Օպերատիվ խորհրդակցություն ոստիկանությունում
Դեկտեմբերի 25-ին ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի և տարածքային վարչությունների պետեր։
Արման Սարգսյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է վերջերս գրանցված սպանությունների, սպանության փորձերի, մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի բացահայտումների ու կանխման ուղղությամբ ոստիկանության կողմից իրականացվող միջացառումների վրա։
Կարևորվել է անչափահասների մոտ պահվող սառը զենքերի, տարբեր տեսակի սուր-կտրող-ծակող գործիքների հայտնաբերման և այդ ուղղությամբ ծնողների շրջանում ու ուսումնական հաստատություններում իրականացվող միջոցառումների պատշաճ անցկացումը։
Մտահոգիչ հիմնախնդիր է արձանագրվել նաև բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի առկայությունը։
Ոստիկանության պետի պաշտոնակատարը տարածքային ստորաբաժանումներին հանձնարարել է ակտիվացնել ինչպես բացահայտման, այնպես էլ հանցագործությունների կանխարգելման աշխատանքները։
Ցուցում է տրվել իրականացնել միջոցառումներ՝ հայտնաբերելու և առգրավելու բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքը, ձեռք բերել օպերատիվ տեղեկություններ, վերլուծել դրանք, և կատարել համապատասխան գործողություններ։
Արման Սարգսյանը խոսելով սրտացավ, բարեխիղճ ծառայության մասին՝ նշել է, որ ոստիկանը պետք է օրենքով նախատեսված բոլոր լիազորություններն օգտագործի հանցավոր տարրերին հայտնաբերելու և արդարադատության առաջ կանգնեցնելու համար։ Իսկ եթե կլինեն իրենց կոչմանն ու առաքելությանը դավաճանող ծառայողներ՝ կենթարկվեն պատասխանատվության։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել