
«Կաթի փոշի խառնողներ շատ կան, ընդամենը պետք է կարդալ մակնշումը». ՍԱՏՄ ղեկավարը պատասխանել է ընթերցողների հարցերին
Օրերս «Հետք»-ի ֆեյսբուքյան «Անվտանգ սնունդ» խմբում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը պատասխանել է ընթերցողների հարցերին, որոնք վերաբերել են սննդամթերքի որակին, խախտումներին և անվտանգությանը: Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք (հարցերն ու պատասխանները սրբագրված են. հեղ.):
Արդյոք ՀՀ մուտք գործող Թուրքիայի ծագման սննդամթերքը, մասնավորապես՝ մանդարինը, ստուգվում է, և մեզ, մեղմ ասած, ոչ բարեկամ երկրներից ներմուծվող սննդամթերքի իրացումը արգելող օրենք չկա՞:
Թուրքիայից և Պակիստանից ներմուծվող բոլոր բուսական ծագման մթերքները, բացի բուսասանիտարական հետազոտությունից իմ հրամանով պարտադիր ենթարկվում են թունաքիմիկատների նկատմամբ հետազոտության։ Արգելող որևէ փաստաթուղթ չկա:
Պարո՛ն Ավետիսյան, կարելի՞ է նմանատիպ տեսանյութերն (տարբեր սննդատեսակների մեջից հաբեր են հայտնաբերում) ինչ-որ կերպ մեկնաբանել: Արդյոք սա հնարավո՞ր է կամ նման երևույթի ՍԱՏՄ-ն ստուգումների ժամանակ առնչվել է:
Երբևէ նման բան չենք տեսել, ու սրա իմաստը չեմ հասկանում, կարծում եմ անլուրջ է:
Արդյո՞ք ներկայում շուկայում վաճառվող բանանները ստուգվել են և անվտանգ են:
Բանանների մեջ նկատվում են կարմիր խիտ կետեր, դրանք ինչի՞ հետևանք են:
Ռուսաստանի Դաշնության դեպքից հետո խստացրել ենք սահմանի վրա:
Հարցը վերաբերում է արդեն իսկ շուկայում սպառվող ապրանքին:
Հայաստանի Հանրապետություն մտնող բուսական ծագման բոլոր մթերքները հետազոտվում են կարանտին վնասատուների հայտնաբերման համար:
Ամանորին ասում են բոլորը փոշի կաթ են խառնում սմետան, տվարոգին, որ՞ ֆիրման գնենք:
Անկախ Ամանորից կամ սեզոնից, կաթի փոշի խառնողներ շատ կան, ընդամենը պետք է կարդալ մակնշումը: Ոչ մի արտադրողի անվանում չեմ գրելու:
Իրավունք ունի՞ 10 օր ժամկետանց թթվասերը ոչ մի փոփոխության չենթարկվի։
Եթե արտաքին տեսքի մասին է խոսքը, չի բացառվում:
Քաշով վաճառվող կաթնամթերքի որակի, ժամկետի հսկողություն իրականացվո՞ւմ է։
Առանց մակնշման վաճառքը արգելվում է:
Կիլոյով վաճառվող թխվածքի մասին ինչ կասեք, ժամկետները ինչպե՞ս հասկանանք, խանութի աշխատողները բոլորինը չգիտեն, ցելոֆանով վաճառում են, հատկապես մարզերում շատ կան:
Մի՛ գնեք և պահանջե՛ք մակնշումը: Որ բոլորը պահանջեն, աշխատողները կիմանան:
Լսել եմ, որ ձվերի մեջ անտիբիոտիկներ են լինում, ինչպե՞ս հասկանանք՝ ձուն անվտանգ է, հնարավո՞ր է մեջը անտիբիոտիկ լինի:
Հայկական արտադրության հավկիթում և թռչնամսում հակաբիոտիկ երբեք չենք հայտնաբերել, եկող տարի նաև կլինի մշտադիտարկում: Արդեն 2 տարի է՝ ՀՀ տարածքում վաճառվում են միայն տեղական արտադրության հավկիթներ:
Հարցս այս օրերին դրսում վաճառվող ձկնեղենի մասին է, ստուգվու՞մ են, որքանո՞վ է անվտանգ:
Փողոցային առևտուրը մեր կառույցի գործառույթը չէ: Ստուգված չեն, վտանգավոր են, շատ արագ փչացող են: Ոչ միայն ձկները, այլ բոլոր կենդանական ծագման մթերքները:
Որ սննդի որակի վրա կասկածում ենք, որտե՞ղ կարող ենք ստուգել:
Կարող եք դիմել մեզ, մեր տեսուչները նմուշառեն և տանեն հավատարմագրված լաբորատորիաներից որևէ մեկը:
Գեորգի Ավետիսյանը նաև նշեց, որ խախտումներ հայտնաբերելու դեպքում պետք է դիմել ՍԱՏՄ թեժ գծին՝ 010206040:
Մեկնաբանել