HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճարտարապետի փոխարեն ընտրել են թանգարանագետի․ ճարտարապետը վրդովված է՝ նոր Հայաստանում հին ավանդույթներն են շարունակվում

Ճարտարապետ Տաթև Քարտաշյանը հետհեղափոխական Հայաստանում մրցույթների անցկացման հին մեթոդների է բախվել։ Ասում է, որ թափանցիկության շղարշի ներքո ոչ թափանցիկ գործողություններ են կատարվում, և ծանոթ-բարեկամ դերակատարությունը տակավին շարունակում է գերակայել նոր Հայաստանում։

2019թ․ հուլիսի 19-ին մասնակցել է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ հայ-իտալական «Պատմամշակութային ժառանգության ամրակայման, պահպանության և կառավարման տարածաշրջանային կենտրոնի» RICHEMP ծրագրի տնօրենի, համակարգողի և թարգմանչի թափուր հաստիքների մրցույթին։ 7 թեկնածուների թվում մասնակցել է մրցույթի ամփոփիչ հարցազրույցին:

Տաթևը սովորել է Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, ճարտարապետության ֆակուլտետում, նույն տեղում նաև մագիստրատուրան է ավարտել։ Միլանի Պոլիտեխնիկ համալսարանում, TEMPO Erasmus Mundus ծրագրի շրջանակներում PհD հետազոտություն է իրականացրել։ Այժմ էլ դասավանդում է ԵՃՇՊՀ-ում։

Առաջադրված պայմաններին համապատասխանել է, սակայն չի ընտրվել այդ հաստիքներից որևէ մեկում։ Տաթևը դիմել էր երկու հաստիքի՝ տնօրենի կամ համակարգողի համար։

Մրցույթից 5 օր անց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքում պատահական տեսել է հաղթողների անունները, ինչը կասկածների առիթ է տվել Տաթևին։

Մրցույթը հաղթել է մասնագիտությամբ թանգարանագետ Անի Ավագյանը, ով ղեկավարել է Ազգային պատկերասրահի գիտակրթական բաժինը, ԻԿՕՄ (Թանգարանների միջազգային խորհուրդ) Հայաստանի ազգային կոմիտեի նախագահն է։

Մինչդեռ հաստիքի նկարագրության մեջ հստակ նշված է եղել, որ կենտրոնի ղեկավարի համար անհրաժեշտ պայման է եղել ճարտարապետություն կամ ճարտարապետական ժառանգության վերականգնում և վերակառուցում, կամ պատմություն, կամ արվեստաբանություն, կամ մշակութաբանություն մասնագիտություններով բարձրագույն կրթություն և տվյալ ոլորտում 3 տարվա աշխատանքային փորձ կամ գիտական աստիճան ունենալը։

Տաթևն ասում է, որ ընտրված անձի մասնագիտությունը որևէ կերպ չէր կարող տեղավորվել պահանջվող մասնագիտացումների մեջ։ Սակայն այստեղ դերակատարություն է ունեցել մրցույթի հանձնաժողովի նախագահը՝ Նարինե Թուխիկյանը (Խաչատուրյանը), ով 2019թ. հունիսի 11-ից զբաղեցնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը: Տաթև Քարտաշյանն ասում է, որ վերջիններս մտերիմ են, և տիկին Թուխիկյանը պարզապես ընտրել է իր թեկնածուին։ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում` Նարինե Թուխիկյանի կենսագրության մեջ նշվում է, որ վերջինս 2013-ից Թանգարանների միջազգային խորհրդի անդամ (ICOM) է:

Տաթևը դիմել է կազմակերպիչներին՝ խնդրելով հրապարակել բոլոր մասնակիցների կենսագրականները, նաև ներկայացնել բողոքարկման ժամկետների և կարգի վերաբերյալ տեղեկություններ։

Իտալական կողմը որևէ պատասխան, պարզաբանում կամ բացատրություն չի տվել Տաթևին։ Նա այդպես էլ չի իմացել, թե ինչպես բողոքարկի այդ մրցույթի արդյունքները։

Նա դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին։ Տաթևը վարչապետին հայտնել է, որ Հայաստանում պատմաճարտարապետական ժառանգության (հուշարձանների) պահպանության, վերականգնման և կառավարման ուղղությամբ մասնագիտացված մեկ տասնյակից ավելի երիտասարդ ճարտարապետներ կան, հիմնականում արտասահմանյան համալսարաններում կրթության ստացած, նույնիսկ այս թեմայով թեկնածուական թեզեր պաշտպանած, որոնց մեծ մասը խանդավառությամբ ցանկություն էին հայտնել մասնակցելու այդ մրցույթին։

«Ի զարմանս ինձ, ոչ մեկին չտեսա մրցույթի ընթացքում։ Մրցույթից հետո առանձին հանդիպումների ժամանակ բոլորը չմասնակցելու միևնույն պատճառաբանությունն ասացին՝ հատուկ աղբյուրներից ճշտել են, որ մրցույթը ձևական բնույթ է կրում, և հաղթողներն արդեն որոշված են մշակութային գծով փոխնախարար Նարինե Թուխիկյանի կողմից՝ միանձնյա։ Կենտրոնի կազմակերպիչների կողմից որպես հետազոտական և պրակտիկ վերականգնման թեմա է ընտրվել Թալինի հայտնի տաճարը, որը միջնադարյան հայ ճարտարապետության գոհարներից է։ Հետևաբար այս աշխատանքների համար անհրաժեշտ է ներգրավել ոլորտի լավագույն մասնագետներին։ Մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցներից և ոչ մեկն այդ ոլորտի մասնագետ չէ»,- պատմում է Տաթև Քարտաշյանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյանը) պատասխան գրությամբ անդրադարձել է Տաթևի «մեղադրանքներին»։ Նախարարի տեղակալը նշել է, որ հայտարարված մրցույթն իրականացվել է երկու փուլով։ Առաջինը կենսագրականների գնահատման փուլ է եղել՝ 100/40, իսկ երկրորդը՝ հարցազրույցի փուլ՝ 100/60 տոկոսային համամասնությամբ։ Վերջնական ընտրությունը կատարվել է երկու փուլերի արդյունքների հանրագումարով։ Ստացված բոլոր հայտերը, իտալական կողմը զննել է և մրցույթի երկրորդ փուլ հրավիրել սեղմ ցուցակ անցած 7 մասնակցի։ Երկրորդ փուլը հաղթահարածների ցանկը տեղադրվել է նախարարության կայքում, իսկ իտալական կողմից ներկայացուցիչը միաժամանակ իրազեկել է մրցույթի արդյունքների մասին։

Մրցույթի հարցազրույցի փուլն անց է կացվել անհատապես, որոշակի ժամի։ Մրցութային հանձնաժողով կազմված է եղել ROCHEMP-ի գիտական կոմիտեի 5 անդամներից, որոնցից 4-ը իտալացի գիտնականներ են՝ Մարիանջելա Վանդինին՝ ROCHEMP ծրագրի գիտական պատասխանատու, Մարկո Փրեթելլին՝ ROCHEMP ծրագրի ճարտարապետական վերականգնման գիտական հարցերով պատասխանատու, Ալեսսանդրո Լանուչին՝ ROCHEMP ծրագրի մենեջեր և Նարինե Խաչատուրյանը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։

«Տ․ Քարտաշյանի պահանջն այն մասին, որ պետք է բոլորի СV-ները հրապարակել, գտնում ենք ոչ նպատակահարմար, քանի որ դրանք պարունակում են անձնական տվյալներ  ենթակա են պաշտպանության «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, ու առանց մյուս մասնակիցների համաձայնության դա անել չի կարելի։ Ինչ վերաբերում է քաղաքացու պնդմանը՝ հատուկ աղբյուրների ճշտել ենք, որ մրցույթը ձևական բնույթ է կրում, և հաղթողներն արդեն որոշված են մշակութային գծով փոխնախարար Ն․Խաչատրյանի կողմից՝ միանձնյա, ապա հայտնում ենք, որ եթե Տ․ Քարտաշյանն ունի հիմնավոր կասկածներ ու փաստեր, ապա անհրաժեշտ է անհապաղ հաղորդում տալ ՀՀ իրավապահ մարմիններին»,- պատասխանել է Նարինե Խաչատուրյանը։

Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ երեք պաշտոնները պարունակում են վարչական գործառույթներ, իսկ նեղ մասնագետների ընտրությունը տեղի է ունենալու առաջիկայում։ Դեռևս որևէ կառույց ընտրված չէ հետազոտման և վերականգնման համար։

Նարինե Խաչատուրյանի բացատրություններին Տաթևը իր հիմնավորումներն ունի։ Եթե փոխնախարարի դերակատարությունը չլիներ, չէր կարող ոչ մասնագետն ընտրվել մի հաստիքում, որտեղ հստակ պահանջներ են եղել, որին ընտրված մասնակիցը չի համապատասխանել։

«Այս ոլորտում շարունակվում է տիրել հակահեղափոխական մթնոլորտ,- ասում է Տաթևը։ -Հայկական կողմը ձևական մրցույթ կազմակերպեց՝ ներգրավելով իտալացիներին»։

Տաթևն ասում է՝ իր ցանկությունն այն է, որ նոր և թափանցիկ մրցույթ կազմակերպվի այդ հաստիքների համար, իսկ ինքն այլևս իր թեկնածությունը չի առաջադրի, սակայն ոլորտում ոչ թե թատերագետներ կաշխատեն, այլ ճարտարապետներ։ «Արթիկի Լմբատավանքի տարածքում սանհանգույց են կառուցում, որը չի կարող թույլատրելի լինել այդ տարածքում։ Մասնագետները նման բան թույլ չէին տա»,- ասում է Տաթևը՝ վերագրելով այդ ամենաթողությունը մշակույթի գծով փոխնախարարին։

Մասնակիցների ընտրության վերաբերյալ հարցադրումներ ենք ուղարկել իտալական կողմին։ Պատասխան առայժմ չենք ստացել։ 

Լուսանկարում՝ ձախից Նարինե Խաչատուրյանը և Տաթև Քարտաշյանը

Մեկնաբանություններ (1)

Natalie Tadevosyan
Ճիշտ ուղի ես բռնել, Տաթև ջան, սակայն համաձայն չեմ քո՝ հետագա մրցույթներից հրաժարվելու հետ: Լավ չի առաջին անհաջողությունից ու անարդարությունից թևերն իջացնելն ու առաջ գնալու ընթացքը կանգնեցնելը: Ջահելությունը հենց դրանով է լավ, որ չպետք է "կանգ առնել նման պատնեշների առաջ" , դրանք ուղղակի դասեր են առաջընթացի ճամփեքին.... քեզ հաջողություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter