HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մրգաշատի համայնքապետարանի շենքը գրավ է դրված. ի՞նչ է արել համայնքապետը վերցրած 10 հազար դոլարը

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն անցյալ տարվա հոկտեմբերի 15-ին մարզի Մրգաշատ համայնքի ղեկավար Գեւորգ Դանիելյանին պատվոգիր հանձնեց՝ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին վերանորոգելու եւ այլ արժանիքների համար: Մարզպետը մինչ օրս տեղյակ չէ, որ իր պատվոգրին արժանացած համայնքապետն արդեն մեկ տարի է 10.000 դոլար վարկի դիմաց բանկերից մեկում գրավ է դրել Մրգաշատի համայնքապետարանի շենքը:

Գեւորգ Դանիելյանը հասկանալի պատճառներով խուսափում է խոսել 10.000 դոլար վարկի մասին, քանի որ համայնքապետարանի վարչական շենքը բանկում գրավ է դրել առանց  ավագանու համաձայնության: Համայնքապետը «Հետքի» հետ զրույցում, չձայնագրվելու պայմանով, միայն ասաց, որ վարկը վերցրել է գյուղի եկեղեցու վերանորոգման համար եւ վարկի մի մասն արդեն մարել է, մյուս մասն էլ այս տարի կմարի, այդ իսկ պատճառով  պետք չի «շուխուռ անել»: «Անցյալ տարի 68 մլն դրամ գումար ծախսեցի եկեղեցին վերանորոգելու համար, էլի համայնքի բյուջեով եմ արել: Հին եկեղեցի էր, քանդված, վերանորոգեցինք պրծանք»,- ասում է Գեւորգ Դանիելյանը:

Գյուղի մեր աղբյուրները հետեւյալը հայտնեցին. «Գյուղապետը անցյալ տարի գյուղացիների 18 հա անմշակ հողերը վերցրել ու բամբակ ա ցանել իր համար, բայց «տակ ա տվել»: Վարկն էլ իր բամբակի համար ա վերցրել, ի՞նչ եկեղեցի, ի՞նչ բան»: Նրանք տեղեկացրին, որ իրականում գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին վերանորոգվել է ոչ միայն համայնքապետարանի միջոցներով, ինչպես ներկայացնում է Գեւորգ Դանիելյանը, այլ այդ նվիրական գործին մասնակցել են համայնքի գրեթե բոլոր բնակիչները՝ նվիրաբերելով 1000 դրամից սկսած մինչեւ 20.000 դրամ, իսկ եկեղեցու տանիքը վերանորոգվել է Արմավիրի քաղաքապետի եղբոր՝ Սարգիս Խլղաթյանի տրամադրած գումարով: ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանը նույնպես ֆինանսական օգնություն է ցուցաբերել եւ ի նշան երախտիքի, Մրգաշատի ավագանին նրանց 2011թ. հոկտեմբերի 15-ին շնորհել է Մրգաշատի պատվավոր քաղաքացու կոչում:

Մրգաշատցիներից շատերն առաջին անգամ էին լսում, որ համայնքապետարանի շենքը գրավ է դրված: Համայնքապետարանում կայացված որոշումներին գյուղացիների անտեղյակ լինելու հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ համայնքապետարանը տեղեկատվական ցուցանակ չունի եւ համայնքապետարանում կայացված ոչ մի իրավական ակտ գյուղական հանրությանը հասանելի չի դառնում: «Դուրսը կար մի հատ, լակոտները ջարդել էին, ասեցի հանեցին գցեցին էն կողմ, բայց էս քանի օրը մի հատ կկպցնենք»,- բնակչությանն իրազեկելու պարտավորությունն անտեսելու վերաբերյալ այսպիսի բացատրություն տվեց համայնքապետ Դանիելյանը:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մեր հարցումին, թե մարզում կա՞ն համայնքներ, որտեղ գրավադրված է համայնքային նշանակության անշարժ գույք, պատասխանել է, որ ըստ մարզպետարանի աշխատակազմում մուտքագրված մարզի համայնքների ավագանիների, ինչպես նաեւ համայնքի ղեկավարների որոշումների, «համայնքի սեփականություն հանդիսացող որեւէ անշարժ գույք բանկային համակարգում կամ վարկային կազմակերպություններում գրավադրված չէ»: Մարզպետի պատասխանից եւս կարելի է ենթադրել, որ համայնքապետ Գեւորգ Դանիելյանը համայնքապետարանի շենքը գրավադրել է բացառապես իր նախաձեռնությամբ, առանց ավագանու համաձայնությունն ստանալու եւ չի բացառվում, որ հենց իր անձնական խնդիրները հոգալու նպատակով է վարկը վերցրել:

Ներկայացվածը Գեւորգ Դանիելյանի գյուղը «տնավարի» ղեկավարելու միակ օրինակը չէ: Երբ հարցրինք, թե ի՞նչ է նախատեսված համայնքի զարգացման քառամյա ծրագրով, համայնքապետը զարմացած արձագանքեց. «Ի՞նչ ծրագիր, հա՛, ի՞նչ սարքենք: 11 տարի ա ինչ ընտրվել եմ, ակումբը սարքել եմ, հիվանդանոցը սարքել եմ, մանկապարտեզը, գյուղապետարանը սարքել եմ: Մանկապարտեզի մի կորպուսը դուրս չի գալիս, կփորձենք այս տարի դա էլ վերանորոգել»:

Գեւորգ Դանիելյանին մտահոգում է միայն գյուղի 2 դպրոցների շենքային պայմանները: Դպրոցներից մեկում մի մասնաշենքն է վերանորոգված, մյուսները՝ ոչ: Վերանորոգման կարիք ունի նաեւ գյուղի երաժշտական դպրոցը, անմխիթար վիճակում են ճանապարհները: Համայնքի ղեկավարն ասաց, որ 2012թ. գյուղի ճանապարհներն ու դպրոցի մասնաշենքերը պետք է վերանորոգվեն, թե կոնկրետ որ ծրագրով՝ չգիտեր. «Դե, կան էլի, տարբեր ծրագրերով»:  Սակայն, համայնքապետը վստահ չէր, որ այս տարի ճանապարհները կվերանորոգեն: «Խոստացել են, որ այս տարվա մեջ կլինի, բայց չեմ կարող վստահ ասել, որ կլինի: Իմ առաջնային խնդիրը երկու դպրոցներն են, երաժշտական դպրոցի շենքի վերանորոգումը եւ ճանապարհները, մնացածը՝ ես կանեմ»,- ասում է համայնքապետը:

Նրա խոսքով՝ համայնքապետարանի աջակցությամբ գյուղում գործում է ֆուտբոլի թիմ, պարի, նկարչական, տիկնիկային թատրոնի խմբակներ: Գ, Դանիելյանն ասում է, որ անտեսված չեն նաեւ գյուղի պապիկները. նրանց համար առանձին սենյակ է հատկացրել, որտեղ նարդի ու շախմատ են խաղում: Ըստ Գեւորգ Դանիելյանի՝ «պլիտայով» խաղասենյակը  ջեռուցվում է, սակայն մեր այցելության պահին սենյակն այնքան ցուրտ էր, որ պապիկները վերարկուներով էին նստած: Փոխարենը համայնքապետի աշխատասենյակում էր տիրում  «ամառային տրամադրություն»:

Գ.Դանիելյանը հայտնեց, որ առիթի դեպքում չի մոռանում նաեւ գյուղի տատիկներին: Նրա հաշվարկով Մրգաշատում ապրում է 420 տատիկ եւ 350 պապիկ: Այս գյուղում տատիկներն արժանանում են հատուկ ուշադրության: «Ապրիլի 7-ին տատիկներին կանչելու ենք շնորհավորենք, փետրվարի 13-ին տրնդեզ արեցինք: Այդպիսի միջոցառումներ շատ ունենք: Օրինակ, անցյալ տարի բաժակի կոմպլեկտ ենք նվիրել տատիկներին, մի տարի էլ տաք շալեր ենք տվել, արդեն 7 տարի է նվերներ եմ տալիս»,- ավելացրեց Գ. Դանիելյանը: Պապիկներին ու տատիկներին ամեն տարի ամռանը համայնքապետը Սեւան է տանում: Այս տարի էլ այլ հանգստավայր է տանելու, սակայն առանձին-առանձին, որպեսզի «իրար հետ չկռվեն»:

«Այս տարի էլ նոր բան եմ մտցրել, գյուղում ով մահանում ա՝ պսակ եմ ուղարկում, թաղելու համար «կատաֆալկա» եմ բերում, 30.000 դրամ էլ փող եմ տալիս»,- ասում է  Գեւորգ Դանիելյանը եւ հավելում, որ 90 մլն-ի հասնող համայնքային բյուջեից տարվա ընթացքում 3-4 մլն դրամ, որպես սոցիալական օգնություն, տրամադրում է բնակչությանը:

Այս տարի ծրագրել է 1.2 կմ երակությամբ ճանապարհ լուսավորել եւ միացնել լուսավորություն ունեցող հատվածին: Մրգաշատում անմխիթար վիճակում են նաեւ ոռոգման ցանցի որոշ հատվածներ: 7.5 կմ երկարությամբ կիսախողովակների անցկացնելու համար հայտ է ներկայացվել Ջրային պետական կոմիտե, եւ համայնքապետը հույս ունի, որ առաջարկը կհաստատվի:

Մեկնաբանություններ (2)

Levik
I would like to know what bank gave the mayor the $10,000 loan. You would think any respectable bank would raise questions as to the legality of putting up municipal property as collateral in the first place. I guess banks in Armenia, or at least this one, are not bound by such restrictions.
???????????
Grisha Balasayan qez hajoghutyunner enq cankanum,du iskapes ankwxmnakal lragrogh eq,sharunakeq aydpisin mnal ,maladzec naev hetqin u ira hnaravorutyunnerin vor i tarberutyun ayl kayqeri chi vaxum chi caxvum

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter