HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն անդրադարձել է երեխաների ապօրինի որդեգրման հետ կապված քրգործին

Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում երեխաների ապօրինի որդեգրման հետ կապված հարուցված քրեական գործին. «Ճիշտն ասած, երբ օգոստոսի 16-ին, հաշվի առնելով հանրային բազմաթիվ ահազանգերը, կառավարությունում, շահագրգիռ գերատեսչությունների կազմով խորհրդակցություն անցկացրեցինք, տրվեցին հանձնարարականներ ԱԱԾ-ին, ոստիկանությանը, անկեղծ ասած, մարդկայնորեն չէի կարողանում հավատալ, որ այս թեմայով կլինեն կոնկրետ բացահայտումներ: Փաստն այն է, որ ունենք ձերբակալված անձինք: Իհարկե, ՀՀ օրենսդրությամբ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի կարող խախտվել, բայց եթե այդպիսի գործողություններ արվել են, նշանակում է կան առնվազն կասկածելու հիմքեր»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ գործը բավական էմոցիոնալ արձագանք է առաջացրել հանրության շրջանում, բայց կարևոր է, որ գործի քննությունը լինի առանց էմոցիաների, ամբողջական: «Կարևոր է հասկանալ, թե ի՞նչպես է պատահել, որ Հայաստանի Հանրապետությունում նման մեխանիզմ է գործել: Կասկածներ կան, որ դա երկար տարիներ է գործել: Պետք է ամբողջական քննություն տարվի, որպեսզի այս գործն իր բոլոր մետաստազներով լիարժեք բացահայտվի:

Ուզում եմ մի այսպիսի խոստովանություն էլ անել: Շատ դեպքերում, երբ ահազանգերը ստանում էինք, երբեմն ոչ այնքան ադեկվատ, պոռթկումների տպավորություն էր թողնում, բայց հիմա, երբ հետահայաց նայում ենք, գուցե թե մեր գնահատականն այնքան էլ ճիշտ չի եղել: Պետք է այնպես անել, որ բոլոր հնարավոր կասկածները փարատվեն ու մենք իսկապես արձանագրենք, որ այդ ամոթալի էջը փակել ենք իր բոլոր իրավական հետևանքներով»,- նշել է վարչապետը:

Հեղափոխական նշանակության փոփոխությունների մեկնարկ՝ առողջապահության ոլորտում

Առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներով պայմանավորված՝ գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Արդյունքում՝ կապահովվի պետության երաշխավորած անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային օղակում իրականացվող բժշկական օգնության ու սպասարկման առավել հասանելիությունը, կստեղծվի ճկուն մեխանիզմներ՝ դեպքերի ֆինանսավորումն իրականացնելու և չփոխհատուցվող դեպքերը բացառելու, հերթգրման մեխանիզմները կատարելագործելու ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է վերանայել պետբյուջեի «Առողջապահություն» բաժնի առանձին ծրագրերով փոխհատուցման սկզբունքները և ներդնել ֆինանսավորման պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքը: Այդ դեպքում պետության երաշխավորած անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ», «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» և «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրերի շրջանակում մատուցված ծառայությունների դիմաց ֆինանսական փոխհատուցումը կիրականացվի փաստացի կատարված աշխատանքների ծավալին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան տվյալ ծրագրի համար ՀՀ պետբյուջեով սահմանված տարեկան գումարը:

Որոշմամբ առաջարկվում է նաև նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող շահառուների ցանկում ընդգրկել ևս մեկ խումբ` ավելացնելով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձանց, ինչպես նաև ընդլայնել ախտորոշված չարորակ նորագոյացություններով 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժումից պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցողների շրջանակը: Ընդլայնվում է նաև «Ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում» ծրագրից պետպատվերի շրջանակում օգտվելու իրավունք ունեցող շահառուների շրջանակը: Փոփոխության արդյունքում 2020 թ-ից ծրագրի շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում կարող են ստանալ մինչև 18 տարեկան բոլոր երեխաները` նախկին մինչև 7 տարեկան և սոցիալապես անապահով ու առանձին/հատուկ/ խմբերում ընդգրկած երեխաների փոխարեն:

Վարչապետն ընդգծել է որոշման ընդունման կարևորությունը և նշել, որ դրանով տրվում է 10 տարի շարունակ քննարկվող թեմաներից մեկի մերկարկը: «Միշտ ասվում էր և արդարացիորեն, թե ինչու եք պետպատվերի գումարները տալիս հիվանդանոցներին: Մարդը թող ինքն ընտրի, թե իրեն հասանելիք պետպատվերով ծառայությունը որ հիվանդանոցում ստանա: Ըստ այդմ՝ պետական բյուջեից գումարը փոխանցվի այդ հիվանդանոցին: Այս հարցը երկար ժամանակ ՀՀ-ում չէր լուծվում, դրա համար կային և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառն այն էր, որ, այնուամենայնիվ, պետպատվերի համար հատկացված գումարները չէին բավականացնում պետպատվերի բոլոր շահառուներին սպասարկելու համար: Նախկինում էլ այդպիսի դեպքեր եղել են, երբ հիվանդանոցին տրվել է պետպատվերի, ենթարենք, 100 մլն դրամ, և այդ 100 մլն դրամն ավարտվել է տարվա կեսին՝ սեպտեմբերին, հոկտեմբերին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ հարցն ունի նաև շատ կարևոր քաղաքական նշանակություն. «Միշտ հարց է ծագում, դրա շուրջ փոթորիկներ են լինում, թե ինչո՞ւ այս հիվանդանոցին տրվեց այսքան, մյուս հիվանդանոցին տրվեց այնքան, ինչու այս հիվանդանոցին հատկացվող գումարը ավելացվեց, ինչու այս հիվանդանոցինը՝ պակասեցվեց: Երբ մենք այս համակարգն ամբողջությամբ ներդնենք, այս խոսակցությունն ուղղակի արմատախիլ կլինի, որովհետև այլևս նախարարը և կառավարությունը չեն որոշի, թե որ հիվանդանոցը պետպատվերից ինչքան գումար է ստանում: Դա կորոշի քաղաքացին, ով այդ ծառայությունը ստացել է, և առողջապահական հիմնարկները ստիպված կլինեն նաև բարձրացնել իրենց կողմից մատուցվող ծառայությունների որակը, մանավանդ, որ մենք այդ ծառայությունների գները նույնպես ավելացրել ենք: Կարծում եմ, որ սա առողջապահական ոլորտում հեղափոխական նշանակության փոփոխություն է, որը մեկնարկել է»:

Միջոցները պետք է ուղղել նպատակային, գյուղատնտեսության մեջ բովանդակային փոփոխություն բերող վարկավորմանը. վարչապետ

Գործադիրը հաստատել է «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թթ. ռազմավարությունը:

Առաջիկա տասը տարիների տեսլականն է գյուղական տարածքների ներառական զարգացումը և բարգավաճումը, գյուղական երիտասարդության զբաղվածության ապահովումը, կլիմայական փոփոխություններին հարմարվողականությունը, երկրի բնական ռեսուրսների կայուն օգտագործումը, պարենային ապահովության բարելավումը և սննդամթերքի անվտանգության լավագույն համակարգի ներդնումը, գյուղատնտեսական բարձրարժեք ապրանքների արտահանման խթանումը։ Արդյունքում նախատեսվում է ավանդական փոքրածավալ արտադրությունից անցում կատարել դեպի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած, շուկայի զարգացմանը միտված և բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսության։ Կայուն զարգացման ռազմավարությունը հիմնված է յոթ սկզբունքների վրա և միտված է ներառական աճին, գենդերային հավասարությանը և ինստիտուցիոնալ կայունությանը: Այդ սկզբունքները վերածվելու են նպատակների և դրանցից բխող միջոցառումների՝ հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտի գերակայությունները։

Կառավարության մեկ այլ որոշմամբ վերաբաշխում է կատարվել պետբյուջեի շրջանակում՝ գյուղատնտեսության աջակցության ծրագրերի միջև: Մասնավորապես, «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրն իրականացվում է նախատեսվածից ավելի մեծ ծավալով: Գյուղական ֆինանսավորման կառույցի կողմից ներկայացված տվյալների համաձայն, 2019 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ տրամադրվել է շուրջ 32.8 մլրդ դրամ գումարով 8380 միավոր վարկ նախատեսված 21.7 մլրդ դրամ գումարով 5094 միավոր վարկի փոխարեն: Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել պետական բյուջեից սուբսիդավորվող տոկոսների գումարն ավելացնել 100 մլն դրամով: Ծրագրով՝ ընդհանոր բնույթի աջակցություն է ցուցաբերվում գյուղացիական տնտեսություններին: Վարկի նվազագույն գումարը կազմում է 3 մլն դրամ, առավելագույնը՝ 15 մլն դրամ: Կառավարությունը սուբսիդավորում է 12 տոկոսային կետից 7-ը:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր խնդիրն է, այսպես ասած, ավանդական վարկավորման այդ փաթեթից միջոցներն ուղղել նպատակային, մեր գյուղատնտեսության մեջ բովանդակային փոփոխություն բերող վարկավորմանը: Սա շատ կարևոր է, և մենք սրա համար ամեն ինչ պետք է անենք: Իհարկե, հասկանալի է, որ այդ բովանդակային ծրագրերի մեծ մասն այս տարի ենք սկսել, դա դեռ պետք է արագություն հավաքի: Բայց մենք պետք է շատ կոնկրետ այս խնդիրը լուծենք, որովհետև այս վարկավորման մեջ ավանդական ցիկլը, ցավոք, շատ է լինելու՝ վարկ վերցրեցի, ցորեն ցանեցի, կարկուտը տարավ, հիմա նոր վարկ պիտի վերցնեմ, որ հինը փակեմ, հետո նորից ցորեն ցանեմ, տեսնեմ կարկուտը կտանի՞, թե՞ ոչ: Դրա համար հիմա պետք է բովանդակային փոփոխություն, ապահովագրություն և այլն: Ընդհուպ մինչև նախորդ օրը, ռազմավարության շրջանակում քննարկել ենք, որ գյուղացիներին պետք է նաև բովանդակային օժանդակություն ցույց տանք, որովհետև այդ հուսահատ ցիկլը միևնույն է չի հաղթահարվի, եթե գործիքակազմի, գիտելիքի հմտության և իմացության փոփոխություն տեղի չունենա: Լավ, մի տարի կարող է կարկուտ չգա, նույնիսկ երկու տարի, բայց սրանով իրականությունը, գյուղացու կենսամակարդակը չի փոխվելու, հետևաբար, այստեղ էլ կրթական խնդիրը շատ կարևոր է: Ընդ որում, կրթություն ասելով՝ պետք է հասկանալ ոչ միայն ակադեմիական գիտելիքը. հողից շահույթ ստանալու գիտելիքը նույնպես շատ կարևոր է»:

2020թ. ՀԴՄ-ների չտրամադրման դեմ պայքարը կրկնակի, եռակի, քառակի անգամ ուժեղանալու է. վարչապետ

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել ԱԺ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Ներկայացված նախագծով առաջարկվում է մեղմել ՀԴՄ կիառության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքի չափը, մասնավորապես՝ հանրային սննդի ոլորտում: Ներկայացնելով մի շարք դիտարկումներ՝ գործադիրը նախագիծը ներկայացված ձևով ընդունելը համարել է ոչ նպատակահարմար:

Հաշվի առնելով նաև այն, որ ՀՀ կառավարության ծրագրով, որպես ծրագրային դրույթ, ամրագրվել է ստվերային շրջանառությունների կրճատումը և նշյալ ծրագրային խնդրի լուծման համար առանձնակի կարևորվել է տնտեսությունում բոլոր գործարքների լիարժեք փաստաթղթավորման ապահովումը՝ կառավարությունը գտնում է, որ ՀԴՄ-ների կիրառության խախտումների մասով իրականացվող քաղաքականությունը պետք է ունենա տրամագծորեն հակառակ ուղղվածություն: Մասնավորապես, անհրաժեշտ է համարվում ավելի խստացնել ՀԴՄ-ների կիրառության կանոնները խախտելու համար սահմանված պատասխանատվության միջոցները՝ զուգահեռաբար կատարելագործելով նաև դրանց կիրառության ընթացակարգերը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով քննարկվող հարցին, ընդգծել է. «Մենք ՀԴՄ կտրոններ չտրամադրելու համար ունենք տուգանքի երկու մակարդակ: Հանրային սննդի ոլորտում մեկ անգամ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար 600 000 դրամ, իսկ մյուս ոլորտներում 150 000 դրամ տուգանք է: Ազգային ժողովի պատգամավորներն առաջարկում են այն հավասարեցնել և հանրային ոլորտի սննդի համար ևս տուգանքը դարձնել 150 000 դրամ: Մենք ասում ենք՝ համաձայն ենք, որ հավասար սկզբունք լինի, բայց տվյալ դեպքում իջեցնելը որևէ պարագայում հակասում է մեր քաղաքական ուղերձներիրն: Մենք ասում ենք, որ 2020թ. ՀԴՄ-ների չտրամադրման դեմ պայքարը կրկնակի, եռակի, քառակի անգամ ուժեղանալու է»:

Վարչապետը տուգանքի իջեցումը բացարձակապես անընդունելի է համարել, բարձրացումը՝ ընդունելի. իսկ եթե չկա կոնսենսուս, ավելի լավ է օրենսգիրքը թողնել անփոփոխ:

«ՀԴՄ կտրոն չտալու որևէ փորձ ուղղակի գողություն է Հայաստանի Հանրապետությունից, ժողովրդից և սա պետք է շատ խստագույնս կասեցվի: Հետևաբար, կարծում եմ՝ ունի տրամաբանություն, որ մենք առաջարկենք, այո՛, հավասարեցնել՝ 150 000 դրամը դարձնելով 600 000 դրամ: Այս պարագայում արդար քրտինքով աշխատող ոչ մի մարդ չի տուժի, եթե օրենքով աշխատի»-ասել է կառավարության ղեկավարը:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվի ավելի քան 200 նոր աշխատեղ

«Էյ Բի Սի տեքստիլ» ՍՊԸ-ի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություն է կատարել ընկերությանը մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշման մեջ: 2017 թվականից գործող ընկերությունն առաջին փուլով ներմուծել է հումք` տեքստիլի արտադրության համար (սրբիչների արտադրություն), որոնց համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 7 մլրդ ՀՀ դրամ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 10.5 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ: Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 60 նոր աշխատատեղ և իրականացվել 1,823,702,113 ՀՀ դրամի ներդրում:

Կառավարության համապատասխան որոշումներով բավարարել է «ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ի, «Ջիարփի սիսթեմս» ՓԲԸ-ի ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

«ԱՍԷԴԼ» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է այլումինե, մետաղապլաստե տարատեսակ լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրության համար, ապակու (թրծում, լամինապատում, անցքերի փորվածքներ, եզրերի հղկում), մետաղապլաստե, ալյումինե դռների և պատուհանների արտադրություն: ՀՀ-ում առաջին անգամ իրականացվելու է էներգախնայող ապակիների մշակում (ք. Երևան)։ Արդեն իսկ իրականացվել է 95.6 մլն դրամի ներդրում: Նախատեսվում է իրականացնել 870 մլն դրամի կապիտալ ներդրում (տարածքների ձեռքբերում և վերանորոգում, նոր սարքավորումների ձեռքբերում): Ներկայումս առկա է 170 աշխատատեղ, կստեղծվի 80-100 նոր աշխատատեղ` 160,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 7.5 մլրդ դրամ, որից 3.5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2 մլրդ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 7,559,830,800 դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 869,558,634 դրամ:

«Ջիարփի սիսթեմս» ընկերությունը ներմուծվող ապրանքները օգտագործելու է ապակեմանրաթելային խողովակների արտադրության համար (Կոտայքի մարզ)։ Արդեն իսկ իրականացվել է 4.8 մլրդ դրամի ներդրում` գործարանի հիմնադրման և հզորությունների ընդլայնման նպատակով ձեռք բերված սարքավորումների համար: Տեղադրվել են խողովակների արտադրության երկու հոսքագիծ: Նախատեսվում է իրականացնել 10.7 մլրդ դրամի ներդրում ցանկում նշված հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 30 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 30 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 13 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10.7 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 914 մլն դրամ:

Մեկ այլ որոշմամբ էլ «Արմֆիլտր» հայ-գերմանական համատեղ ձեռնարկությունը կօգտվի ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: 2019 թվականին հիմնադրված ընկերությունը զբաղվում է արդյունաբերական ֆիլտրերի, ֆիլտր էլեմենտների արտադրությամբ, որոնք օգտագործվում են արդյունաբերական և նավատորմի հատուկ տեխնիկայի համար։ Ընկերությունը սարքավորումներ և նյութեր պետք է ներմուծի Գերմանիայից: 2020 թ-ից ընկերությունը կիրականացնի արտահանում ԵԱՏՄ և երրորդ երկիր: 2020 թվականի ընթացքում արտահանման կանխատեսվող ծավալը կազմում է 145 մլն դրամ, որի մեկ երրորդը կարտահանվի ԵԱՏՄ երկրներ, մնացած մասը` երրորդ երկիր: Հետագա տարիների ընթացքում կանխատեսվում է արտահանման ծավալների աճ: Ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 580 մլն դրամի չափով ներդրում, որից հիմնական միջոցների ձեռքբերման համար նախատեսված գումարը կազմում է շուրջ 230 մլն դրամ, իսկ հումք և նյութեր ձեռք բերելու համար նախատեսված գումարը կազմում է շուրջ 350 մլն դրամ։ Ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 26 նոր աշխատատեղ` 150-160 հազ․ դրամ միջին աշխատավարձով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter