HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վարորդին ծեծած ոստիկանն արդարացվել է, իսկ վարորդը՝ դատապարտվել

2019 թ․ օգոստոսի 28-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրեց Ճանապարհային ոստիկանության ծառայող Արտակ Ղազարյանին, ում մեղադրանք էր առաջադրվել վարորդին ծեծելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել 2015 թ․–ին, մեղադրանք առաջադրելուց հետո Արտակ Ղազարյանի լիազորությունները դադարեցվել են։

Տուժող վարորդ Էդգար Դավթյանը և գործով դատախազը բողոքարկել են ՃՈ տեսուչի արդարացման որոշումը։ էդգար Դավթյանը կարծում է, որ իրեն ծեծած ոստիկանը արդարացվել է, որպեսզի կրկին անցնի ծառայության։

Ինչի՞ց սկսվեց ոստիկանի և վարորդի վեճը

Ճանապարհային ոստիկանության ծառայող Արտակ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել 2015 թվականի մարտի 28-ին տեղի ունեցած վիճաբանության հետևանքով։ Այդ օրը նա ոտքով հարվածներ է հասցրել վարորդ Էդգար Դավթյանին, ում մեքենան կանգնեցրել է։

Էդգար Դավթյանին՝ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցով մեքենան վերանորոգողի մոտ տանելուց Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը կանգնեցրել և հայտնել է, որ պետք է վարչական ակտ կազմի, քանի որ մեքենայի առջևի մասում պետհամարանիշը փակցված չի եղել։

Էդգար Դավթյանը պարզաբանել է, որ մեքենան վերանորոգման փուլում է, այդ պատճառով դիմացի պետհամարանիշը բացակայում է։ «Ասաց՝ 100 հազարի ակտ է, բայց այնպես կանենք, որ լավ կլինի։ Ես բան չխոսեցի։ Ինքը գնաց, ես մտածում եմ՝ կարող է անգամ ակտ էլ չգրի, որ ասում է՝ համ մեզ լավ լինի, համ քեզ։ Երբ սկսեց գրել, հարց եմ տալիս, չի պատասխանում։ Արդեն փաստաթուղթը վերցրեցի, շրջեց՝ թե տուր փաստաթղթերը։ Մտավ գրպաններս։ Փորձեցի հունից դուրս չգալ։ Ասեցի՝ ձեռքերդ քաշի գրպանիցս, մի արա սենց բան, ասա՝ ի՞նչ ակտ ես գրում։ Մեքենայից մյուս ոստիկանն է դուրս գալիս՝ այ թուլա, այ լակոտ․․․տուր ստեղ պռավեդ», - «Հետքի» հետ զրույցում պատմեց Էդգար Դավթյանը։

Դեպքին միջամտել է նաև Պետական պահպանության ծառայության տարածքում գտնվող երկու ոստիկան։ Էդգարը պատմում է, որ ոստիկաններն այդ ընթացքում բռնել են վերարկուից և անընդհատ քաշքշել։ Եկած ոստիկաններից մեկն էդգարին ասել է՝ այ տղա, ինչ ես բոռում։ էդգարը ոստիկանին կոչ է արել հարգալից խոսել իր հետ, քանի որ բոռում է անասունը, ոչ թե մարդը։ Այդ պահին ՃՈ ոստիկան Արտակ Ղազարյանը քաշել է Էդգարի ձեռքից և ծնկով հարվածել ոտքին, սկսել գոռգռալ Էդգարի վրա։ Էդգարը փորձել է ձեռքը քաշել, սակայն Արտակ Ղազարյանը երկու անգամ հարվածել է նրա գլխին։

«Անակնալի գալով, որ ոստիկանը խփում է ինձ, ազատվում եմ նրա ձեռքից, լրիվ ուրիշ հոգեվիճակի մեջ լինելով, ռեֆլեքսորեն՝ ինքնապաշտպանական բնազդով, գրպանիցս հանում եմ օրինական գազային ատրճանակս, պահում եմ ներքև, մի պահ բարձրացնում վերև, որ մոտիկ չգան, հետո արդեն իջեցնում։ Իրենք արդեն հասկանալով, որ մարտական ատրճանակ չի, չեմ էլ կրակելու, գալիս վերցնում են, ու սկսում հարվածել, գետնին գցել, ոտքերով խփել՝ հայհոյանքներ հնչեցնելով»,- պատմում է Էդգարը։

Միջադեպը տեսանկարահանվել է տարածքում տեղադրված տեսախցիկներից մեկի միջոցով։ Նկարահանումից երևում է, որ տարածքում հավաքված քաղաքացիները, տեսնելով ոստիկանների գործողությունները, մոտենում են։ Նրանցից մեկը հետ է քաշում Արտակ Ղազարյանին, սակայն վերջինս կրկին մոտենում է գետնին պառկած Էդգար Դավթյանին և շարունակում ոտքերով հարվածել։

Ոստիկաները Էդգար Դավթյանին տեղափոխում են ոստիկանական բաժանմունք, խմածությունը ստուգում և համոզվում, որ խմած չէ։

Ոստիկանների կողմից իրեն ծեծելու մասին էդգարը հայտնել է ոստիկանության Արմավիրի բաժնում։ Գործի քննությունն անցնում է Հատուկ քննչական ծառայություն, քանի որ դրանում ներգրավված են ոստիկանության ծառայողներ։ Ծեծի մասին էդգարը նաև հայտնել է ոստիկանության ներքին գործերի վարչությունում։

2015 ապրիլի 16-ին Էդգար Դավթյանը տուժող է ճանաչվում,  իսկ օգոստոսի 25-ին Արտակ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվում՝ Քրեական օրենսգրքի 309 հոդվածով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու հիմքով։ 

Ինչպե՞ս կողմերը տարբեր գործերով դարձան մեղադրյալ

Սակայն գործից ամիսներ անց՝ 2016 թվականի ապրիլի 12-ին, Էդգար Դավթյանն անակնկալի է գալիս, երբ Քննչական կոմիտե է հրավիրվում հարցաքննության և այնտեղ տեղեկանում, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար իրեն մեղադրանք է առաջադրվում։

«Ինձ ոչինչ չի էլ ասել քննիչը, չէի էլ ենթադրի, որ ինձ մեղադրանք կառաջադրվի, դա չէի էլ կարող հավանական համարել»,-ասում է Էդգարը։

Քննիչի միջնորդության հիման վրա դատարանը որոշում է Էդգարին երկամսյա ժամկետով կալանավորել, ապա կալանքի ժամկետը երկու ամսով ևս երկարացվում է։ Նախաքննության ավարտից հետո Էդգարը գրավի դիմաց դուրս է գալիս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Նրա պաշտպանական կողմը 2016 թվականին, կալանքի որոշումը ներպետական ատյաններում բողոքարկելուց հետո, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և սպասում է արդեն գործի վճռին։

էդգարը «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ ՊՊԾ ոստիկան Աշոտ Յոլչյանը Հատուկ քննչական ծառայությունում մի քանի անգամ հակասական ցուցմունքներ է տվել, ասելով, որ Էդգար Դավթյանը իրենց վրա գազային ատրճանակ է պահել և հինգ րոպե սպառնացել՝ ասելով. «Չմոտենաք՝ կխփեմ»։ Այնինչ, երբ Յոլչյանին ՀՔԾ-ում ցույց են տվել դեպքի տեսագրությունը, վերջինս հայտնել է, որ տեղյակ չի եղել տեսագրության առկայության հանգամանքից և ցուցմունքի սկզբնամասում որոշ հանգամանքների մասին ստել է՝ նպատակ ունենալով օգնել գործընկերոջը՝ Արտակ Ղազարյանին։ ՊՊԾ ոստիկանն այդ անգամ վերափոխել է նաև նախորդ ցուցմունքում ասված միտքը՝ ընդգծելով, որ Էդգար Դավթյանն ատրճանակը հանել և ասել է. «Մոտ չգնաք»։

2018 թվականի հունվարին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Էդգար Դավթյանը դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման։ Դավթյանի պաշտպանական կողմը վճիռը բողոքարկեց Վերաքննիչ դատարանում, սակայն դատարանն առաջին ատյանի որոշումը թողեց անփոփոխ։ Էդգար Դավթյանը պատիժը չկրեց ՔԿՀ-ում, Էրեբունի-Երևան 2800 -ամյակին նվիրված համաներմամբ ազատ արձակվեց։

Էդգար Դավթյանն ասում է՝ ՃՈ տեսուչն արդարացվեց, իրեն միտումնավոր այլ գործով մեղադրանք առաջադրեցին, որպեսզի Արտակ Ղազարյանն արդարացվի, վերականգնվի նախկին աշխատանքին։

«Արտակ Ղազարյանի արդարացումը երբ դատավորը կարդաց, հասկացա, որ այստեղ խոշոր խաղ է գնացել, որ մեղադրեն ինձ, որպեսզի նրան կարողանան արդարացնեն»,- ասաց նա։

Տեղի ունեցած միջադեպի և դատական գործերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար փաստաբան Խաչատուր Խաչատրյանի միջոցով դիմեցինք ՃՈ տեսուչ Արտակ Ղազարյանին, սակայն վերջինս այս փուլում հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter