HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». գլխավոր դատախազը չգիտի՞ հանուն ինչի են իրենք իրենց խաբում

Կաշառակերության 70 դեպք երևի մեկ օրվա ընթացքում է լինում

2011 թ. ընթացքում հանրապետությունում արձանագրվել է սպանության 60 դեպք` 2010-ի 41-ի դիմաց, ինչպես նաև սպանության փորձի 29 դեպք` 2010-ի 27-ի դիմաց. այս տվյալները երեկ հրապարակվեցին Հայաստանի ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում:

Վերլուծությունների համաձայն` 2010 թ. համեմատ նախորդ տարի սպանության դեպքերի աճ է գրանցվել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն (0-7), Կենտրոն և Նորք-Մարաշ (2-3) վարչական շրջաններում, ինչպես նաև Արագածոտնի (1-6), Արարատի (3-10), Գեղարքունիքի (3-5), Կոտայքի (4-9) մարզերում:

Ընդհանրապես, 2010 թ. համեմատությամբ, 2011 թ. 1095-ով կամ 7,1%-ով աճել է արձանագրված հանցագործությունների թիվը (2010թ.` 15477, 2011 թ.` 16572): Ընդ որում, 67 դեպքով կամ 2%-ով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները (3432-3499)` կազմելով երկրում արձանագրված հանցագործությունների 21%-ը: Սպանության և սպանության փորձի դեպքերից բացի աճել են նաև դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (1353-1359), այդ թվում առողջությանը ծանր վնաս պատճառելու (167-170), ինչպես նաև թրաֆիքինգի (13-16) դեպքերը: Նվազել են սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների (82-71) դեպքերը:

Վերոնշյալ բնույթի հանցագործությունների մեջ շարունակում են տեսակարար մեծ կշիռ կազմել դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու և ծեծի դեպքերը` կազմելով մարդու դեմ ուղղված հանցագործությունների 84%-ը:

Հաշվետու ժամանակահատվածում մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճի հանրապետական միջին ցուցանիշից (2%) բարձր աճ է արձանագրվել Շենգավիթ (47,1%), Էրեբունի և Նուբարաշեն (10,3%), Մալաթիա-Սեբաստիա (10,7%), Կենտրոն և Նորք-Մարաշ (5%) վարչական շրջաններում, Արմավիրի (26,3%), Արարատի (7,7%), Արագածոտնի (7,6%), Շիրակի (3,3%) և Գեղարքունիքի (3,3%) մարզերում:

2011 թ. ընթացքում մարդու դեմ ուղղված հանցագործություններ են կատարել 182 անչափահասներ, 679 կանայք, 68 օտարերկրյա քաղաքացիներ և նախկինում դատապարտված անձանցից 100-ը:

- Ի տարբերություն 2010 թ., 2011 թ. արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշների վատթարացում,- ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը:

2011 թ. արձանագրված սպանություններից չի բացահայտվել 17-ը (բացահայտումը կազմել է 71,6%` նախորդ տարվա 73,1%-ի փոխարեն), իսկ սպանության փորձերի բացահայտումը կազմել է 82,7% նախորդ տարվա 88,8%-ի փոխարեն:

Մ. Սարգսյանի տեղեկացմամբ` 2011 թ. ընթացքում, նախորդ տարվա համեմատությամբ` արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների աճ 410 դեպքով (5802-5392) կամ 7,6%-ով: Աճ է արձանագրվել նաև Երևանում` 302 դեպքով (3381-3079) կամ 9,8%-ով:

2011 թ. ընթացքում ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով նախորդ տարվա 3021 դեպքի փոխարեն գրանցվել է 3096 դեպք:

- Ընդհանրապես, պատժողական քաղաքականության հարցերին անդրադառնալիս անհրաժեշտ է անդրադառնալ պատժի նպատակների և խնդիրների իրականացմանը,- իր զեկույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:- Արդյոք բոլո՞ր գործերով է վերականգնվում սոցիալական արդարությունը` կատարված հանցագործությանը համարժեք պատիժնե՞ր են սահմանվում: Հենց միայն «Քրեյզի հորս» ռեստորանային համալիրում խուլիգանության հայտնի գործով ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասով մեղադրվող շուրջ 30 անձանցից ոչ մեկին ազատազրկման չդատապարտելու մասին դատական ակտերը և նրանց վերահաստատումները վերադաս դատական ատյանների կողմից վկայում են այն մասին, որ արդարադատություն իրականացնող մարմնի կողմից ոչ համարժեք պատիժներ սահմանելով` չի ապահովվել պատժի նպատակներից և ոչ մեկը` ոչ սոցիալական արդարության վերականգնումը, ոչ հանցանք կատարած անձի ուղղումը, ոչ էլ նոր հանցագործությունների կանխումը: Ա. Թամազյանի տեղեկացմամբ` պետական շահերի պաշտպանության ուղղությամբ կատարված ուսումնասիրություններով 2011 թ. հայտնաբերվել է 487 իրավախախտում, հարուցվել է 111 քրեական գործ, 267 հայց` 2 մլրդ 213 մլն դրամի բռնագանձման պահանջով, որոնցից քննվել է և բավարարվել 157 հայց` 984 մլն դրամ հայցագնով, մերժվել է 17 հայց, կարճվել 22 գործի վարույթ, մյուսները դեռ ընթացքի մեջ են: Նկատի ունենալով նախորդ տարվա ցուցանիշները` գլխավոր դատախազի տեղակալն ասաց.

- Արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1525 դեպք (2010 թ.` 1524): Առգրավվել են 128 կգ 50 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ (2010 թ.` 126 կգ 552 գրամ), այդ թվում 20 կգ մարիխուանա, 11 կգ հաշիշ, 90 կգ հերոին, 4 կգ ամֆետամին, 1,2 կգ մետամֆետամին, 1,1 կգ ափիոն և այլն:

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Կոստանյանն իր զեկույցում չհրապարակեց թվեր, որոնց նկատմամբ հանրության հետաքրքրությունն այսօր մեծ է, և որոնք, սակայն, ռազմական կամ պետական գաղտնիք չեն: Այնուհանդերձ նա ասաց. «Հանցավորության վիճակը զինված ուժերում մեզ չի բավարարում»: Գ. Կոստանյանը կարևորեց զինված ուժերում կարգապահության բարձրացման ուղղությամբ աշխատանքների կատարումը:

Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանի տեղեկացմամբ` եթե 2010 թ. հանրապետությունում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է 385 քրեական գործ, ապա 2011 թ.` 395 գործ է հարուցվել: Այսինքն` կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումն ավելացել է ընդամենը 10-ով:

- Ծիծաղելի կլինի, եթե մտածենք, թե մենք տարվա ընթացքում կաշառակերության ընդամենը 70 դեպք ունենք, 70 դեպք երևի օրվա ընթացքում է լինում,- ասաց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:- Ամենավատ բանն այն է, երբ մենք ինքներս ենք մեզ խաբում, հանուն ինչի՞…

Կոլեգիայի ընթացքում ուշագրավ տեղեկություններ հրապարակվեցին. եթե Լոռու մարզում, շնորհիվ նաև նշված մարզի դատախազ Կարեն Շահբազյանի հետևողական աշխատանքի, 2011 թ. համեմատաբար մեծ թվով կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտվել, դրանց կապակցությամբ հարուցված քրեական գործերի թիվը հասել է 44-ի, ապա Արագածոտնի, Շիրակի, Տավուշի մարզերում ընդամենը 3-ական քր. գործ է հարուցվել, իսկ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ընդհանրապես որևէ քրեական գործ չի հարուցվել:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter