
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ռազմիկ Աբրահամյանին ձերբակալելու որոշումը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, քիչ առաջ ոչ իրավաչափ է ճանաչել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի» հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի ձերբակալման որոշումը: Այս մասին ասաց Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը:
Նշենք, որ Աբրահամյանը ձերբակալվել է երեկ՝ օտարերկրյա որդեգրումների գործընթացում առկա չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։ Բացի նրանից ձերբակալվել է ևս երեք անձ:
Աբրահամյանի պաշտպանը նշեց, որ թեև ձերբակալման՝ ոչ իրավաչափ լինելու մասին որոշումն իրենց մոտ է՝ Աբրահամյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որտեղ շարունակելու է մնալ:
Սամվել Դիլբանդյանի խոսքով՝ Ռազմիկ Աբրահամյանը որևէ անձի հետ չի առերեսվել, նրան անգամ քրեական գործի շրջանակներում որպես վկա ցուցմունք տալու չեն հրավիրել:
Մեկնաբանել