HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սպանված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները փակել էին Տիգրան Մեծ փողոցը. պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ

Զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներն այսօր առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց: Քիչ առաջ նրանք փակել էին Տիգրան Մեծ փողոցից Հանրապետության հրապարակ տանող ճանապարհն ու պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Աջամյանի մայրը նստել էր փողոցի երթևեկելի հատվածում ու պնդում էր, որ մինչև Նիկոլ Փաշինյանը չիջնի և իր հետ չզրուցի, տեղից վեր չի կենալու:

Աջամյանի պապն էլ հայտարարեց, որ եթե վարչապետը չիջնի, վաղը զինծառայողի դին կբերեն Կառավարության շենքի դիմաց:

Արթուր Աջամյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել դեկտեմբերի 2-ին՝ Արցախի ՊԲ հյուսիսարեևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նրա հարազատները պահանջում են բացահայտել, թե ինչ հանգամանքներում է զոհվել Արթուր Աջամյանը:

Նշենք, որ սպանված զինծառայողի հարազատներն այսօր մեկ անգամ ևս փակել էին փողոցը՝ կրկին Նիկոլ Փաշինյանին հանդիպելու պահանջով, սակայն, նրանց փոխանցմամբ, հանդիպել էին ոչ թե Փաշինյանին, այլ գործով քննիչին: Այսինքն՝ նրանց պահանջը չի կատարվել, ու նորից դիմել են փողոց փակելու քայլին:

Քիչ առաջ բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանին, վերջինս հայտնեց, որ վարչապետը ցանկացել է հանդիպել զինծառայողի հարազատներին, սակայն տեղեկանալով, որ փողոց են փակել, վերանայել է որոշումը: Նաիրի Սարգսյանն առաջարկեց պահանջները ներկայացնել իրեն, սակայն քաղաքացիները հրաժարվեցին:

Հետո փողոցի երթևեկելի հատվածում լարված իրավիճակ ստեղծվեց: Ոստիկանները պարբերաբար փորձում էին բողոքի ակցիայի մասնակիցներին հեռացնել երթևեկելի հատվածից, ինչին քաղաքացիները դիմադրում էին: Րոպեներ առաջ Նաիրի Սարգսյանը նորից հանդիպեց բողոքի ակցիայի մասնակիցների հետ ու հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպման է հրավիրում: Այս պահին Աջամյանի հարազատներից մի քանիսը գնացել են հանդիպման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter