
Ալավերդու համայնքապետը բյուջեի նախագիծը քննարկելիս ավագանուց թաքցրել էր բյուջեի եկամտային մասը
Ալավերդի խոշորացված համայնքի 2020թ.-ի բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ նվազել են 44 մլն դրամով։
Ավագանու դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում համայնքի 2020թ.-ի բյուջեի նախագծի քննարկմանը ավագանուն ներկայացված բյուջեի փաթեթում բացակայում էին բյուջեի եկամտատեսակների և ծախսային մասի գործառնական և տնտեսագիտական դասակարգման փաստաթղթերը: Սասուն Խեչումյանն ավագանու նիստում չներկայացրեց իր հեղինակած 2020թ.-ի բյուջեի նախագծի եկամտային և ծախսային մասերը:
«Մենք հանրային քննարկում էինք արել, այդ պատճառով ավագանու քննարկմանը չէինք ներկայացրել բյուջեի եկամտատեսակները, իսկ բյուջեի ծախսային մասի գործառնական և տնտեսագիտական դասակարգումը չէինք դրել ավագանու առջև դրված բյուջեի փաթեթում, որովհետև ավագանու անդամները դրանք խառնում են»,- բացատրեց համայնքապետարանի ֆինանսական բաժնի ղեկավար Վահե Պապինյանը:
Համայնքի ավագանին 13 կողմ և 1 ձեռնպահ ձայներով հաստատեց Ալավերդի խոշորացված համայնքի 2020թ.-ի բյուջեն:
Բյուջեի հանրային քննարկմանը Սասուն Խեչումյանը հայտարարել է, թե քննարկման է ներկայացրել իր սևագիր բյուջեն։ «Այն ինչ ձեզ ներկայացրել ենք, խնդրում եմ ընդունել սևագիր: Մենք սևագիր են արել, ուզում ենք մեր սևագրին դուք մոտիկից ծանոթանաք, ուզում ենք ձեր բոլորի առաջարկությունները լսել»,-հայտնել է նա:
Համայնքապետի այս հայտարարությամբ տեղի ունեցած հանրային քննարկումը չէր կարող հիմք հանդիսանալ ավագանու՝ 2020թ.-ի բյուջեի նախագծի եկամուտների աղբյուրները չներկայացնելու համար: Ս. Խեչումյանը 2020թ.-ի բյուջեի նախագծի իր սևագիրը քննարկելիս նիստի մասնակիցներին խաբել է, թե ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողովի հետ բյուջեի նախագիծը պետք է ավելի մասնագիտական և փորձագիտական ուսումնասիրության ենթարկի: Ասել է նաև, թե ավագանու քննարկմանը ներկայացնելիս հանձնաժողովի եզրակացությունը դնելու է բյուջեի նախագծի տակ, որը գոյություն չուներ:
Ավագանու անդամներ Վիգեն Քառյանը, Արտուշ Աբելյանը և Լաուրա Մելիքսեթյանը նիստում մի քանի անգամ հայտարարեցին, թե շատ դժվար են հավաքագրվում բյուջեի եկամուտները: Ոչ մի հարկ և տուրք չի հավաքագրվում, քանի որ համայնքի հարկատուների մի մասը Ալավերդու պղնձաձուլական գործարանը փակվելու պատճառով գործազուրկ է դարձել:
«Ալավերդիում մոտ 300 ավտոմեքենա է վաճառվել: Ս. Խեչումյանը ակնկալիք չունի, վստահ է, որ 2020թ.-ի բյուջեի եկամուտները չի կարողանալու հավաքագրել»,- մեզ հետ զրուցելիս ասաց Վիգեն Քառյանը: Ըստ «Բյուջեի մասին օրենքի»՝ եկամուտների հավաքագրման կազմակերպողն ու պատասխանատուն համայնքապետն է: Հիշեցնենք, որ հանրային քննարկմանն ալավերդցի գործարար Սոս Սիրադեղյանը հրապարակավ հայտարարեց, որ երկու տարի չի վճարել իր սեփական տաքսի սերվիսի լիցենզիայի տուրքը, սակայն համայնքապետարանի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գույքի կառավարման բաժնի որևէ պատասխանատու այդ տուրքը չվճարելու համար չի անհանգստացրել իրեն: Գործարարը մատնանշել է, որ իր դիտարկմամբ Ալավերդու Ս./Սարահարթ թաղամասի հրապարակում կայանող 30 տաքսիստներից ընդամենը երկուսնն են վճարում իրենց լիցենզիայի տուրքերը: Բյուջեի հողի հարկային եկամուտների մասին ավագանու նիստում հիշեցրինք նաև մենք: Նշեցինք, որ Ալավերդիում կան հարկատուներ, որոնք հարկ չեն վճարում:
«Ճի՞շտ է ասում»,- բաժնի ղեկավար Արա Աբելյանին դիմեց Սասուն Խեչումյանը:
«Իր ասածը կազմում է մի 20 հազար դրամ»,- պատասխանեց Արա Աբելյանը:
Բայց մենք միայն 15 հարկատուի մասին էինք հարց ուղղել Արա Աբելյանին:
Բյուջեի նախագիծն ավագանուն ներկայացնելիս նա ընդամենը ասաց, որ այն, ինչ բյուջեի նախագծի հետ կապված հասարակությանը ներկայացրել է, դրա մեջ փոփոխություններ կան:
«Նվազագույն աշխատավարձի համար մենք 66 մլն դրամ ենք ծախսել, չենք ենթադրել, որ այդ գումարը էստեղից է դրվելու»,- ասաց նա (ի նկատի ուներ բյուջեից)։ Հայտնեց, որ 66 մլն դրամից նվազագույն աշխատավարձի համար որոշակի վճարել է 58 մլն դրամ: Ավագանուն հիշեցրեց, որ որոշել են չհատկացնել նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար նախատեսված բնապահպանական վճարների 13 մլն դրամը։ «58 մլն դրամին գումարում եմ 13 մլն դրամ և արդյունքում 71 մլն դրամով սկսում ենք մեր տարեկան բյուջեն: Ձեզ մենակ ասեմ, որ եկամուտների գծով մենք նախատեսել ենք 644 մլն դրամ, 364.2 հազար դրամ, ծախերի գծով ՝ 644 միլիոն 364,2 հազար հազար դրամ»,- հայտնեց Ս. Խեչումյանը և առաջարկեց բյուջեի նախագծից հարցեր տալ իրեն:
Հարց տվողներ չեղան: «Եթե դուք ասելիք չունեք, ես ֆինբաժնի վարիչին կառաջարկեմ ինքը մեզ բյուջեն ներկայացնի ըստ օրենքի»,- ասաց Ս. Խեչումյանը: Մեզ հաջողվեց արդեն հաստատված բյուջեն ստանալ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 24-ի կեսօրին:
Պարզվեց՝ բյուջեի 2020թ.-ի եկամուտները նախորդ տարվա համեմատ նվազել են 44 մլն դրամով: 2019թ.-ին այն կազմել է 688,4մլն դրամ, 2020թ.-ին նախատեսվել է 644 ,3 մլն դրամ: Սասուն Խեչումյանը 2020թ-ին 2019թ.-ի համեմատ նախատեսել է մոտ 10 մլն դրամ պակաս՝ 78 մլն 770 հազար 800 դրամ տեղական հարկեր և տուրքեր: Համայնքապետարանը հողի հարկային եկամուտների հավաքագրման 100 մլն դրամից ավելի ապառքներ ունի: 2020թ.-ի բյուջեի եկամտային մասում Ս. Խեչումյանը հողի հարկային եկամուտները թողել էր անփոփոխ՝ 9 մլն 869 հազար 300 դրամ: Ապառքներից նույնիսկ 5 տոկոս հավաքագրում չի նախատեսել: Ավագանու որևէ անդամ համայնքապետին հարց չուղղեց 2020թ.-ի բյուջեի եկամուտները 44 մլն դրամ նվազելու պատճառների մասին: Իսկ ավագանու անդամ Սվետլանա Պետրոսյանը ավագանուն առաջարկում էր բարձրացնել համայնքապետ Սասուն Խեչումյանի աշխատավարձը:
«Համայնքապետը ես եմ, ես էտենց էլ եմ աշխատում: Չեմ ուզում համեստություն անել, եթե փոփոխություն կատարվի համայնքի ղեկավարի աշխատավարձում, ամբողջ աշխատակազմի աշխատավարձն է փոփոխելու: Ես ցավում եմ, որ իմ թիկունքում կանգնած մարդկանց աշխատավարձը չի կարող բարձրանալ: Բայց նրանց աշխատավարձը չի բարձրանում մի պարզ տրամաբանությամբ, որովհետև իմ աշխատավարձը չի բարձրանում»,- պարզաբանեց Ս. Խեչումյանը: Ավագանի Արտուշ Աբելյանը առաջարկեց ընդունել 2020թ.-ի դեֆիցիտով բյուջե։ «Մամուլից տեղեկացել եմ, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման համար մոտ 65 մլն դրամ դոտացիա է հատկացվելու համայնքին, որը քիչ գումար չէ: Եթե էս բյուջեն դեֆիցիտով ընդունենք, պետությունը կտեսնի, որ մենք իրենից էդ գումարի պահանջն ունենք: Եթե էսենց ընդունում ենք 2020թ.-ի բյուջեն, մարդիկ ասելու են ուրեմն բոլորը էս բյուջեի հետ համաձայն են: Բա որ եկող տարի եկավ ու էդ 66 մլն դրամ դոտացիոն փոխհատուցումը չեղավ, ի՞նչ ենք անելու, մենք անցնելու ենք ցավոտ որոշումներին: Ասենք՝ մարտ ամսից սկսած սկսելու ենք կրճատումներ անելը: Հետո մեր ավագանիով ոնց ենք դա անելու: Պետք է ընդհանուր կրճատման գնանք, չէ՞»,- բացատրում էր Ա. Աբելյանը:
Վերջինս տեղյակ չէր, որ Կառավարությունը պետբյուջեից համայնքի 2020թ.-ի բյուջեում նախորդ տարվա համեմատ նախատեսել է 67 մլն դրամով ավելի դոտացիա: 2019թ.-ի 407,3 մլն դրամի փոխարեն 2020թ.-ի դոտացիան կազմելու է 476,1 մլն դրամ: Արտուշ Աբելյանը նույնպես հարց չուղղեց Ս. Խեչումյանին 2020թ.-ի բյուջեի եկամուտների 44 մլն դրամ պակասելու պատճառների մասին:
Մեկնաբանել