Կյանքը վրձնի վրա
Նկարչուհի Հասմիկ Սողոմոնյանի հետ զրույցը ծավալվեց համացանցային իրականությունում: Տարածության առաջին պատին բախվեցի հենց առաջին հարցից. ոգեշնչման մասին էր: Չպաստախանեց: Ինտուտիվ զգացի, որ մտածեց. «Շաբլոն հարց էր, հազիվ թե զրույցը ստացվի»: Հետո սկսեցինք հաղթահարել պատերը:
-Հասմիկ, ինձ թվում է` քո յուրաքանչյուր աշխատանքում կաս մի քիչ նաեւ դու: Դնո՞ւմ ես հատուկ իմաստ այս աշխատանքների մեջ` բաշխել ու տալ մյուսներին քեզնից մի մաս, թե՞ պարզապես հաճելի գործ է, որով զբաղվում ես:
-Իմ աշատանքների մեջ կա անպայման ինձանից մի մաս, հոգի, որն իմ սկզբունքներից է բխում: Չեմ կարող ուղղակի նկարել, լինում են դեպքեր, երբ հրաժարվում եմ, եթե զգում եմ, որ տրամադրություն չունեմ նկարելու: Խոսքը զարդերի մասին չէ, այլ` նկարների: Իմ գործերի գաղտնիքն էլ հենց ձեւի ու որակի համադրության մեջ է, ինչի վրա ես շատ եմ աշխատում: Հետո, սիրում եմ այն, ինչ համատարած չէ, օրիգինալ է թե տեխնիկապես, թե գաղափարապես:
-Մի տեսակ երաժշտություն կա քո աշխատանքներում, հնչյունների պատկերային ձեւը կարծես լինեն, կանացիություն եմ նաեւ տեսնում դրանցում, միաժամանակ ազատություն կա: Շատ: Այս ամենի հետ` ընտանեկան կյանք: Համատեղելն ինչպե՞ս է ստացվում:
-Ազատությունն ինձ համար մտքի ազատությունն է, իմ միտքն էլ, հոգին էլ ազատ են: Կանացիությունը գեղեցիկ վիճակն է, ինձ հասականալի: Չեմ սիրում ոչ մի վուլգար բան: Ընտանիքումս առաջին տեղում արվեստն է, կյանքի էսթետիկ կողմը: Ամուսինս գեղանկարիչ է, իսկ ծնողներս արվեստասերներ են, որոնք իմ եւ քրոջս մեջ սերմանել են նուրբ գեղագիտական ճաշակ:
-Հասմիկ, ուզում եմ` խոսես նաեւ սահմանափակումներից. ի՞նչը կարող է սահմանափակել, խանգարել քեզ:
-Ինձ խանգարում է չարությունը: Ես շատ զգայուն եմ: Նաեւ փորձում եմ ամեն կերպ բանտերից ազատվել:
![]() |
![]() |
![]() |
-Բանտերը մե՞նք չենք ստեղծում:
-Ոչ, հայկական ընտանիքները շատ հաճախ բանտեր են: Իմ ներսում բանտ չկա:
-Իսկ ինչպե՞ս ես պայքարում դրա դեմ:
-Ես շատ եմ կարեւորում ընտանիքը, բայց նաեւ ստեղծագործել եմ սիրում: Եթե մարդ նպատակ է ունենում, անպայման հասնում է դրան, թեկուզ շատ դժվար է: Բանտերի դեմ պետք է պայքարել: Ես չեմ նստի ձեռքերս ծալած` սպասեմ` ինչ է լինելու: Էությամբ շատ համառ: Ունեմ շատ թույլ ու շատ ուժեղ կողմեր: Թույլ կողմերս էմոցիաներս են…
-Բայց առանց դրա դու չէիր հուզի: Դա նաեւ քո ուժեղ կողմն է:
-Այո, առանց դրանց ես ԵՍ չէի լինի: Ես ապրում եմ, բառիս բուն իմաստով, թեկուզ դա իմը չէ, ուրիշինն է, բայց իմն է նաեւ, քանի որ ապրում եմ նաեւ ուրիշինը: Սիրում եմ ավելի շատ տալ, քան ստանալ, դրա համար չեմ զղջում, դրանից հաճույք եմ ստանում:
-Փաստորեն շատ գեղեցկություն ես ստանում ու ինչ-որ զգայական ապրումներ…. Ինտուիտիվ ինչ-որ ուժ եմ նաեւ զգում աշխատանքներդ դիտելիս:
-Հա, իմ յուրահատկություններից մեկն է: Մարդկանց հեռվից զգում եմ: Բայց ուրիշ ձեւ չեմ կարող, դա ես եմ: ….Ես չեմ վախենում ոչ մի բանից, բացի անտարբերությունից:
-Ինչո՞ւ:
-Էդ միջին վիճակ է, որ չեմ սիրում: Էգոիստ մարդիկ են անտարբեր: Ես անտարբեր չեմ: Կամ սեր, կամ ատելություն եմ նախընտրում, բայց ոչ անատարբերություն:
-Օրերս «Ֆեյսբուք»-ում «ստատուս» էիր գրել, թե ուզում ես գնալ Հայաստանից: Ուզում ես գնա՞լ Հայաստանից, ինչո՞ւ:
-Ինչպես յուրաքանչյուր ստեղծագործող մարդու, ինձ էլ է պետք դուրս գալ, այլ մշակույթներ տեսնել, կրթվել, ինչը, ցավոք, մեր երկրում շատ դժվար է` թե նյութի, թե ինֆորմացիայի, թե փորձի առումով: Ես շատ հաճախ ուղղակի կանգնում եմ փակուղու առաջ, քանի որ շատ հաճախ իմ գաղափարները մնում են իմ մեջ զուտ կենցաղային խնդիրների պատճառով:
![]() |
![]() |
-Ինձ թվում է`աշխատանքներդ գիշերն ես անում: Գիշերային են դրանք, գիշերվա տրամադրություն ու էներգիա ունեն:
-Այո, հիմնականում գիշերն եմ անում, երեխայի հետ չեմ հասցնում ցերեկներն անել, բայց գիշերվա լույսը չի հերիքում, ավելի լավ է ցերեկն աշխատել:
-Փաստորեն դու քեզ ես նկարում, քեզ ես պատմում քո նկարներում: Այդպիսով դու շարունակվում ես, քանի որ ինչ-որ ասում ես, նկարում ես նաեւ: Դու ինչպե՞ս ես պատկերացնում ապագադ (նաեւ միտք ուղարկենք տիեզերք):
Ես ուղղակի ներքին հավատ ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Որ ես ու քույրս, ով, ի դեպ, նույնպես նկարչուհի է, կկայանանք իրեւ բրենդ, որովհետեւ գիտեմ մեր ուժը:
Գիտեմ` միտքը շատ կարեւոր է: Տիեզերական կանոն կա. ինչքան տալիս ես, այնքան ստանում ես, ինչ մտածում ես, դրան ես արժանի:
Նեղ անձնական իմաստով…
Ես ինձ երջանիկ, ինքնաբավ (ինչ կեղծ կեղծ բառ է, չէ՞), ու երջանիկ եմ պատկերացնում: Բայց, գիտես, ամեն ինչից անկախ, ամենակարեւորը երեխաներն են, ընտանիքն է շատ կարեւոր: Ես երջանիկ կին եմ, ամեն ինչ ունեմ:
-Լավ է, որ գիշերվա այս ժամին, երբ աշխարհն անսահման անտարբեր ու սառն է թվում, մեկը կա` համարձակություն ունի խոստովանելու, որ երջանիկ է…
-Չէի սպասում, որ մեր խոսակցությունը կկայանա, հատկապես առաջին հարցից:
-Ով իմանա, կարող է եւ այն չկայանար, եթե առաջին հարցին պատասխանեիր…
Մարիամ Մուղդուսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ




Մեկնաբանել