HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Երիտասարդականի անցումի գրավաճառների ճակատագիրն անորոշ է

Հայաստանը պատրաստվում է իր մայրաքաղաքով, ի տես աշխարհի, ներկայանալ որպես գրքի համաշխարհային կենտրոն, բայց Երևանի կենտրոնում աստիճանաբար դատարկվում է Երիտասարդական մետրոյին հարակից ստորգետնյա անցումը: Հայաստանում գրքերի ամենամեծ վաճառատեղին հենց այս ստորգետնյա անցումում է: Դժվար է սա տոնավաճառ կամ գրախանութ անվանել: Սա ուղղակի կոչվում է Երիտասարդականի անցում, որտեղ էլ իր հանգրվանն է գտել վաճառվող գրքերի ամենամեծ քանակն ու տեսականին: Սա տեղ է, որտեղ գրեթե բացօթյա, ցուրտ, խոնավ և ոչ բարվոք պայմաններում գրավաճառներն իրենց առանձնապես ոչ եկամտաբեր գործն են անում:

Բայց արի ու տես, որ շատ գրավաճառներ այս պայմաններից էլ գոհ են, ու նրանց իրոք մտահոգում է, որ առաջիկայում` տարածքի սեփականատերերի հետ ունեցած իրենց պայմանագրերի ավարտին, արդեն պետք է դուրս գան վարձակալած տարածքներից: Ի՞նչ պետք է անեն, ո՞ւր գնան, ի վերջո, որտեղ է կենտրոնանալու գրքերի մայրաքաղաքային ստորգետնյա վաճառատեղին` դեռ ոչ մեկին պարզ չէ:

«Ամեն մեկն իր գլխի ճարը պետք է տեսնի էլի, չգիտեմ...»,- մեզ հետ զրույցում ասաց գրավաճառներից մեկը: Նա չցանկացավ ներկայանալ ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ բաներից խուսափում է, այլ պարզապես կարծիք հայտնեց, թե «ինչ կարիք կա, մեկ է` իմ ասածները ոչ մի բան չեն փոխի»:

«Դե, հերթով վաճառատեղերը դատարկվում են էլի: Ասում են` հիպերմարկետ պիտի կառուցեն ամբողջ տարածքում: Մեր պայմանագրերը 3-5 ամիս հետո են լրանալու, մինչև ամառ բոլորս էլ պետք է դուրս գանք: Անցումը պետք է փակեն վերանորոգման: Մեզ ասում են` 2014-ին վերանորոգումը կավարտվի, ձեզ էլի տեղ կտանք, կգաք, կաշխատեք: Բա մինչև 2014-ն ի՞նչ անենք: Եթե ցրվենք ամեն մեկս մի տեղ, ինչի՞ նման կլինի: Հիմա տոնավաճառի պես ենք, բոլորը գիտեն սրա տեղը: Գիրք փնտրողը միանգամից էստեղ է գալիս: Հիմա ո՞ւր գնանք: Քաղաքում, հատկապես կենտրոնում, մի թիզ ազատ տեղ չկա, որ գնանք տարածք վերցնենք, էն էլ` էս գնով (գինը չցանկացավ նշել, բայց նկատեց, թե առանձնապես իրենց վրա ծանր չի նստում): Հիմա էստեղի բոլոր գրավաճառներս մի մարդու հետ գործ ունենք, հարկայինի հետ բոլոր հարցերն էլ ինքն է լուծում, մենք էդ հարցերով հանգիստ ենք: Բայց դե ինքն էլ չգիտի` ինչ պիտի անենք հետագայում»,- անկեղծացավ զրուցակիցս:

«Ասում են` գրքերի վաճառքի համար պիտի կրպակներ լինեն: Ի՞նչ կրպակներ... Ով է տեսել գիրքը` կրպակում: Գրախանութներն էլ... Ո՞ր գրախանութն է էսօր արդարացված աշխատում: Մի երկու գրախանութ է մնացել... Դրանցում էլ հիմա հիմնականում նոր գրքեր են վաճառում: Հիմա լուրջ գրականության պակաս կա: Հին, արժեքավոր գրքերը վաղուց չեն վերահրատարակվել, ու հենց նման գրքեր են հարցնում գրքից իսկական հասկացողները, հիմնականում` հայագիտական: Գիտեք` ինչքան են դրսի հայերը գալիս, էստեղից գիրք տանում: Իսկ մեզ մոտ... Դասագիրք ու բառարան գնելը համարվո՛ւմ է գիրք գնել: Գրքից իսկական հասկացողներին գինը չի հետաքրքրում, գիրքը լինի... Իսկ մեզ մոտ գրքի գները 500 դրամից են սկսվում, հասնում են, դե, մինչև մի քանի տասնյակ հազար դրամի... Մի օրում գոնե մի քսան հազարի պիտի առևտուր անես, որ կարողանաս տուն պահել, ծախսերդ անել... Բայց վաճառո՛ւմ ես, որ»...

«Որ էստեղից դուրս գանք, ուրիշ տեղ վարձակալենք, որտե՞ղ էժան տարածք կա...»:

- Ինչ որ մեկին դիմե՞լ եք այս խնդրով, գուցե բոլորդ միասին հարց բարձրացնեք գրքի վաճառքի մի ընդհանուր տեղ հատկացնելու համար:

- Դե, ում դիմենք... Էստեղի բոլոր առևտրականներն էլ իրենց առևտրի համար տեղ կգտնեն, մենք ենք, որ չգիտենք` ինչի վրա պիտի հույս դնենք: Հետո էլ հպարտանում ենք, թե գրքի համաշխարհային մայրաքաղաք պիտի լինենք; Ե՞րբ, ո՞նց, երբ գրքերի վաճառքը ստորգետնյա անցումներից էլ է դուրս մղվում...

Ի դեպ, Երևանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ այս հարցի շուրջ որևէ քննարկում չի եղել: «Մեծ հաշվով` վատ բան չեն անում, եթե վերանորոգում են անցումը: Առևտրի առավել բարեկարգ պայմաններ կստեղծվեն»,- ասաց քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

ԼԻԱՆԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter