HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հացադուլն այլեւս պայքարի ազդեցիկ միջոց չէ

Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցներ Վլադիկ Հովսեփյանն ու Իլյա Բարսեղյանը հաշմանդամ են դարձել կոմբինատում աշխատելու ժամանակ եւ արդեն երկու տարի չեն կարողանում ստանալ փոխհատուցման գումարները: Դիմել են ամենուր, սակայն խնդրին առնչվող պաշտոնյաները մի ատյանից մյուսին են փոխանցել դիմումները: Պայքարի այլ միջոց, քան հացադուլը, վերջիններիս չի մնացել, եւ նրանք այս տարվա հունիսի 11-ի երեկոյան վրան խփեցին Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում՝ Սյունիքի մարզպետարանի դիմաց:

«Ով որ կոմբինատի տերն ա, ասում ա' իմ վարոտի դուռը մի բացեք, գնացեք ձեր Հայաստանի ղեկավարների հետ լեզու գտեք, մենք իրար հետ պարտք ու պահանջ չունենք: Ասել են՝ դատի տուր, դատարանն էլ ասում ա՝ ես ձեր գործով ոչինչ չեմ կարող անել, չեմ ընդունում ձեր գործերը»,- պատմում է Իլյա Բարսեղյանը:

«Անցած տարի Կապանում դիմել ենք Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանին, ասել ա՝ էդ փողերը անպայման ստանալու եք»,- ավելացնում է Վլադիկ Հովսեփյանը:

Կապանի լեռնահարստացման կոմբինատը, որտեղ աշխատում էին հացադուլավորները, երկու տարի առաջ լուծարվեց, եւ կոմբինատի ղեկավարումը մեկ այլ՝ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» անվամբ, ստանձնեց նույն անգլիական կազմակերպությունը, որն արդեն մի քանի տարի շահագործում էր այդ հանքավայրը: Վերջինս աշխատանքային խեղում ստացածներին փոխհատուցելու պարտավորություն չստանձնեց. Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատում հաշմանդամ դարձած 170 մարդու արդեն երկու տարի է ոչինչ չի վճարվում: «Դինո գոլդ մայնինգ քամփնին» իրեն չի համարում Կապանի լեռնահարստացման կոմբինատի իրավահաջորդ: Անգամ այսքանը լրագրողներին ասելու ժամանակ եւ ցանկություն չունեցավ ընկերության սեփականատերը: Կոմբինատի դարպասների մոտ որեւէ պատասխան ստանալու համար հացադուլի օրերին լրագրողները երկար են սպասել: Ի վերջո, մեզ հաջողվեց իրավաբան Արա Ղոնյանի հետ ընկերության պահակակետում որոշ հարցեր պարզել. նոր ընկերությունում Կապանի լեռնահարստացման կոմբինատի մասին վաղուց արդեն չեն հիշում, խեղվածների մասին խոսելն էլ ավելորդ են համարում:

Վլադիկ Հովսեփյանն իր 1 մլն, Իլյա Բարսեղյանը՝ 366 հազար դրամը չգիտեն, թե ումից պետք է պահանջեն՝ «Դինո գոլդ մայնինգ քամփնիի՞ց», որն իրեն Կապանի լեռնահարստացման կոմբինատի իրավահաջորդ չի համարում, թե՞ ՀՀ կառավարությունից:

«Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների աշխատողների՝ աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության եւ առողջության, այլ վնասի հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին» ՀՀ կառավարության 1992թ. նոյեմբերի 15-ի թիվ 579 որոշման 16-րդ կետը սահմանում էր, որ կազմակերպության լուծարման հետեւանքով վնասը փոխհատուցում է իրավահաջորդը, իսկ վերջինիս բացակայության դեպքում' սոցիալական ապահովության խնդիրներն իր վրա վերցրած կառույցը՝ պետական բյուջեի հաշվին: Սակայն կառավարությունը 2004թ. հուլիսի 22-ին կայացնում է մեկ այլ որոշում, որով ուժը կորցրած է ճանաչվում 579 որոշման 16-րդ կետը: Փաստորեն, Կապանի լեռնահարստացման կոմբինատը լուծարվել է, «Դինո գոլդ մայնինգ քամփնին» իրեն կոմբինատի իրավահաջորդ չի համարում, պետությունն էլ ազատված է պարտականություններից:

Երկու տարի տարբեր ատյաններ դիմած հացադուլավոր Իլյա Բարսեղյանը եւ Վլադիկ Հովսեփյանը այն մասին, որ ոչ ոք պարտավորություն չի վերցրել իրենց փոխհատուցելու, իմացել են հացադուլի միայն վերջին օրը: Հավաքել են գիշերելու պարագաները, պաստառները եւ դադարեցրել հացադուլը: Դա հունիսի 15-ն էր: Նույն օրը, ինչպես տեղեկացրել էր ՀՀ լեռնագործների, մետալուրգների, արհեստակցական կազմակերպությունների ճյուղային միության նախագահ Եվգենի Կոժեմյակինը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում պետք է քննարկվեր Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի աշխատանքային խեղում ստացածների հարցը, որոշման նախագիծ պիտի կազմվեր, որով պիտի վերջնականապես լուծվեր միայն Կապանի կոմբինատի աշխատանքային խեղում ստացած մոտ 170 հաշմանդամների փոխհատուցման հարցը: Սակայն որոշում չի կայացվել, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը հանձնարարել է այս հարցում առաջնորդվել օրենքով:

Այժմ «Դինո գոլդ մայնինգ քամփնին» փոխհատուցում է միայն 5 խեղվածների: Նրանցից երեքը մահացել, իսկ երկուսը հաշմանդամ են դարձել կոմբինատի մասնավորեցումից հետո, նոր ընկերության ղեկավարման ժամանակահատվածում: Դեռեւս չի լուծվել հուլիսի 5-ին ընկերությանը պատկանող Շահումյանի հանքավայրում մահացած 22-ամյա Կարեն Հարությունյանի ընտանիքին փոխհատուցելու հարցը, որի խնամքի տակ է գտնվել մայրը: Մոր' Աիդա Խուրշուդյանի պատմելով՝ սկզբում ասել են, որ իրենց ընտանիքին փոխհատուցում չի հասնում: Երկար պայքարից հետո Աիդա Խուրշուդյանից բժշկական եւ այլ տեղեկանքներ են պահանջել, սակայն դեռեւս որոշում չի կայացվել: Թաղման ծախսերի համար «Դինո գոլդ մայնինգ քամփնին» 1000 դոլար է տրամադրել ընտանիքին, եւս 1000-ը՝ գերեզմանի տարածքը բարեկարգելու համար, 100 հազար դրամ էլ՝ քառասունքի ծախսերի համար: Սակայն ընկերությունը դեռեւս չի վճարել Կարեն Հարությունյանի հուշաքարի համար խոստացված 1500 դոլարը:

Ապրիլի 3-ին «Էս այ փի» ՓԲԸ կենտրոնական ստորգետնյա հանքում մահացած Գագիկ Փարսադանյանի ընտանիքին ընդհանրապես փոխհատուցում չի տրվելու: Ըստ կառավարության թիվ 579 որոշման՝ կազմակերպությունը ազատվում է վնասի փոխհատուցումից, եթե ապացուցում է, որ աշխատողի խեղումը, մասնագիտական հիվանդությունը կամ առողջության այլ վնասումն առաջացել է ոչ իր մեղքով: Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի ստեղծած հանձնաժողովի եզրակացության «շնորհիվ» է տուժողի ընտանիքը զրկվել փոխհատուցումից: Եզրակացության մեջ նշված է, որ դեպքի առաջացման կապակցությամբ պատասխանատու անձինք չկան: Չնայած՝ կառավարության որոշման մեջ սահմանվում է նաեւ, որ ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, անկախ սեփականության ձեւից, նյութական պատասխանատվություն են կրում իրենց մեղքով աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության եւ առողջության այլ վնասման համար, եթե այն առաջացել է կազմակերպության տարածքում կամ դրանից դուրս աշխատանքային պարտականություններ կատարելիս, ինչպես նաեւ կազմակերպության օգտին որեւէ անհրաժեշտ գործողություն կատարելիս:

Գագիկ Փարսադանյանի դեպքում հաշվի չի առնվել, որ նա մահացել է կազմակերպության տարածքում եւ նրա օգտին անհրաժեշտ գործողություն էր կատարում: Հիմք է ընդունվել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի ստեղծած հանձնաժողովի եզրակացությունը եւ կիրառվել կառավարության թիվ 579 որոշման այն դրույթը, ըստ որի՝ եթե կազմակերպությունը ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի կատարվել, ազատվում է դրա փոխհատուցումից: Ահա թե ինչու դժբախտ պատահարների դեպքում ձեռնարկությունների ղեկավարությունը ձգտում է ամեն ինչ անել մեղքը տուժողի վրա բարդելու համար: Այդպիսով նրանք գումարներ են խնայում: «Դինո գոլդ մայնինգ քամփնին» առաջնորդվում է կառավարության թիվ 579 որոշմամբ, ներքին իրավական ակտ ընկերությունը չունի:

ՀՀ լեռնագործների, մետալուրգների, արհեստակցական կազմակերպությունների ճյուղային միությունն այս տարվա առաջին վեց ամիսներին մոտ 30 բողոք-դիմում է ստացել Ախթալայում, Սոթքում, Ալավերդու հանքային ձեռնարկություններում աշխատող բանվորներից: Ինչպես տեղեկացրեց միության փոխնախագահ Անաստաս Փահլեվանյանը, տնօրենները դժվարությամբ են հրամաններ տալիս աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության եւ առողջության այլ վնասման հետեւանքով պատճառված վնասը փոխհատուցելու համար կամ էլ փոխհատուցման ներկայացրածներին ուշացումով եւ դժվարությամբ են վճարում:

Աշխատանքային պարտականությունների հետ կապված խեղում ստացածները չունեն իրենց իրավունքները պաշտպանող օրենք: Օրենքը պետք է ընդունվեր Ազգային ժողովի այս տարվա գարնանային նստաշրջանի ժամանակ, բայց, լեռնագործների արհմիության նախագահ Ե. Կոժեմյակինի ասելով, այն ձգձգվում է տարբեր պատճառաբանություններով: Օրենքի ընդունմամբ կկարգավորվի խեղվածների փոխհատուցման խնդիրը: Նախագծի ընդունումից հետո կստեղծվի հիմնադրամ: Անկախ այն ամենից, տեղի է ունեցել տվյալ ընկերությունում դժբախտ պատահար, թե՞ ոչ, կազմակերպություններն ամեն ամիս գումարը կփոխանցեն հիմնադրամի հաշվին: Առավել վտանգավոր գործունեություն ծավալող կազմակերպություններն ամսական կփոխանցեն աշխատավարձի ֆոնդի 1,5 %-ը, պակաս վտանգավորները՝ 1%-ը, մնացածները՝ 0,5 %-ի չափով:

Նախկինում աշխատանքի ժամանակ խեղվածների փոխհատուցումը վճարվել է Լեռնագործների, մետալուրգների, արհեստակցական կազմակերպությունների ճյուղային միության միջոցով: Մոտ 8 տարի է՝ այս պարտավորությունն այլեւս միությունը չի իրականացնում: Փոխարենը, ինչպես տեղեկացրեց միության նախագահ Ե. Կոժեմյակինը, արհմիությունը որոշել է ձեռնարկությունների հետ կոլեկտիվ պայմանագրերում ներառել մի կետ, որով գործատուն պարտավորվի արտադրությունում աշխատողի մահվան դեպքում, հուղարկավորման ծախսերից բացի, 5 մլն դրամ միանվագ փոխհատուցել ընտանիքին: Առաջարկը մեկ տարուց ավելի է քննարկում են «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՍՊԸ-ի, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի սեփականատերերի հետ, որոնք դեռեւս դրական չեն արձագանքել արհմիության՝ կոլեկտիվ պայմանագիր կնքելու առաջարկին:

Արմինե Պետրոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter