
Միգրացիոն ծառայությունում քննարկվել է վերաինտեգրման քաղաքականության միասնական ռազմավարությունը
Այսօր տեղի ունեցավ քաղաքացիների վերաինտեգրման հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ֆորումի հերթական` 7-րդ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է Միգրացիոն ծառայությունը:
«Վերաինտեգրումը երկու ոլորտների է առնչվում՝ սոցիալական աջակցություն, զարգացում և միգրացիոն հոսքերի կառավարում»,-նշեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ ավելացնելով, որ Ծառայությունն զբաղվում է նաև ոլորտի քաղաքականության մշակմամբ։
Ֆորումի ընթացքում ներկայացվեց «ՀՀ-ում գտնվող հարկադիր տեղահանված անձանց ինտեգրման և Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման քաղաքականության միասնական ռազմավարության» նախագիծը։ Ռազմավարության մշակման աշխատանքային խմբի փորձագետ Ալինա Պողոսյանը շեշտադրեց, որ ազգային օրակարգն է ներմուծված փաստաթուղթ։ Ներկայացվեց, որ 6 թիրախ խումբ է սահմանված փաստաթղթում, որոնցից առաջինը վերադարձողներն են, գործողությունների ծրագիրը մշակվելու է մյուս տարի։ «Կարիքների գնահատման հիման վրա գեներացվել են 80 խնդիրներ՝ կոչված ծառայելու այդ կարիքների բավարարմանը, իսկ կարիքների վերհանմանը մասնակցել են ոլորտի բոլոր դերակատարները»,-ասաց փորձագետը՝ ընդգծելով ևս մեկ կարևոր սկզբունք՝ անհատականացված վերաինտեգրում և ներառական ու հասանելի աջակցություն։
Համաժողովի ընթացքում ներկայացվեց նաև վերաինտեգրման CAROB ծրագիրը, որը մեկնարկել է սեպտեմբերի 1-ին՝ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (ՆԻՖԳ/OFFII) և Գերմանիայի՝ փոխստականների և միգրանտների գործերով դաշնային վարչության (BAMF) համագործակցությամբ։
CAROB ծրագրի պատասխանատու Արա Հովհաննիսյան ներկայացրեց գործի վարման ողջ կարգը. «BAMF-ից ստանում ենք ամբողջ գործը, կատարաում ենք կարիքի գնահատում, որոշում ենք՝ որ հասարական կազմակերպությանը կամ բիզնես խորհրդատուին ենք հանձնարարելու ստանձնելու տվյալ գործը, տվյալ գործընկերոջ կողմից մշակվում է վերաինտեգրման պլան, ստեղծվում է գնահատող հանձնաժողով։ Կոմիտեն կարծիքը հայտնում է 48 ժամվա ընթացքում, գործն ուղարկվում է BAMF, հինգ օրում եզրակացություն են տալիս, վերջնական խոսքը Գերմանիայի դեսպանինն է»։
Մեկնաբանել