HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տեսանյութն ավելի շատ նման է վատ պատրաստված բեմականացման»․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայտարարությունը

Ռոբերտ Քոչարյանին վերաբերող կարևոր որոշման հրապարակումից առաջ իշխանությունը կրկին դիմում է ճնշումների: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը՝ անդրադառնալով  ոստիկանությունն տարածած տեսանյութին և հաղորդագրությանն այն մասին, որ Քոչարյանի աջակիցը փորձել է կաշառել Մարտի 1-ի գործով տուժողին։

«ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որտեղ երկու անձի գաղտնի նկարահանված խոսակցությունը ներկայացվում է իբրև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկի կողմից մարտի 1-ի գործով տուժած անձին կաշառելու փորձ, որպեսզի վերջինս հրաժարվի իր կարգավիճակից և ցուցմունքից։ Տարածված տեսանյութն ավելի շատ նման է վատ պատրաստված բեմականացմանը։

Պաշտպանական կողմը, ինչպես նաև ՀՔԾ-ն ու մեղադրող դատախազները բազմիցս նշել են, որ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի՝ Ռ․ Քոչարյանին վերաբերող անջատված մասը ոչ մի կերպ չի առնչվում զոհերին, առավել ևս՝ մարմնական վնասվածք ստացած անձանց։ Հետևաբար, եթե որևէ մեկը փորձել է տուժողին խորհուրդ տալ, թե ինչ ցուցմունք տա, դա բացարձակապես ոչ մի կերպ չի կարող առնչվել Ռոբերտ Քոչարյանի գործին։ Տեսանյութից ակնհայտ է, որ նկարահանումը կատարվել է ամիսներ առաջ։ Հարց է առաջանում, ինչո՞ւ մինչ օրս ոստիկանությունը տեղեկություն չի հրապարակել այս գործի ընթացքի վերաբերյալ և արդյո՞ք որևէ մեկին մեղադրանք է առաջադրվել։

Դրա փոխարեն ոստիկանությունը պահել է այս նկարահանումը և այժմ օգտագործում է՝ որպես ճնշման գործիք դատարանի վրա։ Հարկ ենք համարում ընդգծել, որ առաջին անգամ չէ, երբ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող դատական կարևոր որոշման հրապարակումից առաջ գործող իշխանությունները դիմում են նման մանիպուլյատիվ քայլերի։ Սա դատական իշխանության վրա ճնշում գործադրելու հերթական գործողությունն է»,- ասված է հաղորդագրություն մեջ։

Նշենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը պետք է հրապարակի Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ նրա պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքի գործով որոշումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter