
Հայ հեթանոսական աստվածները «վերադառնում» են
19 տարի առաջ Հայկ Հակոբյանի մտքով անգամ չէր անցնում, որ ինքը կանգնած է հեթանոսական տաճարների մի ամբողջ համալիրի վրա: 1987թ.-ին նրա գլխավորությամբ հնագետների խումբը ժամանեց Ամասիայի տարածաշրջանի Հողմիկ գյուղ' Կապսի ջրամբարի շինարարությունից առաջ տեղանքն ուսումնասիրելու համար: «Հողմիկի համալիրը բացահայտվեց պատահաբար: Հիշում եմ՝ շատ ցուրտ ու անձրեւոտ օր էր: Երկու տղաներին ուղարկեցի մասուր հավաքելու, իսկ ես սկսեցի ուսումնասիրել: 3 ժամ հետո 13 մետր երկարությամբ եւ կես մետր լայնությամբ մի ֆանտաստիկ հարթակ բացվեց, որի վրա զոհաբերված կենդանիների ոսկորներ կային: Որոշեցինք, որ մնում ենք»,- հիշում է Հողմիկի հնագիտական արշավախմբի պետ, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Հակոբյանը:
Հայ աստվածների հյուսիսային «ամառանոցը»
Հայաստանի Հանրապետության հյուսիս-արեւմուտքում, Ամասիա քաղաքից 4 կմ դեպի հարավ' Հողմիկ գյուղի մոտ, արշավախումբը բացահայտեց հեթանոսական տաճարների համալիրը: 1987թ.-ին հայտնաբերված համալիրում պեղումներ են կատարվել մինչեւ 1993թ.-ը, այն էլ՝ շատ կարճ ժամանակահատվածներով: Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով արշավախումբն իր աշխատանքները շարունակելու հնարավորություն ստացավ միայն 13 տարի անց' այս տարի: Մինչ այդ հեթանոսական համալիրի գոյության մասին բոլորը լռում էին:
Այսօր ուսումնասիրված է տաճարի ընդամենը 1/20-րդ մասը: Քանի՞ սերունդ դեռ պետք է պեղի՝ համալիրը վերջնականապես բացելու համար, արշավախմբի ղեկավար Հայկ Հակոբյանն այսօր դժվարանում է ասել: Յուրաքանչյուր տարի գոնե մեկ ամսով պեղումներ կատարելու համար անհրաժեշտ է առնվազն 1 միլիոն դրամ: Այս տարի միայն մեկ ամսվա ընթացքում արշավախմբին հաջողվել է հայտնաբերել Անահիտ աստվածուհու տաճարը, ինչպես նաեւ հետաքրքիր եւ բացառիկ մի ժառանգություն. «Այս տարի Հողմիկում բացել ենք միջնադարյան մի ճանապարհ, որը տանում է դեպի լեռները, իսկ Հողմիկի հարեւան Ջրաձոր գյուղում բացահայտվել է 8 մետր լայնությամբ եւ երկարությամբ միջնադարյան մի շինություն, որը նստած է անտիկ դամբարանների վրա, իսկ անտիկ դամբարաններն էլ մխրճված են բրոնզե բնակավայրի մեջ»,- ասաց պատմաբանը:
Ինչպես ուրարտական, այնպես էլ հեթանոսական շրջանում տաճարները եղել են համալիր' ընդգրկել են բոլոր հիմնական աստվածների կոթողները: Հողմիկում տեղ են գտել մեր բոլոր հեթանոսական գլխավոր աստվածների տաճարները' Արամազդ, Վահագն, Անահիտ, Աստղիկ, Միհր, Բարշամի, Նանե:
Այդ համալիրը կառուցվել է մ. թ.ա. Արտաշես երկրորդի օրոք: «Համոզված եմ' այն հեթանոսական տաճարների ավան է: 80 մետր երկարությամբ փողոցի երկու կողմերով 100 մետր տարբեր ուղղություններով տարածվում է հեթանոսական ավանը: Տաճարները կառուցվել են փողոցի երկու մայթերով: Ավանի առանցքը կազմում են հեթանոսական գլխավոր եռյակի՝ Արամազդի, Անահիտի եւ Միհրի սրահները»: Պեղումների արդյունքում սրահներից մեկում հայտնաբերվել է փոքրիկ կավե օղակ, որի վրա հունարեն գրություն կա. «4 ձի զոհաբերվում է Միհրին»: Ձիերի գլուխներ կամ ամբողջական կմախքներ են հայտնաբերվել համալիրի գրեթե բոլոր սենյակներում: Ձին վերածննդի խորհրդանիշն է: Սենյակների երկայնքով կառուցվել է նստարան, որն ընդհատվում է կավե զոհասեղանով եւ նորից շարունակվում նստարաններով, որոնց մեջտեղում տեղադրված են գեղեցիկ մշակված սեւ եւ կարմիր՝ մահ եւ կյանք խորհրդանշող խարիսխներ:
Հողմիկում զոհաբերվել են նաեւ երեխաներ
Հողմիկի հեթանոսական ավանի տարածքում այսօր արդեն բացված են 50 տնտեսական եւ տաճարական շինություններ, միջանցքներ, ամբար, որոնք պատկերացում են տալիս հեթանոսական տաճարի մասին: Պեղումների ընթացքում հայտնաբերվել են նաեւ բազմաթիվ ամբողջական կավե իրեր, սպասք, որոնք գտնվում են Շիրակի երկրագիտական թանգարանում: Հայտնաբերվել են նաեւ խեցեղեն իրեր, երկաթե ճրագներ եւ Միհրի բրոնզե արձանիկը: Տաճարի սենյակներից մեկում գտնվել են քրմի եւ երեխաների կմախքներ:
«Թաղված քրմերից մեկը մեծահասակ է եւ մոտավորապես 1մ 90սմ հասակ ունի: Նրան թաղել են կողքի վրա: Մեծահասակ քրմի կողքին երեխաների դիակներ կային, որոնք դեմքով միմյանց էին նայում: Այդ երեխաները հավանաբար տաճարի ստրուկներ էին, որոնց զոհաբերել են, որովհետեւ անտիկ Հայաստանում երեխաների մահացության նման մեծ թիվ չի եղել: Երեխաների շարքում հայտնաբերվել է 3 տարեկանի կմախք, որի ոտքին արծաթե ապարանջան կար՝ 5 ելուստներով: Դրանք ուղղահայաց, բայց կոր գծիկներ են ապարանջանի վրա, որոնք խորհրդանշում են հեթանոսության տաղավարային տոները: 5 ելուստների խորհուրդը պահպանվել է նաեւ քրիստոնեության մեջ. դրանք հայտնի տաղավարային տոներն են՝ Սուրբ Ծնունդը, Սուրբ Զատիկը, Վարդավառը, Սուրբ Խաչը: Հեթանոսության մեջ ընդունված էր, որ տարին 5 անգամ Աստվածների մոտից սուրհանդակներ էին գալիս կամ գնում նրանց մոտ՝ բարի լուր տանում կամ բերում»,- բացատրեց պատմաբան Հակոբյանը:
Ինչպես տեղեկացրեց արշավախմբի ղեկավարը, այսօր Հայաստանում առաջին անգամ են անտիկ զոհասեղաններ ուսումնասիրվում. «Այդ շրջանում երկու տիպի զոհասեղաններ կային: Մեկի վրա սպանում էին, զոհաբերում, հայտնաբերվել է նաեւ կացին հիշեցնող համապատասխան գործիքը, իսկ մյուսի վրա՝ նվիրատվություն մատուցում: Շինության մուտքի մոտ փոքրիկ ավազաններ կան, որպեսզի քրմերը ծիսակատարությունից առաջ լվացվեին: Ծիսական արարողությունը նաեւ պահանջում էր, որպեսզի քրմերը սափրեին ոչ միայն իրենց երեսները, այլեւ՝ գլուխները: Հողմիկում գտնվել է նաեւ քրմերի եկաթե ածելին»:
Աստվածները կերակրվում էին կաթով եւ արյունով
![]() |
![]() |
Տաճարի զոհասեղանների մոտ կլոր անցքեր կան, որտեղ զոհաբերությունից առաջ կապում էին կենդանիներին, որպեսզի նրանք չփախչեն: Զոհասեղաններ են դրված նաեւ քարափից 5 մետր հեռավորության վրա, որոնցից դեռ 5-ն են պեղված: Քարափի ամբողջ երկայնքը մշակված է հեղումներ կատարելու համար. «Հեթանոսական շրջանում կաթը, կենդանու արյունը եւ բույսերի սերմերը խառնում էին եւ լցնում անոթների մեջ, որը հետո թափվում էր գետը: Այդպես ամեն առավոտ նրանք կերակրում էին աստվածներին, որպեսզի իրենց նկատմամբ բարեհաճ լինեին: Հեթանոսական աստվածները շատ պահանջկոտ եւ խանդոտ են»,- նշեց պատմաբանը: Հայկ Հակոբյանը վստահ է, որ Հողմիկի հեթանոսական համալիրը ծառայել է 6 կմ գետի երկայնքով տեղակայված 6 անտիկ գյուղերի. տաճարական համալիր ասելով պատմաբանը նկատի ունի գլխավոր տաճարն ու նրան պատկանող գյուղերը՝ իրենց տաճարական ստրուկներով, որոնք, ըստ էության, ազատ մարդիկ էին եւ զբաղվում էին հողագործությամբ եւ անասնապահությամբ: Կարճ ժամանակահատվածում Հողմիկի հնագիտական արշավախումբը համալիրում նաեւ կենդանաբանական ուսումնասիրություն է կատարել: «Դրանց մեջ կան կովեր, ցլեր, գոմեշներ, այծեր: Այս տարի, դեռ կիսատ ուսումնասիրված սենյակում մենք հայտնաբերել ենք եղջերուի եղջյուրներ, գիշատիչների ատամներ, գունազարդ խեցեղեն: Ընդհանրապես, եղջերուն նվիրված էր Անահիտ աստվածուհուն եւ, ամենայն հավանականությամբ, այդ սենյակը պատկանում է հենց Անահիտ աստվածուհուն»:
Հողմիկը հարգանք է ներշնչել Գրիգոր Լուսավորչին
Միջնադարյան մեր բոլոր պատմիչները՝ Մովսես Խորենացին, Ագաթանգեղոսը, Եզնիկ Կողբացին եւ մյուսները իրենց գործերում հիշատակում են, որ Հայաստանում եղել են մեհյաններ, տաճարներ: Հողմիկի հեթանոսական համալիրը դրա վառ օրինակն է: Համալիրը կազմված է 3 շինարարական շերտերից, որոնց վրա ակնհայտ են վերանորոգման աշխատանքները: Հեթանոսական համալիրը գործել է մինչեւ մ.թ. 3-ից 4-րդ դարերը: Քրիստոնեության ընդունումից հետո տաճարը չի ավերվել, այն կոնսերվացվել է: Պեղումերը հնարավորություն են տվել պարզել համալիրի կոնսերվացման ընթացքը:
«Կոնսերվացման դեպքերը շատ հետաքրքիր են: Սենյակում հայտնաբերվել են կենդանիների գլուխներ: Զոհաբերություն մատուցելուց հետո մարդիկ փակել են դուռը եւ տեղափոխվել հաջորդ սենյակ: Եվ այդպես, որոշ ժամանակ հետո, կոնսերվացվել են համալիրի բոլոր սենյակները: Այդ տեսարանը հին Հռոմն է հիշեցնում, երբ քրիստոնեությունը հավասարվեց հեթանոսությանը, կարճ ժամանակ հետո Կոնստանտին Մեծի օրոք մեհյանները, Նիտրային նվիրված տաճարները լացով, ողբով փակում էին՝ հույս ունենալով, որ Նիտրան մի օր վերադառնալու է: Այդ գաղափարը տեղ է գտել նաեւ Սասունցի Դավիթ էպոսում, երբ բոլորը ողբում են, քանի որ Նիտրան՝ Մհերը, մտնում է ժայռը՝ մի օր կրկին դուրս գալու հույսով»,- նշեց Հայկ Հակոբյանը:
Սովորաբար, հեթանոսական տաճարները փակվում էին երկու դեպքում' թագավորի մահվանից հետո, երբ նրան այլեւս զոհեր չէին մատուցում, եւ երկրորդ դեպքում, երբ կրոնական հեղաշրջում էր լինում: Հողմիկի հեթանոսական տաճարը բացառիկ է նաեւ այն առումով, որ քրիստոնեության ընդունումից հետո Գրիգոր Լուսավորչի կողմից տաճարում ոչինչ չի ոչնչացվել, հեթանոսական տաճարները կոնսերվացվել են հարգանքով եւ մեծ ծիսակատարությամբ:
Հողմիկից մինչեւ հայ առաքելական եկեղեցու գմբեթը
Ուրարտական դարաշրջ անից մինչեւ միջնադար գիտությունը որեւէ կոթողի մասին ոչինչ չի ակնարկում: Հողմիկում այս տարվա պեղումները բացահայտել են միանգամից չորս կոթողներ, որը գիտության մեջ նորություն է: Հողմիկի բոլոր զոհասեղաններն ունեն 1մ 4 սմ բարձրություն, բոլոր դռները' 83 սմ լայնություն: Դա Հայկ Հակոբյանին թույլ է տալիս վստահ ասել. «Ճարտարապետը նախապես մշակված հատակագիծ է ունեցել: Պեղումներից ակնհայտ է, որ Հողմիկի համալիրում պաշտամունքի հիմնական առարկան եղել է արեւը: Հայտնաբերված կոթողներից մեկի կենտրոնում չորս բարձիկներ են, որոնք արեւի պատկերն են ստեղծում, մասնավորապես' խաչ, սակայն խաչքարերի ծագումնաբանությունը մենք միշտ շփոթում ենք, ասում ենք, որ եկել է Եգիպտոսից, Սիրիայից: Հողմիկի հեթանոսական համալիրը մեզ հնարավորութուն կտա վերականգնել, թե ինչ է տաճարը, տաճարական տնտեսությունը, տաճարական ծեսը, քրմական դասը, կազմը եւ այլն»:
Տաճարի պեղումները, պատմաբան Հայկ Հակոբյանի կարծիքով, հնարավորություն են տալիս նաեւ ասել, թե ինչ է տեղի ունեցել հելլենիստական դարաշրջանում' հայկական եւ հունական մշակույթների սինթե՞զ, թե՞ հայերը կոպտորեն վերցրել են հունական մշակույթը. «Հողմիկը ցույց է տալիս, որ հելլենիստական դարաշրջանում մենք գործ ունեինք խիստ ժառանգական հին արեւելյան մշակույթի հետ: Հողմիկի ճարտարապետությունը շատ ավելի մոտ է ուրարտականին, քան' հունականին»:
Տաճարների կենտրոնական սյուները չորսն են, որոնք միմյանց միանում են գերաններով: «Երբ մենք վերլուծում ենք մեր վաղ քրիստոնեական ճարտարապետությունը, մտածում ենք, թե որտեղից են գալիս դրա հիմքերը: Հողմիկի համալիրը վկայում է, որ մեր ճարտարապետության հիմքերը հենց Հայաստանից են»,- գտնում է պատմաբանը: Նրա կարծիքով՝ Հողմիկի համալիրի առանձնահատկություններից մեկն այն է, որ բոլոր տաճարների տանիքները հարթ են, իսկ կենտրոնականինը գմբեթ է: Հենց այստեղից է գալիս հայկական եկեղեցու գմբեթը:
Սպանում էին Աստծո համար, բայց ոչ հանուն Աստծո
Հողմիկի համալիրի սենյակների մի մասը ծիսական նշանակություն ունի, իսկ մյուսները ծիսական սենյակների պահեստներ էին: Տաճարական սենյակների ծառայողական մուտքը բացվում է երկայնական պատի մի անկյունից, որտեղից տաճար էին մտնում քրմերը, իսկ գլխավոր մուտքը բացվում էր երկու լայնակի պատերից: Սենյակի գլխավոր մուտքի պատի առաջ գտնվում էր զոհասեղանը, որի մոտ սովորաբար կանգնած է լինում գլխավոր աստծո արձանը: Նվիրատվությունների սեղանը գտնվում էր սենյակի կենտրոնում: Զոհասեղանի վրա սպանում էին, արյուն էին թափում, կարող էին սպանել նաեւ բույս' այն կոտրելով, իսկ նվիրատվության սեղանին դնում էին այն, ինչ ցանկանում էին նվիրել աստծուն: Նվիրատվության համար նախատեսված կենդանուն կապում էին սեղանի մոտ, իսկ հետո խառնում տաճարական կենդանիներին:
Այս տարի Հողմիկում հայտնաբերվել է նաեւ ժայռի մեջ փորված բացվածք, որը վկայում է, որ դա փայտե աստիճանի միջոցով վերեւի հարկ բարձրանալու համար է. «Շատ հաճախ կենդանիներին զոհաբերել են վաղ առավոտյան' կտուրի վրա: Մեզ ծանոթ օրինակ Է, երբ հայ գյուղապետը ծագող արեւի շողերի առաջ զոհաբերում է իր ձին»,- մանրամասնեց Հայկ Հակոբյանը:
Հեթանոսական շրջանում ով ինչ կարողանում էր, անում էր աստծո համար' երգում էին, պարում, տալիս՝ ինչ ունեին:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել