HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ը ՀՔԾ-ից պարզաբանումներ է պահանջել «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրին գաղտնալսելու վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ ՄԻՊ Արման Թաթոյանը պարզաբանումներ է պահանջել Հատուկ քննչական ծառայությունից «168am» լրատվամիջոցում հրապարակված՝ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրին գաղտնալսե՞լ են» նյութի ուսումնասիրության նպատակով։ Հրապարակմամբ, մասնավորապես, նշվել է, որ հրապարակող լրատվամիջոցի տեղեկություններով՝ վարույթն իրականացնող մարմինը ձեռք է բերել լրագրողի հեռախոսային խոսակցությունների վերծանումները՝ փորձելով բացահայտել լրագրողի տեղեկատվության աղբյուրը: Ըստ հրապարակման՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը հնարավոր է նաև գաղտնալսել է լրագրողի հեռախոսային խոսակցությունները:

Նույն հոդվածում հրապարակվել է նաև այս կապակցությամբ Հատուկ քննչական ծառայություն հասցեագրված հարցման պատասխանը, համաձայն որի՝ հայցվող տեղեկատվությունը չի կարող տրամադրվել` քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված` նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով:

Նույն հարցով Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել նաև «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը։

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ընթացակարգ է սկսել Մարտի 1-ի դեպքերի բացահայտման շրջանակում «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած ցուցմունքների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում՝ առանց քննիչի և դատախազի թույլտվության նախաքննության տվյալները հրապարակելու առիթով հարուցված քրեական գործի առթիվ։

Ստացված պարզաբանումների արդյունքում այս պահին ի գիտություն է ընդունվել, որ այդ քրեական գործը քննվում է քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (ոչ մեծ ծանրության հանցագործություն) հատկանիշներով:

Լրագրողների մասնագիտական օրինական գործունեության անխոչընդոտ իրականացումը մշտապես գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում, և այդ գործունեության նկատմամբ ոչ իրավաչափ ցանկացած միջամտություն արժանանալու է Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային արձագանքին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter