HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է՝ ավագանու թեկնածուներին առաջադրել կուսակցական ցուցակներով 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախագիծ է քննարկման ներկայացրել, որով նախատեսվում է մի շարք փոխություններ կատարել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

Մասնավորապես՝ նախարարությունն առաջարկում է մինչ 4 000 և դրանից ավելի ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում կատարել անցում համայնքի ավագանու ընտրության համամասնական ընտրակարգի։ Այսինքն՝ ընտրողներն իրենց ձայնը կտան առանձին կուսակցություններին, արդյունքում՝ այդ ձայների տոկոսային հարաբերակցությամբ կընտրվեն ավագանու անդամները։

Նախարարությունը կարծում է, որ այդ կերպ համայնքի ավագանու համար կընձեռվեն մրցակցային պայմաններ, կապահովվի լայն  քաղաքական ներգրավվածություն և ուժերի հարաբերակցություն:

Առաջարկվում է նաև համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության կառուցակարգեր։ Մասնավորապես՝ համայնքի ավագանին իր կազմից կընտրի և կնշանակի համայնքի ղեկավարին։ Նախարարությունը կարծում է, որ այդ կերպ համայնքի ղեկավարն իր հերթին պատասխանատվություն կկրի համայնքի ավագանու առջև:

Նշենք, որ 2016 թվականին կատարված օրենսդրական փոփոխությամբ՝ համամասնական ընտրակարգ գործում էր միայն Երևանում, Գյումրիում և Վանաձորում։ Մնացած համայնքներում մեծամասնական ընտրակարգ էր։

4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանին հնարավարություն կունենա պաշտոնանկ անել համայնքի ղեկավարներին՝ անվստահություն հայտնելով: «Այն ոչ միայն կհանդիսանա որպես փոխզսպման մեխանիզմ ավագանու և համայնքի ղեկավարի փոխհարաբերություններում, այլև հնարավորություն կընձեռի լիարժեքորեն ապահովելու սահմանադրական նորմի իրացումը, այն է՝ «Համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջև»»,-քննարկման ներկայացված որոշման նախագծում նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Նախարարությունը համամասնական ընտրակարգի տարածումը 4000 և ավելի ընտրող ունեցող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վրա պայմանավորվել է այն հանգամանքով, որ իրատեսական կհամարվի տեղական ընտրություններում քաղաքական մրցակցության ձևավորումը, կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների հետաքրքրվածությունը տեղական ընտրություններին հայտ ներկայացնելու և կուսակցական ցուցակներով ավագանու թեկնածություններ առաջադրելու իմաստով:

Նախարարությունը հայտնել է, որ համայնքների ընտրողների թվաքանակի վիճակագրությունը ցույց է տալիս, որ համայնքների զգալի մասն ունի 4 000-ից ավելի ընտրողներ, այդ իսկ պատճառով արժանահավատ կլինի համայնքի ավագանու համամասնական ընտրակարգի անցումը սահմանել հենց նշված կատեգորիայի համայնքների մասով: «Բացի այդ, համամասնական ընտրակարգի անցման սահմանումը  4 000 և ավելի ընտրող ունեցող համայնքների մասով, հնարավորություն կընձեռի համայնքների գերակշիռ մասում ունենալ համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի և վերջինիս կողմից ընտրվող համայնքի ղեկավար»,-ընդգծել է նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter