
Գյումրու քաղաքապետը 2019 թվականը համարում է ամենահաջողվածը ծրագրերի իրականացման առումով
2019թ.-ին Գյումրիում իրականացված ծրագրերը քանակի և ոլորտների առումով նախադեպը չունեն: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր տարեվերջյան մամլո ասուլիսի ժամանակ ամփոփեց անցնող տարին՝ խոսելով նաև գալիք տարում իրականացվելիք մեծամասշտաբ նախագծերի մասին: 2018-2019թթ. ամենաքննարկվող, դժգհությունների տեղիք տված, ամենաբարձրաձայնված և հանրային վերահսկողության արժանացած ճանապարհաշինական ծրագիրը գալիք տարում ևս շարունակվելու է:
«ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցների ասֆալտապատումը (շուրջ 12 կմ), որ սկսվել էր Գյումրիում 2018թ-ին, կշարունակվի նաև 2020թ.-ին: Նախատեսված է ևս 33 փողոցի նորոգում: Վստահ եմ, որ հենց աշխատանքները սկսենք, կրկին դժգոհությունների ալիք է բարձրանալու, սակայն հնարավոր չէ առանց մեզ մի քիչ նեղություն տալու գործ անել, ի վերջո փողոց պետք է քանդեն, իսկ դա միշտ էլ անհարամություններ է ստեղծում, պիտի համբերատար լինենք,-հորդորեց քաղքապետը,-որպեսզի աշխատանքները շուտ սկսեն և շուտ էլ ավարտեն, մենք որոշել ենք մրցույթներն հայտարարել այս տարվա դեկտեմբերին, այնպես լինի, որ մարտ ամսից սկսվեն աշխատանքներն ու կարողանան արդեն հոկտեմբերին ավարտել»:
Հաջորդ տարվա փողոցաշինության համար Գյումրուն տրամադրվելու է 9,4 մլրդ դրամ: Նորոգված փողոցներում արդիականացվելու է գիշերային լուսավորության համակարգը: Քաղաքապետը կարևորեց 2019թ.-ին շրջանցիկ մի քանի փողոցների հիմնանորոգումը, որոնք նախատեսված են Բավրայից Գյումրի հասնող բեռնափոխադրումներ իրականացնող ծանր մեքենաների համար և բացառում նրանց մուտքը քաղաքի բարեկարգ կենտրոնական փողոցներ: Այս նպատակով ծախսվել է 1 մլրդ 100 մլն դրամ:
«Մեր խնդիրներից անօթևանությունը շարունակում է մնալ օրակարգում՝ 2815 ընտանիք, և մենք փորձում ենք տարբեր ծրագրերով այդ հարցը լուծել: Այս տարի ևս «ԱՌԴԱ» բարեգործական կազմակերպության և համայնքի ներդրումով կարողացանք 18 սոցիալական բնակարան հանձնել շահագործման: Շահառուներն արդեն ընտրված են, նրանց թվում են նաև Գարեգին Նժդեհի հանրակացարանի երեք բնակչուհիները, դեկտեմբերի 25-ին մենք հանդիսավոր կերպով նրանց կհանձնենք բնակարանների բանալիները: Ունենք տնակային մանկապարտեզներ, հարց է դրված հնարավորինս արագ կերպով լուծել նաև այդ խնդիրը»:
Քաղաքապետի փոխանցմամբ, Գյումրիում գործող երեք մանկապարտեզ ունեն վերակառուցման կարիք, հակապես Արցախ թաղամասում գործող տնակային մանկապարտեզը: Բանակցություններ են վարում «ԱՌԴԱ» բարեգործական կազմակերպության հետ Մուշ 2/2 թաղամասում գտնվող կիսակառույց շենքն ավարտին հասցնելու և այն մանկապարտեզի կամ մշակութային կենտրոնի վերածելու: Մեկ այլ «Ծիածան» մանկապարտեզի հարցը փորձելու են լուծել Մուսայելյան փողոցում գտնվող շինությունը բնակիչներից հետ ստանալու գնով: Երկարաշարժից հետո մանկապարտեզի շենքում հաստատված ընտանիքներից այնտեղ ներկայում ապրում է մեկ մեծ ընտանիք: Քաղաքապետարանում վերջերս են պարզել, որ «գրավյալ» մանկապարտեզի շենքում բնակիչներն ապրում են ապօրինի: «Փորձելու ենք բնակարանի փոխհատուցման տարբերակով հարցը լուծել, դեռ պետք է հասկանանք էլ` իրենք բնակարան կորցրել են, թե չէ, կամ եթե երբևէ տուն ստացել են, ինչ են արել, հետո արդեն որոշում կկայացնենք: Հենց հարցը լուծվեց ընտանիքի, մենք մանկապարտեզը կտեղափոխենք քարաշեն կառույց»:
Սամվել Բալասանյանը խոսեց նաեւ Գյումրիում սեփական սեկտորի կողմից մեկնարկած մեծ ծավալի շինարարության մասին: Այս տարի քաղաքապետարանը 80 շինթույլտվություն է տվել, որից մոտ 40-ի շինարարությունն ավարտվել է: Հայտ են ներկայացրել հիմնականում հյուրատների, սրճարանների, հուշանվերների խանութների, ռեստորանների կառուցման համար: Բավական մեծ է դրսից ներդրումներ կատարողների թիվը: Մեկ անգամ ևս հիշատակվեց «Լոգիստիկ» կենտրոնի կառուցման մասին, որի համար համայնքը տրամադրել է 300 հա-ից ավելի տարածք: Ծրագիրն առայժմ ձգձգվում է պայմանագրի որոշ կետերի հետ կապված. դրանք լրամշակման կարիք ունեն:
Գալիք տարում նախատեսվում է Գյումրիում կառուցել 4 թանգարան: Դրանցից մեկը նվիրված է լինելու ծնդունդով գյումրեցի քանդակագործ Ֆրիդ Սողոյանին: Լինելու են նաև թանգարաններ` նվիրված սպորտին և Գյումրիում նկարահանված ֆիլմերին: Վերջին երկու տարում տուրիստական հոսքերի ակտիվացումը ստիպում է մտածել նաև քաղաքի ծայրամասերը հրապուրիչ դարձնելու ուղղությամբ, այդ նպատակով որոշակի ծրագրեր են փորձելու իրականացնել Մուշ թաղամասում:
Մեկնաբանել