Քաղաքացին չի կատարել կամավոր ստանձնած պայմանագրային պարտավորությունները․ «Այբ» դպրոցի պատասխանը
Ստորև ներկայացնում ենք «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի տեսակետը Գրիշա Բալասանյանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 16-ին հրապարակած նյութի (այսուհետ՝ Նյութ) վերաբերյալ։
Նախ անդրադառնամ նյութի ձևաչափին։
«Այբ» դպրոցի հաղորդակցության, մեդիայի հետ կապերի ու միջոցառումների կազմակերպման բաժնի ղեկավար Քրիստինե Քյուրքլյանի հետ զրույցում գլխավոր խմբագրի պնդմամբ՝ Նյութի հեղինակի համար դրանում հրապարակված տեղեկույթի համար հիմք են ծառայել դատարանների կայացրած վճիռները/որոշումները և դատական վեճի կողմ հանդիսացող Նինա Ամիրխանյանի փաստաբան Վարդան Առաքելյանի կարծիքները/տեղեկատվությունը: Ընդ որում Նյութը չի պարունակում որևէ հղում կամ որոշման համար, որը թույլ կտա կայքի լսարանին կատարելու անաչառ հետևություններ:
Նյութում զետեղված տեղեկույթը պարունակում է նշում «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ/Դպրոց) ենթադրյալ դիրքորոշման մասին՝ առանց որևէ հղում տալու դատարանի համապատասխան որոշմանը կամ Հիմնադրամի ներկայացուցչի կարծիքին/տեղեկատվությանը, որի շրջանակում կարող է հնչած կամ արտահայտված լիներ նմանատիպ կարծիք: Ընդ որում փաստում ենք, որ Նյութի հրապարակումից առաջ Նյութի հեղինակը որևէ քայլ չի ձեռնարկել լսելու մյուս կողմի՝ Հիմնադրամի կարծիքը, որի արդյունքում արձանագրում ենք ոչ անաչառ, միակողմանի և ոչ հավասարակշռված Նյութի հրապարակում: Նշենք, որ պատրաստ էինք մեզ դիմելու դեպքում սկզբնական նյութի համար տալ մեկնաբանություն։
Այժմ անդրադառնամ վեճի առարկային՝ վկայակոչելով Nº ԵԱՔԴ/5431/02/15, Nº ԵԱՔԴ/5318/02/15, Nº ԵԿԴ/0388/02/16 դատական գործերի շրջանակում դատարանի հաստատած փաստերը:
- Հիմնադրամը երեխայի փաստաթղթերը տրամադրել է կողմերի միջև 2015 թ. հուլիսի 1-ին կնքված՝ ուսումնառության մասին թիվ ES 068/15 պայմանագրով սահմանված ժամկետում. «Պայմանագրի կողմերը իրենց նախաձեռնությամբ կարող են լուծել պայմանագիրը՝ նախապես 10 օր առաջ մյուս կողմին ծանուցելու պայմանով: Պայմանագրի լուծման օր է համարվում տասնօրյա ժամկետի ավարտը կամ Կողմերի համաձայնությամբ այլ ժամկետ»: Անձնական գործը հանձնվում է պայմանագրի լուծման օրը: Օրինական ներկայացուցչի ծանուցումը ստացվել է 2015 թ. նոյեմբերի 16-ին, ծանուցմանը հաջորդող 8-րդ աշխատանքային օրն անձնական գործը հանձնվել է, և այնուհետ կնքվել է համաձայնագիր: Դատարանը փաստում է, որ իրավահարաբերությունները դադարել են 2015 թ. նոյեմբերի 25-ին, հետևաբար այդ պահից ի վեր Հիմնադրամը երեխայի անձնական գործն իր մոտ պահելու որևէ հիմք չուներ։ Դատարանը միևնույն ժամանակ արձանագրում է, որ երեխայի անձնական գործը հանձնվել է ծնողին պայմանագրով սահմանված ժամկետում, այսինքն՝ Նինա Ամիրխանյանի պահանջը փաստացի և ամբողջությամբ կատարվել է: Ավելին՝ դատարանը փաստում է նաև, որ Նինա Ամիրխանյանը դատարան է դիմել իր ենթադրյալ իրավունքների դատական պաշտպանության նպատակով, որը, ըստ նրա, արտահայտվել է Դպրոցի կողմից աշակերտի անձնական գործն իրեն չտրամադրելով, ուստի դատարանը հայցը մերժել է այն պարզ հիմնավորմամբ, որ պայմանագիրը լուծելու և Դպրոցի կողմից անձնական գործը տրամադրելու պարագայում Ամիրխանյանի ներկայացրած պահանջը դառնում է առարկայազուրկ:
- Նյութում նշված է, թե Նինա Ամիրխանյանը չի ծանոթացել Հիմնադրամի հետ կնքված պայմանագրին։ Այս մասով հարկ ենք համարում պնդել, որ Հիմնադրամն ամեն ուսումնական տարի պայմանագիր է կնքում աշակերտի օրինական ներկայացուցչի հետ, իսկ Նինա Ամիրխանյանը երրորդ անգամ է ստորագրել ուսումնառության պայմանագրի նույնաբովանդակ տարբերակը, և որևէ մեկը չի ստիպել նրան երեք անգամ անընդմեջ մտնել կամավոր հարաբերությունների մեջ:
- Նինա Ամիրխանյանի փաստաբան Վարդան Առաքելյանի պնդումը, թե «Դպրոցը ստեղծել էր ծնողի` տվյալ դեպքում Նինա Ամիրխանյանի համար այնպիսի անբարենպատ պայմաններ, որ ծնողը ստիպված ստորագրել է 25.11.2015 թ. համաձայնագիրը՝ գումարը վճարելու մասին, և երեխայի կրթության իրավունքն իրականացնելու համար վերջապես ստացել է երեխայի անձնական գործը», չի համապատասխանում իրականությանը, քանի որ համաձայնագրի դրույթները չեն պարունակում այլ բան, քան կողմերի միջև կնքված ուսումնառության պայմանագրի դրույթները։
- Հոդվածում պնդումներ են հնչում, թե այլ երկրում աշխատանքի առաջարկ ստանալն ու այնտեղ բնակվելու որոշումը ծնողի կամքից անկախ հանգամանք են և/կամ ֆորսմաժորային իրավիճակ։ Սա ևս հերքվել է դատարանի կողմից, քանի որ դա սուբյեկտի ինքնուրույն որոշման դաշտում է, և անձն անկախ է իր երեխայի կրթությունը շարունակելու կամ չշարունակելու որոշումը կայացնելիս: Դատարանը հաստատված է համարել նաև այն հանգամանքը, որ օբյեկտիվ իրականության մեջ կարող են լինել հանգամանքներ, որոնք պարտադրում են սուբյեկտին կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից, որպիսին տվյալ պարագայում բողոքող կողմի ընտանիքի՝ Քուվեյթ տեղափոխվելու և, դրանով պայմանավորված, նրա երեխայի անձնական գործերը ստանալու անհրաժեշտությունն էր: Սակայն պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պարտադրվածությունը չի եղել «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի կամ մի երրորդ անձի վարքագծի (մեղքի) հետևանք։ Ուստի հոդվածագրի այն պնդումները, թե Ն. Ամիրխանյանը (իր վկայակոչած պատճառներից ելնելով) ստիպված է եղել ստորագրելու համաձայնագիրը, չի կարող վերաբերելի լինել համաձայնագրի անվավերության գնահատման տեսանկյունից:
- Փաստաբան Վարդան Առաքելյանի պնդումն առ այն, որ դատարանը չի անդրադարձել այն փաստին, թե ինչ վնաս է կրել «Այբ կրթական հանգույց» հիմնադրամը, հիմնազուրկ է, քանի որ դատական հայցը ներկայացվել է ոչ թե Հիմնադրամի վնասի փոխհատուցման պահանջով, այլ ուսումնառության պայմանագրի շրջանակում Նինա Ամիրխանյանի պարտավորության կատարման, այն է՝ պայմանագրի գնի բռնագանձման պահանջով: Ն. Ամիրխանյանի պայմանագրային պարտավորությունները, որոնք նա կամավոր ստանձնել է, ենթակա են կատարման և որևէ ձևով չեն առնչվում մեկ այլ պայմանագրով մեկ այլ անձի հետ կնքված պայմանագրային պարտավորությունների հետ:
Հիմնազուրկ է նաև հոդվածում եղած այն պնդումը (որը բխում է փաստաբան Վ. Առաքելյանի՝ հոդվածում մեջբերված հետևյալ արտահայտությունից՝ «...հիմնադրամի կողմից հայցադիմումում վկայակոչված և արդյունքում դատարանների կողմից արտատպված իրավանորմերը...»), թե սույն գործերի շրջանակում Նինա Ամիրխանյանի կողմից ակնհայտ ոչ հիմնավոր պահանջների մերժումը դատարանների կողմից կողմնակալ վերաբերմունքի դրսևորում է։ Վստահ ենք, որ ցանկացած անկողմնակալ փաստաբան վերոշարադրյալ նյութերին մանրամասն ծանոթանալուց և իրավական բոլոր հիմքերն ուսումնասիրելուց հետո կհամաձայնի դատարանների՝ այս գործով կայացրած բազմաթիվ որոշումներին:
Հարգանքով՝ «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն՝
Ա. Փախչանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել