HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է ընդլայնել ԱԻ նախարարի, կրճատել Փրկարար ծառայության տնօրենի լիազորությունները. նոր նախագիծ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը կառուցվածքային նոր փոփոխություններ է առաջարկում «Փրկարար ծառայության մասին» օրենքում: Նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել E-draft.am կայքում:

Փոփոխություններով նախ ամրագրվում է, որ Փրկարար ծառայությունը նախարարությանը ենթակա մարմին է, ընդլայնվում են ծառայության լիազորությունները, ամրագրվում է նաև, որ Փրկարար ծառայությունը մասնակցում է Հայաստանի պաշտպանությանը: Առաջարկվող փոփոխություններով ընդլայնվում են նաև արտակարգ իրավիճակների նախարարի լիազորությունները. եթե գործող օրենքով Փրկարար ծառայության կրտսեր պաշտոնների դեպքում նշանակումներ է անում, կոչումներ շնորհում Փրկարար ծառայության տնօրենը, ապա առաջարկվող փոփոխություների դեպքում այդ լիազորությունը վերապահվելու է նախարարին:

Գործող օրենքով՝ ՓԾ-ում ծառայության կարող է անցնել մինչև 30 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ` կանանց և սույն օրենքի 32-րդ հոդվածի տասներորդ մասով նախատեսված դեպքերի), տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու փրկարարական ծառայողի պարտականությունները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

Փոփոխություններով ամրագրվում է, որ փրկարարական ծառայությունում ծառայության՝ տարիքային, պարտադիր զինվորական ծառայության, առողջական վիճակի, ինչպես նաև ֆիզիկական պատրաստվածության հետ անմիջականորեն չկապված առանձին գործառույթների իրականացման համար կարող են աշխատանքի անցնել նաև «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքին համապատասխան այն քաղաքացինները, ովքեր առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումների հետևանքով ունեն սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն (հաշմանդամ):

ԱԻ նախարարության աշխատակից Հայկ Արամյանը հանրային հարթակում իր դժգոհությունն էր արտահայտել առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Մեզ հետ զրույցում նա նախ ընդգծեց՝ որպես քաղաքացիական ծառայող պարտավոր է պահպանել քաղաքական զսպվածություն, ուստի հարցի վերաբերյալ իր դիտարկումները բացառապես իրավական և ինստիտուցիոնալ տիրույթում են:

«Իմ հնչեցրած գնահատականները նույնպես այս հարթության մեջ են: Եվ երբ, օրինակ, խոսք է գնում նախարարի կամ Փրկարար ծառայության տնօրենի մասին, ապա ասվածը վերաբերում է այդ ինստիտուտներին, ոչ թե տվյալ պահին այդ պաշտոնները զբաղեցնող անձանց: Փրկարար ծառայության գործող օրենքով համապատասխան պաշտոններում նշանակում կատարելու իրավասությունը բաշխված է ԱԻ նախարարի և Փրկարար ծառայության տնօրենի միջև: Գործող կարգավորմամբ Փրկարար ծառայության վարչությունների պետերին, գլխավոր, ավագ, միջին խմբի պաշտոնյաներին համապատասխան պաշտոններում նշանակում է նախարարը, և միայն կրտսեր խմբի պաշտոններում է նշանակում կատարում Փրկարար ծառայության տնօրենը: Նախագծով առաջարկվում է կրտսեր խմբի պաշտոններում նշանակում կատարելու իրավասությունը ևս տալ արտակարգ իրավիճակների նախարարին»,- ասում է Հայկ Արամյանը:

Վերջինս ընդգծում է, որ ո՛չ Պաշտպանության նախարարությանը ենթակա Զինված ուժերում, ոչ' Արդարադատության նախարարությանը ենթակա Քրեակատարողական և Հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում համապատասխան նախարարներին օրենքով վերապահված չէ կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին նշանակելու իրավասություն:

«Նույնը կարող ենք ասել նաև վարչապետին ենթակա Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության պարագայում։ Այսպիսով, ըստ էության, ստացվում է, որ այս նախագծի ընդունման պարագայում խախտվում է նաև ուժային կառույցներում իրավահարաբերությունները կարգավորող նորմերի միջև առկա ներդաշնակություն»,-ասում էր մեր զրուցակիցը:

Վերջինիս համոզմամբ՝ մասնագիտական գործունեություն իրականացնող մարմիններն անհրաժեշտ է հնարավորինս զերծ պահել քաղաքական ուղիղ ազդեցությունից, իսկ այս նախագծով կարծես թե «հակառակ ուղղությամբ ենք ընթանում»: Ըստ Արամյանի՝ այս փոփոխություններով ստացվում է, որ մի քանի հազար ենթակա ունեցող Փրկարար ծառայության տնօրենը կարող է զրկվել որևէ քաղաքացու Փրկարար ծառայության պաշտոնում նշանակելու հնարավորությունից:

Արամյանի խոսքով՝ այս փոփոխությունները կարող են նաև պարունակել կոռուպցիոն ռիսկեր:

Արտակարգ իրավիճակների նախարարության իրավաբանական վարչության պետ Վարդան Աճեմյանն արձագանքում է՝ նախագիծը մինչ հանրային քննարկման ներկայացվելը նախարարության բոլոր ստորաբաժանումներում շրջանառվել է, սակայն ոչ մի առաջարկություն, դիտողություն չի եղել:

Աճեմյանի խոսքով «Փրկարար ծառայության մասին» օրենքը երկար ժամանակ փոփոխության չի ենթարկվել, ուստի կարիք կար փոփոխելու, արդիականացնելու այն:

«Շատ գլոբալ փոփոխություն չենք արել, մի քանի հոդվածում ենք փոփոխոթյուն արել, պայմանավորվածությունը սա է, որ միասնական մոտեցում լինի: Մի մարմնում երկու տարբեր ղեկավարների մոտեցում լինելը կարծում եք ճի՞շտ է: Սկսենք, օրինակ, Փրկարար ծառայության կադրային վարչությունից, Կառավարության հիմնական մոտեցումն է, որ նույն վարչությունները, ստորաբաժանումները միավորվեն, որ չլինի կադրային լճացում: Հիմա և՛ նախարարության անձնակազմի կառավարման վարչություն ունենք, և՛ Փրկարար ծառայությունում կադրերի վարչություն. պետք է երկու ստորաբաժանումները միացվեն, որ կրկնություն չլինի, նաև ընդհանուր ղեկավարում լինի»,- ասաց նա:

Ըստ Աճեմյանի՝ կոռուպցիոն ռիսկ կարող է լինել հենց այն դեպքում, երբ կադրային քաղաքականությունն իրականացնի երկու անձ:

«Մի մարդ պետք է լինի կադրային քաղաքականություն իրականացնողը, դա պետք է համարենք նորմալ, ամբողջ երկրում է էդպես, չի կարող մի համակարգում երկու-երեք անձ որոշի կադրային քաղաքականությունը»,- ասաց Աճեմյանը:

Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց դրույթը օրենքում ամրագրելուն, Վարդան Աճեմյանն ասաց. «Մինչ այսօր ունենք նման աշխատակիցներ, բայց իրենք գրանցված են «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, այսինքն՝ գրանցված էին մի տեղ, աշխատում էին այլ տեղ, ուղղակի հաստիքների տեղափոխություն ենք անում, որ մարդը հասկանա՝ որտեղ  է աշխատում»:

Հիշեցնենք, որ E-draft.am-ը նախարարությունների աշխատանքային հարթակն է, և ցանկացած նախագիծ նախ պետք է գործադիրի հավանությանն արժանանա, ապա ներկայացվի խորհրդարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter