HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձմեռ պապ. «Իմ նպատակն է երեխաներին հավատացնել, որ հեքիաթ կա»

Արամ Ավետիսյանը 13 տարեկանից Ձմեռ պապ է աշխատում, արդեն 11 տարվա փորձ ունի: Ասում է, որ երեխաներին շատ է սիրում եւ իր նպատակն է նրանց հավատացնել, որ հեքիաթ կա: Ինքն էլ երազում է տեսնել Լապլանդիան։

Արամը ծնվել է Չարենցավանում, 8 տարեկանից թատրոնում տարբեր դերեր փորձելուց հետո մի օր որոշել է օգտագործել իր դերասանական հմտությունները գումար աշխատելու համար: «Թատրոնում դերերիցս մեկն էր Ձմեռ պապը, խնդրեցի, որ հագուստը մնա ինձ։ Ես մոտ 13-14 տարեկան էի»։

Սկզբում բարեկամների երեխաներին էր ուրախացնում, բայց երբ հասկացավ, որ ստացվում է ձայնը փոխել, ու երեխաներն էլ հավատում են Ձմեռ պապին, Արամը որոշեց գումար աշխատել: «Երբեք գումարի չափի մասին չեմ էլ մտածել, հաճախ ուղղակի դրսում խնդրում էին, որ գնամ իրենց հետ՝ երեխաներին ուրախացնելու։ Ես անշահախնդիր գնացել եմ։ Եթե ամեն տարի ես կարողանամ 10-15 երեխայի հավատացնել, որ Ձմեռ պապ կա, ու իրենց ցանկությունները մի օր կիրականան, ուրեմն հեքիաթը նրանց մեջ կապրի և նրանց էլ կօգնի ավելի հեշտ ապրել»,- ասում է Արամը։

Արամը «բնական» Ձմեռ պապ է, որովհետեւ իրական սպիտակ մորուք ունի: «Մի տարի ինձ առաջարկեցին մորուք պահել, ու հետո սկսեցինք գունաբացել։ Ես այդ ժամանակ կանանց հասկացա։ Մորուքս երեք անգամ գունաբացեցին, ու ես արդեն երեխաներին ազատ թողնում էի, որպեսզի խաղան մորուքիս հետ»։

Արամն ասում է, որ երեխաները շատ խելացի են, նրանց ցանկություններն էլ` խելամիտ: Ձմեռ պապին հենց դա է ուրախացնում: Իր փորձից նա մտաբերում է հիշարժան դեպքերը. «Երկու դեպք եղավ, որ միշտ հիշում եմ։ Մեկը` շատ զավեշտալի, իսկ մյուսը հուզիչ էր։ Գնացել էի հերթական տուն ու լսում էի երեխայի ցանկությունը։ Հավանաբար երեխան հաճախ տանը լսել էր մայրիկից, որ իրենց խոհանոցի կահույք է անհրաժեշտ: Ու երբ հարցրի, չարաճճին ասաց. «Դու պիտի կուխնու մեբել բերեիր մեզ, մամաս սպասում էր»։ Ես երկար ժամանակ չգիտեի՝ ինչ պատասխանել»։

Մյուս դեպքն էլ սահմանամերձ գյուղում էր: «Երեխային գրկեցի ու հարցրի, թե ինչ երազանքներ ունի։ Հարցիս հարցով պատասխանեց՝ ինձ պապա կբերե՞ս։ Լռեցի, նայեցի երեխայի մայրիկին ու տեսա, որ հուզված կանգնել է։ Ես չգիտեի՝ ինչ ասել։ Ինձ համար շատ ցավոտ է այս թեման։ Ես էլ հորս վաղ հասակում եմ կորցրել։ Չիմացա՝ հայրը որտեղ էր ու պատասխան չունեի երեխայի համար»։

Արամը վստահ է` հեքիաթ կա ու դրան պետք է հավատալ: «Ձմեռ պապիկին հավատում եմ ու շատ ազատ միշտ այս մասին ասում եմ։ Տիեզերքն էնքան անսահման է, մենք երբեք չենք իմանա՝ որտեղ ինչ կա։ Ես հավատում եմ տիեզերքի գաղտնիքին։ Գուցե ինքն էնպիսին չէ, ինչպես մենք ենք պատկերացնում, գուցե ինքն ապրում է մեր կողքին։ Հրաշքին հավատալ` նշանակում է մեր միջի դրականը փոխանցել ուրիշներին, իսկ էդ դրականը միշտ էլ վերադառնում է։ Եթե դա հրաշք չի, բա էլ ի՞նչ է»։

Ձմեռ պապը խոստովանում է՝ սկզբնական շրջանում դժվար էր. «Դրսում էի մնում էդպես կանգնած, մարդիկ իրենց տներում նշում էին տոնը, վառ գույներ ուրախություն, ես` միայնակ, դրսում: Արտասվել եմ»։

Հաճախ է Նոր տարին դիմավորել աշխատանքի մեջ, բայց որքան էլ դժվար է եղել տանից, հարազատներից հեռու, այնուամենայնիվ, միշտ սիրով է արել իր գործը։

Սեփական երազանքների մասին ասում է. «Սկզբում երազանքներս նյութական էին։ Հիմա մի բան եմ ցանկանում, որ մարդկանց մեջ մարդը չկորի»:

Էլենիտա Սարգսյան, Թերեզա Հովհաննիսյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

Մեկնաբանություններ (1)

Արամ Ավետիսյան
Շնորհակալ եմ այս հետաքրքիր զրույցի համար?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter