HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Հայաստանը չի կարողանում կողմնորոշվել` Լիբանան խաղաղարարներ ուղարկե՞լ, թե՞ ոչ

Հայաստանն իր վերջնական որոշումը չի կայացրել Լիբանան խաղաղապահներ ուղարկելու կապակցությամբ: Այդ մասին հինգշաբթի օրը' սպետեմբերի 14-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նախքան շիա արմատական «Հեզբոլլա» խմբավորման եւ Իսրայելի կանոնավոր ուժերի միջեւ պատերազմը Լիբանանը Հայաստանից խնդրել էր ուղարկել ականազերծման մասնագետներ' սակրավորներ: 2000 թվականին, երբ իսրայելական զորքերը հեռացել էին Լիբանանի հարավից, իրենց հետեւից թողել էին ցանված ականներ:

«Այդ խնդիրը Լիբանանում կա, եւ քանի որ Հայաստանն այդ հարցում բավական փորձ ունի, մեզ ժամանակին խնդրել էին (սակրավորներ ուղարկել): Հետագայում, երբ իրավիճակն ամբողջությամբ հսկողության տակ կլինի, կարող է նաեւ Հայաստանն այդ ոլորտում իր մասնակցությունը բերի, այնպես որ, այս հարցում քննարկումները շարունակվում են»,- ասաց նախարարը:

Օսկանյանը հաստատեց, որ լիբանանահայ համայնքից խաղաղապահներ ուղարկելու որոշ կոչեր եղել են: «Մենք համայնքի կոչը հաշվի առնում ենք եւ երկխոսության մեջ ենք համայնքի ներկայացուցիչների հետ: Համոզված եմ, որ, ի վերջո, ճիշտ որոշում կկայացվի: Նման խնդիրները չեն կարող ինքնանպատակ լինել, մեր գնալն այնտեղ ինչ-որ նպատակի պետք է ծառայի, հենց որ այդ նպատակը հստակեցվի, Հայաստանն իր վերջնական որոշումը կկայացնի»,- ընդգծեց Օսկանյանը' հավելելով, որ պետք է առավել հստակեցվեն եւ՛ մանդատի, եւ՛ տեղակայման աշխարհագրությունը, որպեսզի հնարավոր լինի վերջնական որոշում կայացնել:

Ավելի վաղ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանն ասել էր, որ «...այս պահի դրությամբ Հայաստանը չի պատրաստվում իր զորախումբը ներկայացնել իսրայելա-լիբանանյան հակամարտության գոտում խաղաղարար առաքելություն իրականացնելու համար»: Թե ինչու է պաշտոնական Երեւանը նման որոշում ընդունել, նախագահի մամուլի խոսնակը ներկայացրել էր երկու հիմնական պատճառ:

«Նախ' խաղաղարար ուժերի մանդատը վերջնական հստակեցված չէ, եւ այդ պարագայում, հաշվի առնելով, որ հայկական զորամիավորումն առանց այն էլ այլ երկրների կողքին լուրջ դերակատություն չի կարող ունենալ, հարցի քննարկումը հավելյալ բարդություններ է ստեղծում: Երկրորդ' Հայաստանը չի կարող չմտահոգվել Լիբանանի հայ համայնքի շահերով' հասկանալով, որ տարբեր բախումներում հայ խաղաղապահների մասնակցությունը կարող է խնդիրներ առաջացնել հայ համայնքի համար: Այս նկատառումներով պայմանավորված' հայ խաղաղապահներն առայժմ չեն մասնակցի իսրայելա-լիբանանյան հակամարտության գոտու խաղաղարար առաքելությանը»,- ասել էր Սողոմոնյանը:

Լիբանան խաղաղարարներ ուղարկել-չուղարկելու' պաշտոնական Երեւանի քայլերում անհասկանալի են մի քանի հարցեր: Նախ' ի՞նչ է նշանակում մանդատը վերջնականապես հստակեցված չէ: Այս հարցում կա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը: Այդ ինչու՞ է մանդատի հարցը հստակեցված Եվրամիության մի շարք երկրների, Թուրքիայի համար, որոնք ուղարկել կամ առաջիկա օրերին իրենց զորախմբերն են ուղարկելու Հարավային Լիբանան, իսկ մերոնք չեն կարողանում բանաձեւ կարդալ: Երկրորդ' եթե Իրաք զորախումբ ուղարկելն իր մեջ պարունակում էր վտանգներ' հաշվի առնելով, որ Մ. Նահանգները օկուպացրել է Իրաքը (հենց այդպիսին է իրաքցիներ մեծ մասի ընկալումը), ապա Լիբանանի դեպքում խաղաղարարությունը տեղի է ունենում ՄԱԿ-ի հովանու ներքո: Եվ երրորդ' մինչ մերոնք վերջնական որոշում կկայացնեն Լիբանան խաղաղարարներ գործուղելու մասին, լիբանանյան թեման արդեն չի լինի աշխարհի առաջատար հեռուստաընկերությունների էկրանին, ինչը եւս կարեւոր է արտաքին էֆեկտի առումով:

Երեւանի պետհամալսարանի դասախոս եւ Սիրիայում ու Լիբանանում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանը չի կարող անտարբեր հետեւել Լիբանանում ընթացող իրադարձություններին, քանի որ այնտեղ մենք ունենք բավականին մեծ համայնք եւ կաթողիկոսարան:

«Այնտեղ մենք ունենք համայնք, որի մի մասը դարձել է փախստական, կորցրել տները: Կասեք' խաղաղապահությունը ի՞նչ կապ ունի: Շատ մեծ կապ ունի, որովհետեւ հայ զինվորի ներկայությունը Լիբանանում կնշանակի, որ մեր համայնքը իրեն ավելի ապահով է զգում: Խաղաղարարներ ուղարկելու դեպքում մեր շահերը շատ են, իսկ կորուստնե՞րը: Իմ կարծիքով' ոչ մի կորուստ: Ես կարող եմ վիճել ցանկացած մարդու հետ, ով կասի, թե ինչ-որ երկրի հետ հարաբերությունները կփչանան, մեկ ուրիշ երկիր կսկսի մեզ վատ վերաբերվել»,- ասաց Հովհաննիսյանը:

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը եւս համոզված է, որ մեր երկիրը պիտի անպայման մաս կազմի խաղաղապահ ուժերի կազմում' հստակեցնելով Հայաստանի մասնակցության ճիշտ ձեւը:

«Ես տեսնում եմ, որ մեր ուժերը պետք է մասնակցեն, բայց պետք է մասնակցության ճիշտ ձեւը գտնել: Հայաստանը պետք է մասնակցի թիկունքային մասով, դա կարող են լինել մեր սակրավորները»,- ասաց Հարությունյանը:

Ե՛վ դեսպան Հովհաննիսյանը, եւ՛ ՊՆ նախկին նախարար Հարությունյանն ընդգծում են, որ եթե անգամ պաշտոնական Երեւանը որոշում կայացնի զորախումբ ուղարկել Լիբանան, ապա դա երբեք չպետք է ունենա «Հեզբոլլային» զինաթափելու նպատակ:

Հարավային Լիբանան խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին որոշում չեն ընդունել նաեւ Հարավային Կովկասի մյուս երկու պետությունները' Վրաստանը եւ Ադրբեջանը: Մասնավորապես, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ այդ հարցը պետք է լրացուցիչ ուսումնասիրվի:

Առաջին հայացքից կարող է անհասկանալի եւ որոշ իմաստով նաեւ անհեթեթ ընկալվել հարավկովկասյան երկրների' աշխարհի տարբեր անկյուններում խաղաղարար առաքելություններին ընդհանրապես մասնակցելու նպատակահարմարությունը' հաշվի առնելով, որ Հարավային Կովկասն ինքը կարիք ունի խաղաղարարների, քանի որ այս տարածաշրջանում կան «սառեցված» երեք լուրջ եւ երբեմն անլուծելի թվացող հակամարտություններ:

Աշխարհի տարբեր անհանգիստ վայրեր խաղաղապահ ուժեր ուղարկելու Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի քաղաքականությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Նախ եւ առաջ, այս հարցում երեք երկրներին ոգեւորում եւ աջակցում է, այդ թվում նաեւ ֆինանսապես, Միացյալ նահանգները, որը Հարավային Կովկասն ու Կասպյան ավազանը այլեւս հռչակել է իր կենսական շահերի գոտի: Դժվար է հավատալ, թե Հայաստանը ներկայացված կլիներ Կոսովոյում, եւ հատկապես' Իրաքում, եթե չլիներ Միացյալ նահանգների «խորհուրդը»:

Երկրորդ' խաղաղարար առաքելություններին մասնակցելը հարավկովկասյան երկրների համար ինչ-որ տեղ դարձել է միմյանց միջեւ մրցակցության, ինչու չէ' նաեւ Միացյալ նահանգներին դուր գալու խնդիր: Այս առումով առաջատարն, անշուշտ, Վրաստանն է, որն իր արտաքին քաղաքականությունն իրականացնում է տարածաշրջանում Վաշինգտոնի շահերին համահունչ:

Երրորդ' խաղաղարար առաքելություններին մասնակցելով' ինչպես Վրաստանն ու Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը փորձում են միջազգային ասպարեզում բարձրացնել իրենց հեղինակությունն ու վարկը, ինչը շատ բնական եւ արդարացված ձգտում է:
Հայերը, ադրբեջանցիները եւ վրացիները Կոսովոյում

Առաջին խաղաղարար առաքելությունները Հարավային Կովկասի երեք երկրները սկսել են Կոսովոյում: Եթե Վրաստանն ու Ադրբեջանը իրենց գումարտակները դրել են թուրքական զորքերի հրամանատարության տակ, ապա 31 հոգանոց հայկական զորախումբը խաղաղապահ առաքելությունն անց է կացնում հունական հրամանատարության կազմում' Միացյալ նահանգների պատասխանատվության գոտում:
Հայերը, ադրբեջանցիները եւ վրացիները Իրաքում

Կոսովո հայկական զորախումբ ուղարկելու հարցը լուրջ ընդդիմություն չառաջացրեց հասարակական-քաղաքական շրջանակներում, մինչդեռ Իրաքի դեպքում պաշտոնական Երեւանը կատարեց բավականին բարդ ընտրություն: Լուրջ մտահոգություն կար, թե հայ խաղաղարարներն ու իրաքահայ համայնքը կդառնան ծայրահեղականների հարձակումների թիրախ: Հայկական զորախումբ ուղարկելուն դեմ էր նաեւ իրաքահայ համայնքը, սակայն Հայաստանը, առաջին հերթին Միացյալ նահանգների «դրդումով», կատարեց վերջնական ընտրություն եւ Իրաք ուղարկեց 46 հոգանոց խումբ' բժիշկներ, սակրավորներ եւ վարորդներ:

Երեւանը բազմիցս նշել է, որ, իրականացնելով խաղաղապահ առաքելություն հետպատերազմյան Իրաքում, Հայաստանն իր առջեւ չի դնում լուծել որեւէ ռազմական խնդիր: Հայերի խաղաղապահ առաքելությունը հետապնդում է բացառապես մարդասիրական նպատակ' բուժօգնություն, ականազերծում եւ մարդասիրական բեռների տեղափոխում: Իրաքում հայ խաղաղարարները տեղակայվել են լեհական ուժերի պատասխանատվության գոտում: Վրացական եւ ադրբեջանական ուժերը գտնվում են Միացյալ նահանգների պատասխանատվության գոտում' Իրաքի կենտրոնական եւ հյուսիսային հատվածում:

Դժվար ընտրություն կատարեց նաեւ Ադրբեջանը, որը շարունակում է մնալ այն մի քանի մահմեդական երկրներից, որը միացել է ԱՄՆ-ի գլխավորած բազմազգ ուժերի կոալիցիային: Եթե Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությունը Իրաքի խաղաղապահ առաքելությանը որոշ իմաստով կրում է խորհրդանշական բնույթ, ապա Վրաստանի ներդրումը բավականին լուրջ է' մոտ 850 զինվորական: Հայաստանը, ինչպես նշեցինք, Իրաքում պահում է 46 հոգանոց, իսկ Ադրբեջանը' 150 հոգանոց կոնտինգենտ: Անշուշտ, այս հարցում Վրաստանին բացահայտ օժանդակում է Վաշինգտոնը, այլապես Վրաստանի բյուջեն ուղղակի չէր դիմանա նման շռայլություններին: Նշենք, որ սովորաբար խաղաղարար առաքելություն իրականացնող երկիրն ինքն է վճարում իր զինվորներին, հատկապես երբ դա տեղի է ունենում ՄԱԿ-ի հովանու ներքո:
Ադրբեջանցիները եւ վրացիները Աֆղանստանում

Ի տարբերություն Հայաստանի, հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը մասնակցում են եւս մեկ խաղաղարար առաքելության' Աֆղանստանում: Այս դեպքում ադրբեջանցիների եւ վրացիների մասնակցությունը խորհրդանշական բնույթ է կրում: Մոտ երկու տարի առաջ մի առիթով, երբ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին հարցրեցինք, թե ինչու մեր երկիրը եւս չի մասնակցում Աֆղանստանի խաղաղապահ առաքելությանը, նա պատասխանեց, որ այդ հարցը քննարկվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter