիրառվի:
«Սա օրենք է, որը նպատակը չի արդարացնելու, օրենքը պետք է ունենա հստակություն, իմպերատիվ կատարման իմաստ, թե չէ օրենք ենք ընդունում, որը սոցհարցման է նման, հանրաքվեի ինստիտուտը բոլորովին այլ տրամաբանություն ունի»,- ասաց նա:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի կարծիքով նախագծերը հավելյալ պարզաբանումների կարիք ունեն. «Օրինակ, էլեկտրոնային մասնակցությունն ինչպես ենք ապահովելու, սրա մասով ինչ կառուցակարգեր կան, որ կիրառենք, որպեսզի մասնակցային կարողանանք դարձնել հանրաքվեն»,- ասաց նա:
Նախագծերի փաթեթը, սակայն, այս տեսքով ներկայացվեց քվեարկության, և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց 94 կողմ, 18 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Մեկնաբանել