«Մեյմունությանդ թարգը տուր, մինչև ցուցմունք չտաս, չես գնալու»․ քննչական բաժնի պետը՝ քաղաքացուն
«Արա, այ, մեյմուն, մեյմունությանդ թարգը տուր, մինչև ցուցմունք չտաս, չես գնալու, ինչ վիճակում էլ որ լինես»,- երեկ այս խոսքերով Արմինե Դավթյանին է դիմել Քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վարդան Ավագյանը։
Արմինե Դավթյանը քրեական գործով տուժող է։ Նրա տան նկուղից այս տարվա հոկտեմբերին գողություն է կատարվել։
Արմինե Դավթյանը հոկտեմբերի 29-ին գողության մասին հաղորդում է տվել ոստիկանությունում, որից հետո հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործի շրջանակներում նոյեմբերին հարցաքննվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ներկայացրել գողության մասնրամասները։ Դրանից հետո ունեցել է առողջական խնդիրներ, անկողնային բուժում է ստացել տանը, մշտապես շտապօգնության և պոլիկլինիկայի բժիշկների հսկողության տակ է եղել։
Բուժումը ստանալու օրերին Արմինեն գրավոր ծանուցում է ստացել քննիչ Լիլիթ Բաղդասարյանից և հրավիրվել քննչական բաժին։ Արմինեն ասում է՝ զանգահարել է քննիչին, տեղեկացրել, որ նոյեմբերի 22-ից առողջական խնդիրներ ունի, անկողնային վիճակում է, չի կարող ներկայանալ քննչական բաժին։ Տեղեկացրել է, որ առողջական վիճակի մասին բժշկական տեղեկանք՝ որպես հավաստում, քննիչը կարող է ստանալ N 12 պոլիկլինիկայից։ «Քննիչն ասաց՝ թեկուզ անկողնային էլ լինես, ինչ վիճակում էլ լինես, շտապօգնություն կկանչենք, շտապօգնությունով քեզ կբերեն, այստեղ քեզ այնքան բուժօգնություն կցուցաբերվի, մինչև ցուցմունքն ավարտես։ Ես խնդրեցի քննիչին, որ այդ բոլոր գործողությունները կատարվի տանը, քանի որ անկողնային եմ, չեմ կարողանում անկողնուց վեր կենալ։ Քննիչը կտրականապես դեմ էր, ասաց՝ ես երբեք տուն չեմ գա»,- պատմում է Արմինե Դավթյանը։
Օրեր անց Արմինեն պոլիկլինիկայի տնօրենից տեղեկացել է, որ իր առողջական վիճակի վերաբերյալ քննիչը հարցում է կատարել պոլիկլինիկա և ստացել տեղեկանք։
Դրանից հետո Արմինեն զանգահարել է քննիչին, որպեսզի տեղեկանա գործի ընթացքից, քննիչը չի պատասխանել զանգերին։
Երեկ Արմինե Դավթյանի բնակարան են այցելել մի խումբ ոստիկաններ և տեղեկացրել, որ քննիչի որոշմամբ՝ Արմինեին պետք է բերման ենթարկեն։
Արմինեն ասում է՝ տանը գտնվող անչափահաս երեխաները վախեցել են, սկսել լաց լինել, իր ինքնազգացողությունը վատացել է։ Ընտանիքի անդամներն Արմինեի առողջական վիճակը կայունացնելու համար շտապօգնություն են կանչել։ Բժիշկները զննել են Արմինեին, դեղեր տվել և ներարկում արել։
Նրանց հեռանալուց հետո Արմինեն ասում է՝ ոստիկանները զգուշացրել են, որ միևնույնն է պետք է ներկայանա քննչական բաժին։ Հասկանալով, որ անելանելի դրության մեջ է հայտնվել՝ Արմինեն սանհանգույցում դրված ժավելի շշի մեջ ջուր է լցրել, իր հետ վերցրել։
«Չէի էլ մտածում ինքնավնասում անելու մասին, քանի որ երկու անչափահաս երեխաների մայր եմ, պարզապես ծայրահեղ պաշտպանության միջոց էի համարում»,- ասում է նա։
Արմինե Դավթյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, մոտեցել բաժնի պետ Վարդան Ավագյանին։ Նրան տեղեկացրել է, որ օրեր առաջ խոսել է քննիչ Լիլիթ Բաղդասարյանի հետ, հայտնել, որ առողջական խնդիրներ ունի, քննիչը ևս պոլիկլինիկայից ստացել է բժշկական տեղեկանք, սակայն իրեն պարտադրված բերման են ենթարկել։
«Ավագյանն ինձ բացարձակ լսել չուզեց, դուրս հրավիրեց ու ոստիկաններին ասաց՝ դրան տարեք քննիչի մոտ, մինչև ցուցմունքը չավարտի, չթողնեք գնա»,-պատմում է Արմինե Դավթյանը։
Դրանից հետո նա ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է քննիչ Լիլիթ Բաղդասարյանի աշխատասենյակ, սակայն ինքնազգացողությունը վատացել է, և հավաքվածներն, այլ ելք չունենալով, քննչական բաժին են հրավիրել շտապօգնություն։
Բժիշկները եկել են քննչական բաժին, զննել են Արմինեին, դեղ ներարկել, սակայն հասկանալով, որ նրա առողջական վիճակը չի կայունանում, տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Արդեն երեկոյան Արմինեի առողջական վիճակը կայունացել է և տեղափոխվել է տուն։
Քննչական կոմիտեն պարզաբանում է
Արմինե Դավթյանն այսօր գնացել է Քննչական կոմիտե, հանդիպել տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Սամսոն Մաթևոսյանի հետ, տեղեկացրել երեկվա միջադեպի մասին։ Նրա խոսքով՝ Մաթևոսյանը զանգահարել է Քննչական կոմիտեի այլ վարչություն, հրահանգել գողության դեպքով քրեական գործը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնից տեղափոխել Երևան քաղաքի վարչություն, մինչ կքննվի երեկվա միջադեպի մանրամասները։ Արմինեն ասում է, որ երկուշաբթի օրն արդեն կդիմի Գլխավոր դատախազություն՝ տեղեկացնելով երեկ քննչական բաժնում իր անձի նկատմամբ կատարված անմարդկային վերաբերմունքի մասին։
«Հետքը» միջադեպի վերաբերյալ պարզաբանում ստացավ Քննչական կոմիտեից։ Կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ Արմինե Դավթյանը բերման է ենթարկվել օրենքով սահմանված կարգով, քանի որ բազմիցս հրավիրվել է քննչական բաժին, բայց չի ներկայացել։ Հարությունյանի խոսքով՝ Դավթյանը քննչական բաժնում անվայելուչ վերաբուրմունք է ցուցաբերել քննիչի նկատմամբ, անվայելուչ խոսքեր հնչեցրել։
«Ինչ վերաբերում է նրան, որ նրա հանդեպ ոչ պաշտաճ վերաբերմունք է ցուցաբերվել, նշեմ, որ նման տեղեկատվության չեմ տիրապետում»,- ասաց Նաիրա Հարությունյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել