HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Ոչ թե համայնքի համար, այլ միասին` հանուն համայնքի». «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն ամփոփում է անցնող տարին

Գյումրու «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի վերջին 10 տարիների գործունեությունը Շիրակի մարզում միտված է գյուղական համայնքներում միջավայրի փոփոխությանն ու նոր մշակույթի ձեւավորմանը, համայնքներին հուզող հարցերի մասնակցային քննարկմանը, որոշումների կայացմանը եւ դրանց ներկայացմանը տեղական ինքնակառավարման մարմիններին, սոցիալական, փոքր բիզնես-ծրագրերի իրականացման աջակցությանը:

«Մեր կազմակերպության կողմից մշակվել են գյուղական համայնքների զարգացմանն ուղղված աշխատանքի հիմնական քայլեր՝ համայնքի համախմբում, բնակիչների կարողությունների զարգացում, տեղական խնդիրների վերհանում, տեղական բիզնեսի եւ սոցիալական ծրագրերի խթանում, կոնֆլիկտների կառավարում,- նշում է «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Գոհար Մարկոսյանը,- այն համայնքներում, որտեղ մենք գործունեություն ենք ծավալում, անցկացվել են դասընթացներ, արդյունքում ձեւավորվել են ակտիվ խմբեր, որոնց անդամները հնարավորություն ունեն իրենց ձայնը լսելի դարձնել տեղական մակարդակում, իրականացնել սոցիալական ուղղվածության ծրագրեր, առաջարկել գաղափարներ եւ հասնել դրանց իրականացմանը»:

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն հիմնադրվել է 1997թ-ին: Անցած 21 տարիների ընթացքում կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն են եղել գյուղական համայնքների զարգացումը, կանանց եւ երիտասարդների հզորացումը, խաղաղության կրթությունն՝ իր ֆորմալ եւ ոչ ֆորմալ դրսեւորումներով, ինչպես նաեւ ուղղորդված աշխատանքը հանուն տարածաշրջանի խաղաղության: 2008թ-ից կազմակերպության գործունեությունը գյուղական համայնքներում ստացել է առավել համակարգված բնույթ՝ կոնկրետ խնդիրներ, դրանց լուծմանն ուղղված կոնկրետ քայլեր՝ բնակիչների ցանկությամբ ու նրանց հետ համատեղ:

2008-2018թթ.-ին կազմակերպությունն աշխատել է Շիրակի մարզի 12 գյուղական համայնքում՝ Ցողամարգ, Արփենի Թորոսգյուղ, Բայանդուր, Կրաշեն, Լանջիկ, Գոգհովիտ, Մուսայելյան, Հողմիկ, Մեղրաշատ, Լեռնակերտ, Անուշավան (ընդհանուր 8500 բնակիչ), որպես սկզբունք ունենալով «ոչ թե համայնքի համար, այլ միասին` հանուն համայնքի» կարգախոսը:

Դեկտեմբերի 19-ին, 3-րդ համաժողովի շրջանակներում, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն ամփոփեց անցնող մեկ տարին, ներկայացվեցին նաեւ 2017-2018թ-ին իրականացրած ծրագրերը:

«8 շահառու համայնքում իրականացրել ենք առնվազն 38 սոցիալական ծրագիր, որոնց շնորհիվ կարող եմ ասել, որ շոշափելի փոփոխություններ են գրանցվել համայնքների սոցիալական կյանքում: Կանանց կողմից կառավարվող առնվազն 4 բիզնես ծրագրերի իրականացման միջոցով բարելավվել է նրանց ընտանիքների կենսամակարդակը: Անցած երկու տարիների ընթացքում 8 շահառու համայնքում ձեւավորվել է 16 ակտիվ խումբ, որտեղ ընդգրկված են 53 երիտասարդ: Կազմակերպվել են կարողությունների զարգացմանն ուղղված 52 դասընթաց, իրականացվել է 27 սոցիալական ծրագիր: Կարող եմ վստահաբար ասել, որ մեր գործունեության շնորհիվ այս կամ այն չափով բարելավվել է շահառու համայնքներում բնակվող մոտ 4500 մարդու կյանք»,- նկատում է Գոհար Մարկոսյանը:

Համաժողովին ներկա Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, խոսելով ապակենտրոնացման մասին, կարեւորեց գյուղական համայնքներում իրականացվող սոցիալական եւ բիզնես ծրագրերը՝ նշելով, որ հատկապես Շիրակի մարզը դրա կարիքը շատ է զգում: «Շիրակցին պիտի հավատա սեփական ուժերին, սեփական պոտենցիալին, հավատա, որ սեփական գյուղում էլ կարող է հաջողությունների հասնել: Համարում եմ, որ այսօր սոցիալական ձեռնարկատիրությունը մեր գյուղերի համար մոդել է մի շարք խնդիրների լուծման, մոդել է զարգացման: Պետք է աշխատել եւ ընդլայնել գյուղերի աշխարահագրությունը: Մենք ունենք հեռավոր համայնքներ, որտեղ կյանքը աշխուժացնելու կարիք կա: Ես անձամբ հավատում եմ, որ Շիրակի մարզը կարող է դառնալ երկրի զարգացման լոկոմոտիվը, դրա համար պետք է, որ նմանատիպ ծրագրերը շատ լինեն գյուղերում»,- հայտարարեց մարզպետը:

Համաժողովի մասնակիցներին «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն ներկայացրեց 2019թ-ին 5 համայնքում ֆինանսավորած բիզնես ծրագրերը, որ իրականացվել է գերմանական «Հաց աշխարհին» եւ Հարավարեւելյան Եվրոպայի Եվրոպակա հիմնադրամի Զարգացման հաստատության կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ: «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ցողամարգ գյուղում (Սարապատ խոշորացված համայնք) ֆինանսավորվել է «Նիկոլյանս» հյուրատան ծրագիրը, Լեռնակերտ համայնքում՝ «Արգիշտի արտ ստուդիան», որտեղ անցկացվում են վարպետության դասեր զբոսաշրջիկների, կավագործության եւ նկարչության դասեր՝ տեղի դպրոցականների ու երիտասարդենրի համար: Արթիկ համայնքում փոքր դրամաշնորհ է ստացել «Ընտանեկան բիստրո» արագ սննդի կետը, որն աշխատանքով է ապահովել 3 հոգու, Անուշավան համայնքում՝ «Թխվածքներ Անուշավանից» թխվածքի ընտանեկան արտադրամասը եւ թռչնաբուծարանը՝ Մեղրաշատ համայնքում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter