
Կառավարությունը ուժը կորցրած ճանաչեց «Երեխաների քաղաք»-ի կառուցման մասին որոշումը
Կառավարությունը ուժը կորցրած ճանաչեց օգոստոս ամսին ընդունած՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը Շահումյան և Տափերական համայնքներում հողամասեր հատկացնելու որոշումը։
Հիշեցնենք, որ այդ որոշումն ընդունվել էր օգոստոսի 8-ին։ Դրանով նախատեսվում էր «Երեխաների քաղաք» կառուցելու և անապահով սոցիալական պայմաններում ապրող, հաշմանդամություն ունեցող երեխաների լիակատար զարգացման, մանկական աղքատության կրճատմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացման նպատակով Շահումյան և Տափերական համայնքներում գտնվող հողամասը և վարելահողը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդմամբ՝ բարեգործական ծրագրի վերաբերյալ կազմակերպվել են քննարկումներ, որոնց ընթացքում նախարարության ներկայացուցիչները հայտնել են մտահոգություն՝ ծրագիրն իր նպատակին ծառայեցնելու հնարավորության վերաբերյալ։
«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնել է, որ նմանօրինակ ծրագիրը 21-րդ դարում ներառականության սկզբունքներ ընդունած մեր երկրի համար ընդունելի չէ: Ծրագիրն ակնհայտ հակասում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաներին և Կառավարության կողմից այժմ իրականացվող մի շարք ծրագրերին»,- ընդգծել է նախարարությունը:
Նախատեսվում է իրականացնել ծրագրի վերանայման աշխատանքներ, ծրագրի փոփոխությունից հետո, անհրաժեշտության դեպքում, կքննարկվի նոր հողամաս հատկացնելու հարցը։
Մեկնաբանել