
Կոնֆետի տուփում հայտնաբերվել է սուբուտեքսի 516 դեղահաբ․ երկու անձ կալանավորվել է
Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Երևանի բնակիչներ 41 և 46-ամյա երկու տղամարդ նախնական համաձայնությամբ պետք է արտերկրից Հայաստան բերեն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։
Դեկտեմբերի 21-ին Բագրատաշենի սահմանային անցակետում նրանք ենթարկվեցին մաքսային զննության։ Կենֆետի տուփում բացի կոնֆետներից B8 գրառմամբ սուբուտեքսի 516 դեղահաբ կար։ Նույն օրը քրեական գործ հարուցվեց և տղամարդիկ որպես կասկածյալ ձերբակալվեցին, հայտնաբերվածն էլ ուղարկվեց փորձաքննության։ Դեկտեմբերի 24-ին տղամարդկանց մեղադրանք առաջադրվեց։
Ըստ հաղորդագրության՝ նրանք դատարանի որոշմամբ կալանավորվեցին ու տեղափոխվեցին քրեակատարողական հիմնարկ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել կալանավորվածների բնակարաններում։ Հետագա գործողությունների համար առգրավվել են տարբեր իրեր։
Կատարվում է նախաքննություն։
Մեկնաբանել