HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քվեարկության փոփոխված համակարգն ու պատգամավորների «մուննաթը» (վիդեո)

Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի քառօրյան, և պատգամավորները դարձյալ նիստերի դահլիճում բախվեցին տեխնիկական խնդիրների: Նախկինում էլ գրեթե ամեն քառօրյայի ժամանակ տեխնիկական խնդիրներ եղել են, և կորեացի մասնագետները ժամանակ էին խնդրել դրանք շտկելու համար:

Այս քառօրյային պատգամավորների գրանցման և քվեարկության համակարգը որոշակի փոփոխությունների էր ենթարկվել, ինչը պատգամավորների շրջանում խուճապ էր առաջացրել:

Գրանցման հենց սկզբում աղմուկ բարձրացրեց պատգամավոր Մանվել Բադեյանը' ասելով, որ չգիտի, թե որ կոճակը սեղմի: Հետո նրան միացավ մեկ այլ պատգամավոր' Միշա Ստեփանյանը:

Այդ պահին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նյարդերը տեղի տվեցին: «Ինձ համար անհասկանալի է պատգամավորների նման պահվածքը: Ձևը չգիտեք, կա քարտուղարություն. խնդրեք, թող մասնագետները մոտենան բացատրեն: Դրա համար էլ ասում ենք' մի 10 րոպե շուտ եկեք, որ սովորեք»,- ասաց Հ. Աբրահամյանը:

Դրանից հետո էլ Միշա Ստեփանյանը շարունակեց դժգոհել, իսկ Հովիկ Աբրահամյանը հետևյալ պատասխանը տվեց. «Ձեր մուննաթները ձեզ պահեք»:

Այս դիտողությունից հետո «ըմբոստ» պատգամավորները լռեցին, իսկ օրակարգը հաստատվելուց հետո գրանցված 83 պատգամավորից դահլիճում մնաց մոտ 20-ը:

Նշենք, որ նոր համակարգը դժվար թե երկար ծառայի հայ պատգամավորներին, քանի որ նրանցից ոմանք ոչ թե մատով թեթև հպվում էին անհատական մոնիտորներին, ինչպես կարգն է, այլ գրիչով հարվածելով էին քվեարկում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter