HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (հայտնի է ՄԱՊ-ի Ալիկ անունով) գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Վերջինս հայտնեց նաև, որ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ալեքսան և Մակար Պետրոսյանները մեղադրվում են Քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ առանձնապես խոշոր չափով փողերի լվացման օժանդակությունը: Ըստ մեղադրանքի, հիշեցնենք, հայր և որդի Պետրոսյաններն օժանդակել են Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին:

Ալեքսան և Մակար Պետրոսյանների պաշտպան Միհրան Պողոսյանը «Հետք»-ին նրա մեղադրանքի վերաբերյալ որոշ մանրամասներ է հայտնել, բարձրաձայնել այն մասին, որ Ալեքսան Պետրոսյանի կալանքի դեմ տարված բողոքն, ինչպես նաև նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը դատարանների կողմից քննության առարկա չեն դառնում:

-Պարոն Պողոսյան, ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ ի՞նչ ձևով է դրսևորվել Ալեքսան և Մակար Պետրոսյանների կողմից առանձնապես խոշոր չափով փողերի լվացման օժանդակությունը:

-Մենք էլ չենք հասկանում, թե ինչ ձևով է դրսևորվել այդ օժանդակությունը, որովհետև միմյանց հաշվեհամարին գումարների շարժը, միանգամյա գործարքը դեռևս չի նշանակում, որ փողերի լվացում է իրականացվել, կամ Ալեքսան Պետրոսյանն ու որդին որևէ մեկին օժանդակել են փողերի լվացման հարցում: Ալեքսան Պետրոսյանը եղել է գործարար, և տարբեր անձանց հետ ունեցել գործարքային փոխհարաբերություններ, նրանց հանձնված և ստացված փոխառություններ, և  քրեական գործով քննության առարկա դարձած գումարները ևս Արամ Հարությունյանից ստացվել են փոխառության տեսքով:

Հայաստանում հիմա այնպիսի իրավիճակ է, որ կարծում են՝ ինչքան բացահայտում ցույց տան, ինչքան մեծ թվեր և ինչքան շատ անձանց անուններ հրապարակեն, այնքան գործն ավելի հիմնավոր է լինելու, բայց օժանդակության որևէ դրսևորման ձև մեղադրանքում նկարագրված չէ, միայն գումարների փոխանցումը դիտել են որպես օժանդակություն: Եթե փողերի լվացման ցանկություն լիներ, դա չէր արվի օրինական բանկային փոխանցումների միջոցով, որն ակնհայտ երևալու է, իսկ այս դեպքում բաց բանկային փոխանցում է կատարվել:

-Ըստ Արամ Հարությունյանի վերաբերյալ գործի՝  ենթադրյալ կաշառքի գումարը նախ փոխանցվել է Արաքս Դիլանյանի հաշվեհամարին, ապա վերջինիս հաշվեհամարից՝ Արամ Հարությունյանի մտերիմ անձանց, որոնք էլ իրենց հերթին այդ գումարները փոխանցել են Արամ Հարությունյանին: Արամ Հարությունյանին փողերի լվացման հարցում օժանդակելու մեջ մեղադրվող անձինք, ըստ մինչ այժմ հրապարակված տվյալների՝ այս ձևով են օժանդակել նրա կողմից փողերի լվացմանը: Ալեքսան Պետրոսյանի հաշվեհամարին Արաքս Դիլանյանի հաշվեհամարից փոխանցում արվե՞լ է:

-Ոչ, ըստ Ալեքսան Պետրոսյանի մեղադրանքի՝ Արամ Հարությունյանի հաշվեհամարից  գումար է փոխանցվել «ՄԱՊ» ընկերությանը՝ 2011 թվականին:

-Որքա՞ն գումար է փոխանցվել:

-3 մլն դոլար:

-Հետագայում ինչպե՞ս է ծախսվել այդ գումարը:

- Ծախսվել է բացառապես ՄԱՊ ընկերության բնականոն գործունեությունն իրականացնելու համար, և այդ հանգամանքն ընդունում է նաև վարույթն իրականացնող մարմինը:

- Ալեքսան Պետրոսյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել, ցուցմունք տվե՞լ է:

-Այո, հայտնել է, որ մեղադրանքն անհիմն է, իր գործարար գործունեության բոլոր մանրամասները նկարագրել է:

-Ըստ քրեական գործի՝ Արամ Հարությունյանը փողերի լվացումն իրականացրել է մտերիմների օժանդակությամբ: Ի՞նչ հարաբերություններ են ունեցել Հարությունյանն ու Ալեքսան Պետրոսյանը:

-Եղել են Ազգային ժողովի պատգամավորներ: Փորձում են այս գործն ամեն կերպ կապել Սիլվա Համբարձումյանին տրված կամ չտրված կաշառքի հետ, բայց Ալեքսան Պետրոսյանը, նրա ընտանիքի անդամները և նրան փոխկապակցված ընկերությունները կաշառքի տալ-չտալու հետ որևէ առնչություն չունեն և հնարավորություն չեն ունեցել առնչվելու այդ ամենին:

-Առաջին ատյանի դատարանի որոշմամբ Ալեքսան Պետրոսյանը կալանավորվել է: Ի՞նչ հիմնավորումներ են նշված եղել դատական ակտում:

Քննիչը երկու հիմք էր նշել. այն, որ Ալեքսան Պետրոսյանը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, ինչը բացարձակապես հիմնավոր չէր, ինչպես նաև, որ նա կարող է խոչընդոտել նախաքննության կատարմանը՝ օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու առումով: Դատարանն արձանագրել էր, որ թաքնվելու վտանգ առկա չէ, բայց գործով ճշմարտությունը բացահայտելու վտանգ է առկա նախաքննության փուլում, և այդ հիմքով որոշել էր կալանավորել Ալեքսան Պետրոսյանին: Այս դատական ակտը մենք բողոքարկել էինք Վերաքննիչ դատարան: Օրենքով սահմանված կարգով վերաքննիչ դատարանն առաջին ատյանից գործի նյութերը ստանալուց հետո եռօրյա ժամկետում պետք է դատական ստուգումն իրականացնի: Չնայած գործի նյութերը Վերաքննիչ դատարանում են եղել դեկտեմբերի 4-ից, մինչ այս պահը վերաքննիչ բողոքի քննություն չի սկսվել: Մի դատավորի էր մակագրվել, ով արձակուրդ պիտի մեկներ, վերամակագրման հանձնեց, մեկ այլ դատավոր մի քանի անգամ  խորհրդակցական սենյակում գտնվելու պատճառով հետաձգել է դատական նիստերն ու այժմ գտնվում է արձակուրդում, իսկ դատական ստուգման վերաբերյալ դատական նիստը նշանակված է հունվարի 8-ին: Այսինքն՝ անձը զրկված է իր նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման բողոքարկման իրավունքից:

Ալեքսան Պետրոսյանը երկու ամսով կալանավորվել է նոյեմբերի 16-ին, այսինքն՝ ստացվում է, որ կալանքի դեմ բողոքը քննվելու է այն ժամանակ, երբ գրեթե լրացած կլինի կալանքի տակ գտնվելու երկու ամիսը:

- Այո, և այս ամենն, իմ կարծիքով, պատահականություն չի կարող լինել: Մենք, տեսնելով, որ Վերաքննիչ դատարանում գործի քննություն չի իրականացվում, և անձի ազատության իրավունքը վեր դասելով դատավարական ընթացակարգերից, գրավի միջնորդություն ենք ներկայացրել առաջին ատյանի դատարան, որով դատական նիստը ևս չի կայանում: Գործով մեկ դատական նիստ է նշանակված եղել, որով քննիչը չի ներկայացել, թեև մենք դատարանին հայտնել ենք, որ արդեն նախաքննության ավարտ է հայտարարվել և քննիչն այլևս նիստին չի ներկայանալու: Քննիչի բացակայության հիմքով դատարանը հետաձգել է նիստը: Նման պայմաններում մենք գնահատում ենք, որ Ալեքսան Պետրոսյանը գերու կարգավիճակով է պահվում:

-Գործն արդեն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ: Դուք այս փուլում որևէ միջնորդություն ներկայացրե՞լ եք:

-Այո, հաշվի առնելով, որ անձի ազատության իրավունքն ավելի գերադասելի է մեզ համար, նախաքննության ավարտ հայտարարելուց հետո միջնորդություն ենք ներկայացրել  գլխավոր դատախազին, որ եթե անգամ մեղադրական եզրակացությունը հաստատելու են, ապա քննարկեն նաև Ալեքսան Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու կամ նրա նկատմամբ այլ խափանման միջոց՝ ստորագրություն չհեռնալու մասին ընտրելու հարցը: Առաջին ատյանի դատարանը Ալեքսան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշմամբ արձանագրել է, որ նա կարող է խոչընդոտել նախաքննությանը, և քանի որ այս պահին նախաքննությունն արդեն ավարտվել է, դատախազությանը խնդրել ենք վեր գտնվել միջհամակարգային պայքարի, ամեն կերպ Հատուկ քննչական ծառայության կողմից կազմված մեղադրանքները մեխանիկորեն հաստատելու գործելաոճից և գոնե այս առումով օբյեկտիվ դիրքորոշում դրսևորել ու փոխել Ալեքսան Պետրոսյանի խափանման միջոցը: Օբյեկտիվ լինելու պարագայում դատախազությունը կարձանագրի, որ խափանման միջոցի հիմքը վերացել է և կփոխի  Պետրոսյանի խափանման միջոց կալանքը՝ անգամ մեղադրական եզրակացությունը հաստատելու պարագայում: Հակառակ դեպքում մենք կրկին կփաստենք, որ իրավապահ համակարգի համար Ալեքսան Պետրոսյանը գերի է՝ ինչ-ինչ այլ նպատակների հասնելու համար, որոնք մեզ համար այս պահին պարզ չեն, բայց և իրավական չեն:

-Պարոն Պողոսյան, եթե առաջիկա օրերին դատախազությունը հաստատի Ալեքսան Պետրոսյանի մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկի առաջին ատյանի դատարան, ձեր ներկայացրած գրավի միջնորդությունը, միևնույն է, պետք է քննվի՞ նույն ատյանի մեկ այլ դատավորի կողմից:

-Գրավի միջնորդությունը ներկայացվել է մինչև նախաքննության ավարտը, մենք օրենքով սահմանված կարգով միջնորդություն ենք ներկայացրել, որը պետք է քննվի: Ըստ որում՝ առաջին ատյանի դատարանի կողմից շատ անտրամաբանական ու անօրինական կլինի, եթե Ալեքսան  Պետրոսյանին կալանքից ազատելու որոշում չկայացվի: Գրավի մեր միջնորդությունը քննում է նույն դատավորը, ով նրան կալանավորելու որոշում է կայացրել: Հենց այդ դատարանն է որոշել, որ առկա է Ալեքսան Պետրոսյանի կողմից նախաքննության ընթացքում գործի օբյեկտիվ ճշմարտացիության վրա ներազդելու վտանգ: Քննիչը, որը պիտի օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտեր, արդեն, ըստ գործի, բացահայտել է այդ օբյեկտիվ ճշմարտությունն ու նախաքննության ավարտ հայտարարել,  ու այս պայմաններում Ալեքսան Պետրոսյանին կալանքի տակ պահելու հիմքերն, ինքնըստինքյան վերանում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter