HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժամանակ «գողացողները»

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Մեր հանրությանը տարիներ շարունակ հայտնի են թե՛ անհատների, թե՛ մարդկանց փոքր ու մեծ խմբերի իրավունքների խախտումների հետ կապված բազմաթիվ դեպքեր: Օրինակ՝ քանի-քանի տարի մարդիկ շարունակ պայքարում էին իրենց գույքը, կյանքի ժամանակը «գողացող» իշխանությունների դեմ: Նրանց դիմում-բողոքներն անտեսում էին նաև դատարանները: Բանը հասավ Եվրոպական դատարանին. ճի՛շտ է` Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրեցին տուն գողանալու հետ կապված միլիոնավոր եվրոներ փոխհատուցել, վերջերս էլ միայն մեկ գործով 1,6 մլն դոլար փոխհատուցեցին վնասի համար, բայց գողացված ժամանակը հետ չես վերադարձնի:

Ուրի՞շ, խնդրեմ` «Նաիրիտ» գործարանի աշխատողների պայքարը, խաղաղ պայմաններում սպանված հայ զինվորների սևազգեստ մայրերի պայքարը, հազարավոր գյուղացիների պայքարը ոռոգման կամ խմելու ջրի, գյուղատնտեսությանը չխոչընդոտելու համար և այլն: Իսկ հազարավոր անհատ քաղաքացիների, նրանց ընտանիքների տարաբնույթ փոքր ու մեծ, հայտնի կամ անհայտ պայքարները պետական մեքենա կոչված գերատեսչությունների, կազմակերպությունների, այս ու այն կառույցների տաքուկ աշխատասենյակներում նստած փոքր ու մեծ պաշտոնյաների անտարբերության ու անօրինությունների դեմ,  կարծես, անվերջ են:

«Վաղը եկեք»…, «հետո՛»…, «մի փոքր սպասե՛ք»…, «պետք է որ լավ լինի»…, «ԺԱՄԱՆԱԿ Է պահանջվում»…, «դիմում գրե՛ք», «գրե՛ք այս կամ այն մարմնին, պաշտոնյային». ահա մարդկանց ժամանակը «գողացողների» կախարդական բառերը: Ու այսպես` իշխանական փոքր ու մեծ աթոռներին նստած, ժամանակի կախարդական բանալին ձեռքները բռնած իշխում են… 

Ու՞ր են տանում այս բազմազան տանջալից պայքարների ուղիները. դատարան: Իսկ ի՞նչ է դատարանը: Օրենքի համաձայն` դատարանի դահլիճներում բոլորիս պարտադրում են ասել «Հարգելի´ Դատարան»: Այնպիսի տպավորություն է, որ դատարանը միայն դատարանի շենքն է, իսկ դատողների ուղեղները ապագայից ստացված նանոտեխնոլոգիաներով պատրաստված անսխալական սարքեր են՝ արժանի անվերապահ հարգանքի: Դե՛, սրտի ու հոգու մասին չեմ խոսում. ինչի՞ մասին է խոսքը`օրենք + դատ ու դատաստան… կհիշե՞ք`մի կարճամետրաժ ֆիլմ կար` դատական պրոցես է, մարդուն մահվան են դատապարտում, և խորհրդակցական սենյակում մեկը բացում է դատավորների գանգատուփերը և…պարզվում է, որ ռոբոտներ են` ծրագրով աշխատող:

Ուրեմն հասանք դատարան: Վաղուց ի վեր մտածված է` թագավորի նման` դատավորների աթոռները դահլիճում հավաքված մահկանացուներից բարձր են դրվում` բեմի վրա, որ իշխեն վերևից` օրենքի ուժով վերից գցված անսխալական հայացքով: Դռնեդուռ վազած, դիմումներ ու բողոքներ գրելուց հուսահատված մարդը վերջին քայլն է անում` «հարգելի դատարանի» դուռը թակում: Ի՞նչ իմանա խեղճ մարդը, որ այստեղ էլ են, նախ, ժամանակ «գողանում»: Գրեթե բոլորը, ովքեր  դատական համակարգից արդարության ակնկալիքներ ունեն, գիտեն, որ մանավանդ 2018թ.-ի մայիսյան փոփոխություններից հետո դատավորներն ակնհայտորեն խախտում են ողջամտության բոլոր թույլատրելի սահմանները: Ժամանակ են գողանում մարդկանցից, ամիսներ, տարիներ: Գիտե՞ք ինչու. նույն  ֆենոմենն է`կախարդական բանալին, որ վաղվա հույս է տալիս՝ միգուցե ՎԱՂԸ լավ կլինի` արդարությունը կհաղթի: Բայց Ֆրունզիկի ասած`«Էհհհհհհհ՜»-ն է սպասվում… ի՞նչ արդարություն, ի՞նչ օրենք, ի՞նչ իրավունք…

Թվում է՝ դատաիրավական համակարգը բացեիբաց պատերազմ է հայտարարել պայքարող, չնահանջող քաղաքացուն: Քիչ է մնում իրենց ամուր կապեն աթոռ-գահերին, սեղանին էլ գնացուցակ կպցնեն`թե որ գործն ինչ արժե կամ ոնց արժե…

Այստեղ կոնկրետ մեկ օրինակ կբերեմ`ժամանակ «գողացողների» մասին: Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահության օրոք ակնհայտ կերպով ժամանակ «գողանալու» համար կոնկրետ որոշում ընդունեցին, որը կրակը գցեց թե՛ հազարավոր դատապարտյալների, թե՛ պաշտպաններին, թե՛ վարչական դատարանին, թե՛ քրեակատարողական համակարգին: Խնդիրը հետևյալն է` քրեաիրավական ոլորտին վերաբերող`պատիժների իրականացման հետ կապված հարցերի վերաբերյալ տասնյակ տարիների փորձ ունեն և մասնագիտացած են ընդհանուր իրավասության դատարանների դատավորները: Հենց այս դատարանն էր տարիներ շարունակ պատժի կրման հետ կապված բոլոր հարցերը լուծում, ինչպես նախատեսում էր օրենքը: ՍԴ-ի «թեթև» ձեռքով, չցանկանալով քրեաիրավական ոլորտում պատժի կրման հետ կապված որոշ հարցերի օբյեկտիվ և օրինական լուծումներ տալ, խնդիրը գցեցին վարչական դատարանի վրա, որը երբեք չի զբաղվել այս ոլորտով, ավելին՝ մասնագիտացած չէ: Պատժի կատարման, կրման հետ կապված, պատժի կատարման ընթացքում առաջացած խնդիրները բարդել այս դատարանի վրա` առնվազն հակաիրավական է: Ավելին` նաև քրեաիրավական ոլորտում մասնագիտացած փաստաբանների մեծամասնությունը չունի բավարար փորձ և գիտելիքներ վարչարարության բնագավառում: Դատապարտյալների մասին խոսքերն ավելորդ են` հատ ու կենտ դատապարտյալներ կարող են տարբերակել վիճարկման հայցը ճանաչման հայցից: Մի բան էլ`քրեակատարողական համակարգը ինչ-որ ակտ կայացնելիս չի նշում, թե վերադասության կարգով որտեղ կարելի է բողոքարկել, չի նշում, թե դատական կարգով` որ դատարան կարելի է բողոքարկել, անթույլատրելի կերպով չեն նշում նաև բողոքարկման ժամկետները: Այս ամենը հանգեցնում է դատապարտյալների իրավունքների խախտումների: Եթե ոմանց հաջողվում է պաշտպան ունենալ և դատարան դիմել, ապա նորից սկսվում է ժամանակի «գողությունը»: Վարչական դատարանում, օրինակ, այս տարվա օգոստոսին մուտքագրված հայցի վերաբերյալ դատական նիստը նշանակվում է արդեն եկող տարվա մարտին: Պատկերացնու՞մ եք` մարդու հիմնարար իրավունքները խախտվում են, և անհապաղ լուծումների անհրաժեշտություն կա, իսկ նա պետք է տարիներով ընկնի դատարանների դռները ու դեռ վերջում էլ հարցական է` արդարությու՞նը կհաղթի, թե փողն ու զանգը…

Այս իրավիճակը միտված է նրան, որ մարդը հոգնի ու հիասթափվի հանուն արդարության պայքարի ճանապարհին: Սակայն, թեկուզ քիչ, բայց կան համառ մարդիկ, ովքեր երբեք կանգ չեն առնի, իսկ պայքարի գործիքները կարող են փոխվել…քանի որ մարդու կյանքի ժամանակը սահմանափակ է…

Շարունակելի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter