HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ն լուծարվեց

Կառավարությունն այսօր որոշեց լուծարել Առողջապահության նախարարության «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ն։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ ընկերության գործունեության հիմնական տեսակներն են՝ տրանսպորտի համակարգի աշխատողների բժշկական հետազոտումն ու ատամնաբուժական ծառայություններ մատուցելը:

«Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում էր ինչպես պետական բյուջեից ֆինանսավորման, այնպես էլ ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտների հաշվին՝ ընկերությունը բժշկական ծառայություններ էր մատուցում «Հարավ կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին: 2018թ.-ի համար պետական բյուջեից ֆինանսավորում նախատեսված չէր, իսկ ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտները կտրուկ նվազել էին:

«Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ն «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցներին մատուցում էր նախաերթուղային և հետերթուղային ստուգման ծառայություններ և բուժզննման ծառայություններ։ Սակայն 2017 թվականի նոյեմբերից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն կրճատել է պատվերի ծավալները։

«Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ին աջակցելու նպատակով Պետական գույքի կառավարման կոմիտեն գրությամբ դիմել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին՝ խնդրելով քննարկել ընկերությանը լրացուցիչ ծառայություններ պատվիրելու հնարավորության հարցը։ Սակայն ընկերությունը հայտնել էր, որ լրացուցիչ բժշկական ծառայությունների անհրաժեշտություն ներկայում ընկերությունը չունի։

«Հաշվի առնելով, որ «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունները յուրահատուկ չեն և կարող են մատուցվել նաև այլ բժշկական կազմակերպությունների կողմից, ինչպես նաև ընկերության գործունեությունը դերակատարում չունի առողջապահական համակարգում՝ Առողջապահության նախարարությունը դեռևս 2019թ. փետրվարի գրությամբ նշել էր, որ դեմ չէ ընկերության լուծարմանը»,- հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter