HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

«Հրդեհներից» հետո ՄԱԿ-ի օրակարգում է «սառեցված» հակամարտությունների թեման

Վարդան Օսկանյան. «Սա մեզ համար նոր մարտահրավեր է»

Թեեւ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 61-րդ նստաշրջանի գլխավոր կոմիտեն որոշում էր կայացրել ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության առաջարկությունը' «Ձգձգված հակամարտությունները ՎՈՒԱՄ տարածաշրջանում եւ դրանց ազդեցությունը միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման վրա» կետը Գլխավոր վեհաժողովի օրակարգում չընդգրկել, սակայն երկու օր անց՝ սեպտեմբերի 13-ին, պարզ քվեարկությամբ եւ մեկ ձայնի տարբերությամբ այդ կետը, այնուամենայնիվ, մտավ օրակարգ:

Այսպիսով' երկրորդ փորձով ՎՈՒԱՄ երկրներին ձայների 16-15 հարաբերակցությամբ հաջողվեց «սառեցված» հակամարտությունների հարցի քննարկումը տեղափոխել ՄԱԿ: Ուշագրավ են քվեարկության արդյունքները. ՎՈՒԱՄ-ի նախաձեռնությունը պաշտպանել են Միացյալ նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Թուրքիան, Ռումինիան, Մեքսիկան, Ճապոնիան, Իռլանդիան, Գվատեմալան, բալթյան երեք երկրները՝ Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան, որոնք Մոսկվայի հետ ունեն չափազանց բարդ հարաբերություններ, ինչպես նաեւ ՎՈՒԱՄ երկրները, բացառությամբ Վրաստանի, որը ՄԱԿ-ում զրկված է ձայնի իրավունքից, քանի որ չի վճարել կազմակերպության տարեկան անդամավճարը: Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Հայաստանը, Կիպրոսը, Հունաստանը, Անգոլան, Ալժիրը, Էրիթրեան, Գվինեան, Ինդոնեզիան, Մյանմարը, Նիգերիան, Պանաման, Հարավ-աֆրիկյան հանրապետությունը, Շրի Լանկան եւ Զիմբաբվեն: ՄԱԿ-ի անդամ 65 երկիր ձեռնպահ է քվեարկել, եւս 96 երկիր քվեարկությանը չի մասնակցել:

«Ռուսաստանում անարդյունավետ են համարում ղարաբաղյան, վրաց-աբխազական, վրաց-հարավօսական եւ մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման գոյություն ունեցող մեխանիզմների ապամոնտաժման փորձերը»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Կամինինը:

Նկատենք, որ «սառեցված» հակամարտությունների հարցը Գլխավոր վեհաժողովի գլխավոր կոմիտեում քվեարկելու ժամանակ դեմ էին եղել Ռուսաստանն ու Հայաստանը:

Պաշտոնական Երեւանը պակաս մտահոգված չէ: Արտգործնախարարությունը անմիջապես արձագանքեց «սառեցված» հակամարտությունների հարցի՝ ՄԱԿ-ի օրակարգ տեղափոխմանը :

«Հայաստանի դիրքորոշումն այս հարցում միշտ նույնն է. մենք սա անիմաստ ենք համարում, այսպես ասած՝ ջանքերի ջլատում: Կարծում ենք, որ պետք է կենտրոնանալ Մինսկի գործընթացի վրա, եթե ուզում ենք հասնել արդյունքների: Եթե կան այլ նպատակներ, դա ուրիշ խնդիր է: Հայաստանը ցանկություն չունի մտնել այդ խաղերի մեջ: Մենք կարծում ենք, որ սեղանի վրա կա լուրջ առաջարկություն: Եթե Ադրբեջանը լուրջ է տրամադրված այդ բանակցություններին, դրանց բովանդակությանը, ապա պետք է կենտրոնանա Մինսկի գործընթացի վրա եւ չփորձի գործընթացը շեղել՝ տանելով այլ ատյաններ»,- ասաց Օսկանյանը լրագրողների հետ զրույցում:

Արտգործնախարարը, մյուս կողմից, մարտահրավեր է որակում ղարաբաղյան հարցը ՄԱԿ-ում քննարկելու հավանականությունը: «Հարցը մեզ համար նոր մարտահրավեր է, քանի որ այստեղ որակական եւ քանակական փոփոխություններ կան: Գործ ունենք ոչ միայն Ադրբեջանի, այլ չորս տարբեր երկրների հետ (նկատի ունի ՎՈՒԱՄ պետություններին- Թ. Հ.), յուրաքանչյուրն իր բարեկամների շրջանակն ունի, նրանց ընդհանուր շահերն ընդլայնում են շահագրգռության շրջանակը»,- ասաց նա սեպտեմբերի 16-ին արտերկրում հավատարմագրված Հայաստանի դիվանագետների երեւանյան ավանդական հավաքից հետո:

Երեւանն արդեն «սպառնացել» է Բաքվին, որ եթե ադրբեջանական կողմը շարունակի հակամարտությունը այլ ատյաններ տեղափոխելու իր ջանքերը' այդպիսով շեղվելով Մինսկի գործընթացից, ապա ստիպված կլինի բանակցություններ վարել Ստեփանակերտի հետ: Հայկական կողմն իր «զինանոցում» ունի ճնշումներ բանեցնելու այլ մեխանիզմներ, եթե, իհարկե, դրանք կարելի է Ադրբեջանի վրա ճնշման միջոցներ որակել:

Օսկանյանն ասում է, որ եթե գործընթացները տեղափոխվեն ՄԱԿ, Լեռնային Ղարաբաղն անպայման պետք է ներգրավված լինի: «Մենք, Ղարաբաղի ճակատագիրը Հայաստանի ուսերի վրա վերցրած, չենք կարող թողնել այն Լատինական Ամերիկայի որեւէ երկրի քվեարկությանը: Դրա համար էլ Ղարաբաղը պետք է գործընթացում լինի, եթե բանակցությունները դուրս բերվեն Մինսկի խմբի շրջանակներից: Հայաստանը կարող է շարունակել իր ներգրավվածությունը միայն Ստեփանակերտի ներկայությամբ»,- ասաց նախարարը' վկայակոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. ապրիլ-նոյեմբեր ամիսներին ընդունած 4 բանաձեւերը, որոնցում, ի թիվս այլ հորդորների ու մտահոգությունների, Հայաստանին կոչ է արվում օգտագործել իր դրական ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի վրա' օժանդակելու կրակի դադարեցմանը եւ հարցի կարգավորմանը:

«Ստեփանակերտը պետք է պատրաստ լինի ցանկացած ձեւաչափով եւ ցանկացած ատյանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման քննարկմանը»,- ասում է ԼՂ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում «սառեցված հակամարտությունների» հարցը քննարկելու ՎՈՒԱՄ-ի նախաձեռնությանը' Պետրոսյանը նկատում է, որ աշխարհը զարգանում է, եւ ղարաբաղյան հարցը բարդ է, կարող է քննարկվել տարբեր ատյաններում, միայն պետք է պատրաստ լինել տարբեր ատյաններում եւ տարբեր ձեւաչափերով քննարկմանը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի հետխորհրդային տարածքի չորս հակամարտությունների թեման, կրկին ՎՈՒԱՄ-ի նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի 60-րդ Գլխավոր վեհաժողովի գլխավոր կոմիտեի օրակարգ էր մտել, սակայն Գլխավոր վեհաժողովը հրաժարվել էր այն տեղափոխել Գլխավոր վեհաժողով եւ ազգամիջյան, տարածքային հակամարտությունները քննարկել այնտեղ:

Պաշտոնական Երեւանը պնդում է, թե Ադրբեջանն անընդհատ փորձում է ուշադրությունը շեղել Մինսկի գործընթացից, ինչը կարող է վիժեցնել ղարաբաղյան կարգավորման վերջին շրջանում ձեռք բերված առաջընթացը: Ըստ նախնական պայմանավորվածության' Նյու Յորքում սեպտեմբերի վերջերին ակնկալվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը, թեեւ Օսկանյանի ասածներից տպավորություն չի ստեղծվում, որ նման հանդիպում կայանալու է: Միգուցե սա էլ է «ճնշման» միջոց:

Արտգործնախարարի ասելով՝ Բաքուն ավելի վաղ իր համաձայնությունն է տվել Մինսկի խմբի առաջարկած երկուսուկես էջանոց փաստաթղթի դրույթների մեծ մասին, սակայն, ըստ երեւույթին, փորձում է հետադարձ ընթացք հաղորդել գործընթացին, եւ Ադրբեջանի հաշվարկներով՝ դրան հասնելու միջոց են Մինսկի գործընթացից ուշադրություն շեղելու եւ խնդրի քննարկումը ՄԱԿ տեղափոխելու փորձերը: «Այնպես որ, հարցականի տակ է' Նյու Յորքում արտգործնախարարների հանդիպում կլինի՞, թե՞ ոչ, քանի դեռ հստակություն չկա, թե ՄԱԿ-ում գործընթացներն ինչ ուղղությամբ կգնան: Մենք պատրաստ ենք հանդիպման ցանկացած ժամանակ, սակայն անհրաժեշտ է բարենպաստ մթնոլորտ, որպեսզի արդյունքի հասնենք»,- ասաց Օսկանյանը:

Հայաստանի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը պնդում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քննարկումով եզրակացություն կարվի, որ ԵԱՀԿ-ն պետք է շարունակի միջնորդական առաքելությունը: ՎՈՒԱՄ-ի նախաձեռնությունը, ըստ Ռուստամյանի, չի նշանակում, թե ՄԱԿ-ը ԵԱՀԿ-ից կվերցնի ղարաբաղյան կարգավորման առաքելությունը: Ավելին, ՄԱԿ-ը չի կարող առաջ տանել կարգավորման գործընթացը, իսկ կազմակերպության Նյու Յորքի կենտրոնակայանում չկա գերիշխող տեսակետ, թե Մինսկի եռանախագահության ձեւաչափը ձախողվել է:

Վերադառնալով ՎՈՒԱՄ երկրների նախաձեռնությանը' պետք է նկատել, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար ամենաաննպաստ պահը հետխորհրդային չորս հակամարտությունները նույն հարթության միջեւ դիտելու եւ այդ չորս խնդիրները միասնական ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողով տեղափոխելու Ադրբեջանի եւ ՎՈՒԱՄ մյուս անդամ երկրների ջանքերն են: Բաքուն փորձում է ամեն կերպ նույն հարթության վրա դնել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ աբխազական, հարավօսական եւ մերձդնեստրյան հակամարտությունները' դրանք ներկայացնելով ագրեսիվ անջատողականություն (Բաքվի կարծիքով-Թ.Հ.):

ՀՀՇ վարչության անդամ, ղարաբաղյան կարգավորման նախկին բանագնաց Դավիթ Շահնազարյանը պնդում է, որ եթե մինչեւ 2006 թվականը ԼՂ հիմնահարցի գործընթացները Հայաստանի համար գնում էին վատ ուղղությամբ, ապա 2006-ից շատ վատ ուղղությամբ են գնում։ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը, հատկապես Ղարաբաղի հարցում, արդեն նմանվում է պարտվող պարտիայի։ Խնդիրը թափով տեղափոխվում է ՄԱԿ, ընդ որում՝ մի քանի մակարդակներում։ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարում է, որ եթե Ադրբեջանը հարցը տեղափոխի ՄԱԿ, ապա մենք բանակցային գործընթացը կդադարեցնենք։ Հաջորդ օրը պարզվում է, որ Հայաստանի համաձայնությամբ արդեն օրակարգ է մտել «Ադրբեջանի գրավյալ տարածքների հարցը»»,- ընդգծեց Շահնազարյանը' հիշեցնելով, որ, ըստ էության, Երեւանն առաջին անգամ համաձայն է, որ տարածքներ է գրավել։

Շահնազարյանը նաեւ պնդում է, որ Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացումը խորանում է, եւ մեր երկիրը, փաստորեն, դաշնակից չունի։ ՀՀՇ վարչության անդամը մտահոգված է, որ տարածաշրջանային նոր նախագծերի կյանքի կոչվելուց հետո Հայաստանի վիճակն էլ ավելի կբարդանա։ «Կարս–Ախալքալաք–Թբիլիսի երկաթուղու կառուցումը, կարծում եմ, կսկսվի, որից հետո Հայաստանի դերը տարածաշրջանում կմոտենա զրոյականի»։ Շահնազարյանը նաեւ նկատում է, որ եթե 1997 թվականին Հայաստանն ընդուներ կարգավորման փուլային առաջարկությունները, ապա «Բաքու–Թբիլիսի–Ջեյհան» նավթամուղը հնարավոր էր անցներ Հայաստանի տարածքով։

Մինչդեռ միջազգային հանրությունը, առաջին հերթին Մինսկի խմբի եռանախագահությունը, իսկ նրանց շարքում առաջին հերթին Մ. Նահանգները, այդ չորս հակամարտությունների միջեւ հստակ տարանջատում է դնում: Վաշինգտոնի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ եթե Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունը պետք է լուծվի Վրաստանի, իսկ մերձդնեստրյանը՝ Մոլդովայի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում, ապա Լեռնային Ղարաբաղի դեպքում վերջինիս կարգավիճակը պետք է որոշվի Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցությունների արդյունքում, ավելի պարզ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման Բաքվի պնդումը կասկածի տակ է դրվում:

Թերեւս պատահական չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին առաջարկներում, ավելի կոնկրետ՝ կարգավորման երկուսուկես էջանոց սկզբունքներում, հստակ, հենց առաջին կետում գրված է, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեով: Սա լավ է, թե վատ Երեւանի ու Ստեփանակերտի համար, քննարկման լուրջ թեմա է, բայց հստակ է, որ «հանրաքվե» բառն իսկ նյարդայնացնում է Բաքվին, իսկ բանակցային վերջին, հերթական փակուղին «կառուցելու» գործում ավելի շատ քարեր հենց Ադրբեջանն է դրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter