6 ամիս ընտանեկան նպաստ կտրամադրվի այն ընտանիքին, որի աշխատունակ անդամն աշխատանքի կանցնի
Կառավարությունը հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկը, որով նախատեսվում է 6 ամիս ընտանեկան կամ սոցիալական նպաստ տրամադրել այն ընտանիքներին, որոնց աշխատունակ անդամն աշխատանքի կանցնի։
Բացի այդ, Կառավարությունը հաստատեց մեկ այլ դրույթ, որով ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ հաշվի կառնվի 100 հազար դրամ և ավել գումարով ամենամսյա վարկեր սպասարկելու հանգամանքը:
Այս գործընթացները կսկսվեն որոշման՝ Ազգային ժողովի հաստատումից հետո։
«Նախագիծն ընդունվելու դեպքում կբարձրանա համակարգի հասցեականությունը, ինչպես նաև` ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքները աստիճանաբար կգերադասեն զբաղվածությունը (ինքնազբաղվածությունը)՝ նպաստ ստանալուց»,- հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Այս նախագծով նախատեսվում է նաև այդ ընտանիքներին թույլ տալ օգտվել զբաղվածության ակտիվ ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումներից։
Նախարարությունն ակնկալում է նպաստառու ընտանիքների համար ստեղծել ինքնուրույնաբար կայուն եկամտի ձևավորման հնարավորություններ և ապախթանել պետական նպաստը ստանալու հանգամանքը։
«Նպաստառու ընտանիքների աշխատունակ անձինք, նպաստի իրավունքից չզրկվելու համար, խուսափում են հարմար աշխատանքի առաջարկներից կամ զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում իրականացվող ակտիվ ծրագրերում ընդգրկվելուց»,- նշված է գործադիր ներկայացված նախագծի հիմնավորման մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել