HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ի՞նչ բուժում են ստանում թմրադեղից կախվածություն ունեցող ազատազրկվածները

Քրեակատարողական հիմնարկներում 2010թ․-ից իրականացվում է մեթադոնային փոխարինող բուժման ծրագիր, որի նպատակն է բարելավել թմրադեղից կախվածության մեջ գտնվողների առողջական վիճակը և կյանքի որակը։

2019թ․-ի նոյեմբերի 21-ի դրությամբ՝ ՔԿՀ-ներում մեթադոնային բուժում է ստանում 170 անձ։

Ըստ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների՝ 2014-2019թթ․-ի դրությամբ ծրագրում ընդգրկվողների թիվը տարեցտարի ավելանում է։ Օրինակ՝ 2014թ․-ին բուժման ծրագրում ընդգրկվածների թիվը եղել է 159-ը։ «Վարդաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում այս պահին մեթադոնային բուժում ստացող կալանավորներ կամ դատապարտյալներ չկան։

 

Untitled infographic
Infogram

Առողջապահության նախարարությունից «Հետքի» հարցմանն ի պատասխան նշել են, որ Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին 2019թ․-ին հատկացվել է մոտ 7,8 մլն դրամ, Առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի միջոցներից, և 634 հազար դրամ Կառավարության ֆինանսավորումից։ Նպատակը մինչև 2020թ․ մարտի 31-ը բոլոր ՔԿՀ-ներում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված իրազեկման և տպագիր նյութերի տրամադրման, մեթադոնային փոխարինող բուժման տրամադրման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ ազատ թեստավորում իրականացնելու, ինչպես նաև ռենտգենային սարքավորումների վերանորոգման աշխատանքներն են։ Իսկ մինչև 2019-ը նախարարության կողմից գումար չի հատկացվել, տրամադրվել է մեթադոն դեղ՝ ներերակային ճանապարհով թմրամիջոց օգտագործող 150 անձանց շրջանում մեթադոնային փոխարինող բուժման համար։

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի առանձին շենքում գտնվում է նարկոլոգիական բաժանմունքը, այստեղ են պահվում դետոքսիֆիկացիոն բուժում (ապաթունավորում) ստացող հիվանդները, իսկ մեթադոնային բուժման ծրագրի մեջ ընդգրկվածները ստացիոնար բուժման համար նախատեսված հիվանդասենյակներում չեն պահվում, օրվա մեջ նույն ժամերին նրանց տեղափոխում են մասնաշենք, հատկացնում մեթադոնի չափաբաժինը։

«Բուժման համար այս դեղամիջոցները տրամադրվում են 5,10, 40 միլիգրամ չափաբաժնով, պարտադիր մենք դեղահաբը լուծում ենք ջրում, նոր ենք տալիս հիվանդին։ Ծրագրի համար շաբաթ-կիրակի չկա, եթե բժիշկը տեղում չի լինում, բուժակներն են տալիս դեղամիջոցը»,- ասում է «Արմավիր» ՔԿՀ-ի բժիշկ Բենիկ Անտոնյանը։

Մեթադոնային փոխարինող բուժումն իրականացվում է բոլոր ՔԿՀ-ներում։

Ըստ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական սպասարկման և օգնության բաժնի պետ, նարկոլոգ Արայիկ Հակոբյանի՝ ՔԿՀ-ներում թմրանյութերից կախվածություն ունեցողների համար կա բուժման երկու տեսակ՝ մեթադոնային բուժում և թմրամոլների ապաթունավորում, որը հնարավորություն է տալիս թմրամոլին 2 շաբաթվա ընթացքում մաքրել օրգանիզմը, այս բուժման ընթացքում մեթադոնը ևս օգտագործվում է։

Լինում են դեպքեր, երբ դատարանի որոշմամբ՝ թմրադեղերից կախվածություն ունեցողների նկատմամբ հարկադիր բուժման որոշում է կայացվում։

Մեթադոնային բուժում իրականացվում է հաբերի ընդունման միջոցով, սակայն հաբն ազատությունից զրկվածին առձեռն չի տրվում։ Դեղահաբն ընդունում են բժշկի հսկողությամբ։ Մեթադոնային փոխարինող բուժում անցնելու կամ դադարեցնելու համար դատապարտյալը կամ կալանավորն ինքն է դիմում քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը։

Նարկոլոգ Արայիկ Հակոբյան ասում է՝ մեթադոնային փոխարինող բուժման նպատակն այն է, որ այն անձինք, ովքեր անընդմեջ օգտագործում են թմրանյութեր, և ունեն կախվածություն, բուժումից հետո չունենան զրկանքի համախտանիշ, չունենան կախվածություն և կարողանան գոյատևել հասարակության մեջ։

«Քաղաքացիական կյանքում, եթե թմրամոլը կարողանում է հեշտ ձեռք բերել թմրանյութ, ՔԿՀ-ում այդ հնարավորությունը չկա, ու կալանավորված անձինք և դատապարտյալներն ամեն ինչ ձեռնարկում են թմրանյութեր ձեռք բերելու համար՝ թե՛ հարազատների, թե՛ ընկերների միջոցով»,- ասում է ՊՈԱԿ-ի բժշկական սպասարկման և օգնության բաժնի պետը։

«Կալանավորներն ու դատապարտյալները բժիշկներին համարում են արդեն իրենց ընկերները, չեն ամաչում, չեն ասոցացնում ոստիկանի կամ ՔԿՀ-ի աշխատողի հետ։ Մենք ունենք դեպքեր, երբ ընդգրկվել են ծրագրում, ստացել մեթադոն, նվազեցրել չափաբաժինը, ապա ավարտել բուժումը»,- ասում է բժիշկ-նարկոլոգը։

Ծրագրում ընդգրկվում են հիմնականում այն ազատազրկվածները, ովքեր անցել են ապաթունավորման բուժում, սակայն չեն կարողացել կտրվել թմրանյութերի նկատմամբ կախվածությունից։

ՔԿՀ-ում ծրագրի մեջ ընդգրկվողները, ըստ Արայիկ Հակոբյանի, կարող են բուժում ստանալ 2-3 օր, որից հետո ինքնակամ հրաժարվեն բուժումից, լինում են դեպքեր, երբ բուժումն իրականացվում է մի քանի տարի անընդմեջ։

Ըստ «Մեթադոնային փոխարինող բուժում․ առանձնահատկությունները ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում» հետազոտության՝ մեթադոնային բուժման նպատակներից է նաև ՄԻԱՎ-ի վարակի կանխարգելումը։ «Մեթադոնի դերը նյութերից կախվածությամբ հիվանդների շրջանում ապօրինի թմրամիջոցներով ներարկումների դեպքերի էական կրճատելն է, հետևաբար նաև` արյունածին վարակների տարածման հավանականության հնարավորինս նվազեցումը»,- նշված է զեկույցում։

Զեկույցը պատրաստվել է 2014թ․-ին, սակայն  ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը պնդում է, որ ՄԻԱՎ-ի վարակի կանխումն այս եղանակով արդիական է նաև այսօր։

«Լավ բուժում է, ողջունելի է, որ ներդրվել է փակ հաստատություններում, բայց որպես խնդիր, կարող ենք նշել, որ տրամադրվող քանակը կարող է բավարար չլինել, ցանկացողները շատ լինեն, քան ստացողները»,- ասում է Հ․ Հարությունյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter