«Հայացք». «Ես ռուսական սալդաթի մի սապոգը չեմ փոխի հազար Վիլսոնի հետ»
«Հայացքի» հյուրն է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի 1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանը
- Ռուսաստանում նախագահական ընտրությունների ընտրարշավը եզրափակիչ փուլ է մտնում: Ինչպե՞ս եք կգնահատեք կոմունիստների հնարավորությունը:
- Հայաստանի կոմունիստները, իրոք, ոգևորված են Գենադի Զյուգանովի հաջողությամբ: Նրան հաջողվեց Պետդումայում կրկնապատկել կոմունիստ պատգամավորների թիվը, և այսօր լրջորեն լծված է նախագահական ընտրություններին: Գ. Զյուգանովին հաջողվել է համոզել ժողովրդին, որ ներկայիս ծանր վիճակում հայտնված երկիրը փրկելու ունակ միակ ուժը Կոմկուսն է: Օրերս ռուսական թեթերից մեկում Գենադի Զյուգանովին աջակցելու կոչով դիմեցի ՌԴ-ում ապրող և ընտրության իրավունք ունեցող ազգությամբ հայ բոլոր քաղաքացիներին: Հուսով եմ` խնդրանքս կհարգեն:
- ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին սատարելու կոչով Ռուսաստանի հայկական համայնքին էր դիմել նաև Հայաստանի Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
- Սուրեն Սպանդարյանը մի հիանալի խոսք է ասել. «Քաղաքական գործիչն այն դատարկ աղիքն է, որի մեջ ինչ ասես կլցվի»: Սրանից դիպուկ պատասխան չեք լսի: Այսօր էլ քիչ չեն նրանք, ովքեր աչքի ընկնելու համար ամեն քայլի կգնան: Տեսեք` ինչ է կատարվում մեզ մոտ. պուտինյան ակումբներ են բացվում, ինչի համար էլ ծաղրուծանակի արժանացան: Ի՞նչ իմաստ ունի Հայաստանում պուտինյան ակումբների բացումը, չէ՞ որ դա օրենքով արգելված է: Ի՞նչ է, մենք չէի՞նք կարող այստեղ բացել Զյուգանովին նվիրված ակումբ, սակայն նման քայլի չգնացինք: Մենք ունենք 45 շրջանային կազմակերպություններ և կենտկոմի բյուրոյի մեկ որոշմամբ կարող էինք այդ բոլոր շրջաններում ստեղծել զյուգանովյան ակումբներ: Եթե մի բանի մասին խոսում ես, մտածիր, թե ինչի մասին ես խոսում, բայց դո՛ւ ո՜ւր, Պուտի՛նն ուր:
- Այնուամենայնիվ, Ռուսաստանի կոմունիստների հաղթանակից ոգևորված ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու:
- Հայաստանի կոմկուսը եղել և մնում է միակ կուսակցությունը, որը հայ-ռուսական բարեկամության ջատագովն է (ես անհատների մասին չեմ խոսում, ովքեր փորձում են սողոսկել հայ-ռուսական բարեկամության մեջ) և առայսօր կանգնած է այդ բարեկամության ակունքներում: Մենք ի զորու ենք կանխելու հակառուսական ցանկացած հիստերիա: Ոմանք այսօր էլ ռուսական բանակը Հայաստանից դուրս բերելու կոչ են անում: Պատկերացրեք այն պահը, երբ ռուսական դրոշը հանվի Գյումրուց, իսկ հայկական սահմանը մնա առանց ռուսական բանակի պաշտպանության. ի՞նչ կլինի այդ դեպքում Հայաստանի վիճակը: Այդպես հոխորտացողները մտածե՞լ են այդ մասին: Ինձ համար ընդունելի է մեծն Իսահակյանի ասածը` ես ռուսական սալդաթի մի սապոգը չեմ փոխի հազար Վիլսոնի հետ:
Իսկ ի՞նչ ենք շահելու, եթե ռուս կոմունիստները հաղթեն: Իհարկե, մեծ ոգևորություն կապրենք:
- Հայաստանի կոմկուսը մասնակցելո՞ւ է խորհրդարանական ընտրություններին:
- Իհարկե մասնակցելու է: Հայաստանի կոմկուսն իր շրջանային 45 կազմակերպություններին հանձնարարել է ստեղծել շտաբներ, պատրաստել վստահված անձանց ցուցակները, իրականացնել նախընտրական կազմակերպչական զանազան աշխատանքներ: Նախապես ասեմ, որ քաղաքական ոչ մի ուժի հետ չենք միավորվի, որևէ մեկի հետ դաշինք չենք կազմի:
- Համոզվա՞ծ եք, որ այս ընտրությունները նախորդներին գերազանցելու են իրենց որակով, ինչպես խոստացել են իշխանությունները:
- Թեև համոզված եմ, որ ընտրությունները կեղծվելու են, այնուամենայնիվ մենք մասնակցելու ենք: Ուզում եմ համոզվել, որ հասարակության գիտակցության մեջ դրական տեղաշարժը նկատելի է, որ այսօրվա երիտասարդությունը ակտիվորեն պայքարում է իր իրավունքների կամ հասարակական հնչեղություն ստացած մի երևույթի դեմ: Սակայն նա չգիտի, թե որն է ամենագլխավոր խնդիրը, որին կհետևի ծառը կտրել-չկտրելու, այսինչ հանքը բացել-չբացելու հարցը: Մինչդեռ ամենագլխավոր հարցը հայրենիքի ամրապնդումն է, իսկ հայրենիքը կամրապնդվի միայն սոցիալիստական գաղափարախոսությամբ, այսինքն` երբ ամբողջ հարստությունը պատկանի ժողովրդին: Ինչո՞ւ խորհրդային տարիներին ծառ կտրելու մասին խոսք չկար: Կամ ի՞նչ է, կոմունիստները Սիսիանի ուրանի հանքերի տեղը չգիտեի՞ն, կամ չգիտեի՞ն, որ Հայաստանը նավթային պաշարներ ունի, սակայն գտնում էին, որ ուրանի արտադրությունը կխաթարի այս փոքրիկ հանրապետության բնապահպանական համակարգը, կվնասի ժողովրդի առողջությանը: Ճիշտ է, ես իմ ներկայությամբ աջակցել եմ բնապահպան ակտիվիստների կազմակերպած ակցիաներին, բայց ենթադրենք` քաղաքապետարանը այդ կրպակները տեղափոխեց մեկ այլ տեղ, ի՞նչ է, դրանով երկրի գլխավոր խնդիրները` արտագաղթի, երկրի արտաքին պարտքի, գնաճի կամ ինքնասպանությունների հարցերը կլուծվե՞ն: Մեր «եռացող» երիտասարդությունն իր էներգիան պետք է ուղղորդի նաև ա՛յս խնդիրների լուծմանը: Վստահ եմ, որ կգիտակցի դա:
ԱՆՈՒՇ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել