HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կբարձրանա աշխատանքային, զինվորական կենսաթոշակների, նպաստների չափը․ գործադիրն ընդունեց նախագիծը

Կառավարությունը հաստատեց աշխատանքային և զինվորական կենսաթոշակների միջին չափերը, ինչպես նաև` ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը բարձրացնելու նախագիծը։ Այն գործադիր ներկայացրել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Սակայն կգործի միայն Ազգային ժողովի հաստատումից հետո։

Որպես այս փոփոխությունների հիմնավորում նախարարությունը նշել է, որ պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2020 թվականին կանխատեսվում է 26500 դրամ։ Նշենք, որ այն նախորդ տարվա համեմատ 1000 դրամով ավելի է։

Մասնավորապես՝ նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 26500 դրամ (25500 դրամի փոխարեն), աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 18000 դրամ (16000 դրամի փոխարեն), աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար դարձնել 950 դրամ (800 դրամի փոխարեն)։

Կբարձրանա նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը` դրանք սահմանելով 26500 դրամ (25500 դրամի փոխարեն), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90000 դրամ (80000 դրամի փոխարեն):

Իսկ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը կդառնա 1600 դրամ (1500 դրամ), պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը` 1-ին խմբի հաշմանդամի համար՝ 40000 դրամ (36000 դրամի փոխարեն), 2-րդ խմբի հաշմանդամի համար՝ 30000 դրամ (26000 դրամի փոխարեն), 3-րդ խմբի հաշմանդամի համար՝ 27000 դրամ (25500 դրամի փոխարեն)։

Իսկ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կսահմանվի 27000 դրամ (25500 դրամի փոխարեն), երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90000 դրամ (80000 դրամի փոխարեն):

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Կառավարությանը հայտնեց, որ այս կարգավորումների ընդունման դեպքում, բացի 2020 թվականի՝ կենսաթոշակների հատկացման ֆոնդից, լրացուցիչ 3,4 միլիարդ դրամ է անհրաժեշտ լինելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter