HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երազ, թե՞ երազանք

Մարդու կյանքը պարուրված է երազանքով, ինչը հաճախ արտահայտվում է երազներում:  Երազը ավելի սերտ է կապված ենթագիտակցությանը, քան արթուն վիճակի ընկալումները: Չգիտեմ, թե ի՞նչ երազանքներ ունեն և ի՞նչ երազներ են տեսնում իրենց սեփական երկրի տեր կամ ուրիշների տարածքները գրաված ժողովուրդները, սակայն կարող եմ ենթադրել, որ տարածքները կորցրած ժողովուրդների երազանքն ու երազները հիմնականում վերաբերում են կորցրածը վերադարձնելուն: Առավել վատթար է, երբ որևէ ժողովուրդ տարածքների հետ մեկտեղ կորցրել է նաև իր ստեղծած մշակութային արժեքները, օրինակ, հավատքը: Մենք վերջինի կարգավիճակումն ենք: Ահա թե ինչու, հարյուրամյակներ շարունակ հայերիս ուսերին թառած հայրենիքի և բուն հավատքի՝ բնապաշտության կորստի անտանելի ծանր ու մաշող բեռը, ինչ-որ չափով սահմանափակում է մեր երազանքների շրջանակները և մեզ «պարգևում»՝ կորցրած Հայրենիքը պատկերող երազներ: Այս մասին խորհելիս էր, որ որոշեցի թղթին հանձնել չտեսածս երազը, երբ երազներում հազարավոր անգամ շրջագայել եմ  Արևմտյան Հայաստանում, սակայն երբեք մտքովս չի անցել գրի առնել իրականությանը շատ ու շատ մոտ, հոգեկեղեք այդ երազները...

Վայոց Ձորի սարերում եմ: Ուշ երեկոյան հասա Գնիշիկ կիրճ: Այդտեղի անձավ-սրճարանում ինձ առաջարկեցին գիշերել «երկրորդ հարկի» հարմարավետ խցում, սակայն գերադասեցի դրսում քնել:

Տեղավորվեցի քնապարկում և կարծում էի, թե անմիջապես կքնեմ. հոգնածությունից մարմինս ջարդվում էր, ոտքերս տնքում էին, սակայն քնել չեմ կարողանում, հավանաբար, գերհոգնածության պատճառով: Նայում եմ երկինք, որը ճիշտ՝ կիրճի երիզներով է ավարտվում և այդ թափանցիկ «սավանի» վրա դաջված են աստղերը. թվում է, թե ինձանից ընդամենը մի քանի տասնյակ մետր են հեռու ...

Կորցրել եմ լուսանկարչական սարքը, ոտնամաններս, սակայն համառորեն գնում եմ դեպի լյառն Մասիս, միաժամանակ գիտակցելով, որ լեռան կատարին շատ ցուրտ է լինելու: Ինձ ուրախացնում է, որ լեռան ստորոտում բնակավայր չի երևում, ուրեմն իմ թուրքերեն չիմանալը չի մատնի ով լինելս և բարեհաջող կբարձրանամ լեռան կատար:

Արդեն լեռան լանջին եմ: Մտնում եմ անդնդախոր կիրճը, որի ամբողջ բարձրությամբ՝ բազալտյա սյուներին հաջորդում են  հարթ մակերեսով ժայռեր և այդպես՝ կիրճի ամբողջ երկարությամբ: Հարթ ու կոկիկ ժայռերի վրա՝ հայերեն արձանագրություններ, բույսերի, կենդանիների, մարդկանց պատկերներ, հաղթանակ պատկերող քանդակներ...

Սրանցից ոչ հեռու, վեհաշուք տաճարի մուտքի մոտ կանգնած են Հրեղեն ձին և հայկական Գամփռը, որոնք ինձ չխանգարեցին ներս մտնել: Ընդառաջ եկավ մի ծերունի, ով էլ ուղեկցեց ինձ: Այս ծավալուն ու վեհաշուք տաճարի տարբեր սրահներում տեսա հազարավոր մարդկանց, մեր ազգային Մեծերին: Ի զարմանս, ծերունին բոլորին ճանաչում էր և հարցնելու դեպքում, տալիս նրանց անունները: 

Տաճարի կենտրոնում, հայկական գունագեղ ագատյա հրաշակերտ գահին նստած է աննկարագրելի գեղեցիկ ու վեհ մի անձնավորություն: Դեմքից ճառագում է լույս ու բարություն: Ինձ հուշեցին, որ Հայոց Գերագույն աստված Արամազդն է, երբ առանց այդ էլ, ես դրանում արդեն համոզված էի: Նա ծերունուն կարգադրեց, որ գրի իր ասելիքը: Ես կարողացա հիշել հայ ժողովրդին ուղղված պատգամի միայն ստորև ներկայացվածը:

Հայ մարդ, իմ սիրելի, պայծառ ու միամիտ հայ ժողովուրդ.

  1. Անաղարտ պահիր օդը, հողը, ջուրը, պաշտիր քո բնաշխարհը, որը կյանքիդ հենարանն է: Գիտակցիր Հայաստանի սրբազան ու աստվածների բնակավայր լինելը և Հայրենի բնօրրանի կանխորոշիչ դերը մարդու աշխարհընկալման ձևավորման ու զարգացման գործում: Հոգատար եղիր բույսերի, կենդանիների և բնական մյուս հարստությունների նկատմամբ: Բնությունը մի աղտոտիր և մի չարաշահիր բնական պաշարները, այլապես ապագա չես ունենա:
  2. Սրբորեն պահպանիր հայոց լեզուն: Գիտակցիր՝ լեզուն ազգի արյունն է, իսկ ազգային հարցում, լեզուն ֆիզիկական արյունից կարևոր է: Լեզուն նաև ազգի իմունային համակարգի գլխավոր բաղադրիչն է, հայրենիքի և հայրենասիրության ընկալման գործիքը: Անգնահատելի գանձ Գրաբարը՝ հայոց հնագույն պատմամշակութային արժեքների բացահայտման ու ճանաչման բանալին, պետք է մտնի դպրոց ու համալսարան: Առավել զգոն եղիր այն խնդրում, թե ովքե՞ր են ուսուցանում քո զավակներին և ի՞նչ են ուսուցանում: Նկատի ունեցիր, որ իրական կյանքից շեղող և այլ վտանգավոր գաղափարները կարող են մարդուն դարձնել ձեռնասուն, առավել ևս, եթե դրանք մատուցվում են մանկահասակ տարիքից: Բնության ու մարդկության դեմ կատարված ամենազազրելի հանցագործություններից է մանուկների մեջ կրոնական և հակագիտական գաղափարներ սերմանելը: Օտար դպրոցում ուսանած զավակդ չի կարող հոգեհարազատ լինել քեզ և ծառայելու է օտարին:
  3. Տեր կանգնիր անցյալի և այսօրվա մշակութային արժեքներին, մանավանդ պատմական վավերագրերին, որպեսզի դրանց օտարները չտիրանան: Քո ազգային հնագիտական նյութը ինքդ պետք է վերծանես, այս կարևորագույն խնդրում օտարներին մի վստահիր:
  4. Հարգիր քո երկրի օրենքները և աշխատիր կատարելագործել դրանք: Աղբանոց նետիր այն օրենքները, որոնցում ժողովրդի շահը գերակա չէ: Օրենսդրությունը դարձրու այնքան կատարյալ և արդար, որպեսզի սրբորեն ընդունվի ժողովրդի կողմից:
  5. Ամեն կարգի ջանք թափելով հասիր նրան, որ քո երկրի ղեկավարները հարգեն օրենքը և արտոնյալ չզգան: Կտրականապես մերժիր ազգային արժանապատվության գիտակցում չունեցող պաշտոնյաներին: Քո երկրում հաստատիր մահապատժի կարգը: Պատժիր օրինախախտներին, որպեսզի հաստատվի արդարություն և երկրում քաոս չտիրի: Օրինախախտ պաշտոնյաները պետք է սովորական քաղաքացիների համար սահմանված պատժի առնվազն եռապատիկը կրեն:
  6. Ցանկացած գործ կատարելիս կարևորիր քո ազգային ապագան: Մերժիր օտարամոլությունը, այն քո հոգու մեջ է մտել քո պաշտած օտարածին և հատուկ նպատակով ստեղծված կրոնի, ինչպես նաև Հայաստանը հայերից դատարկելով շահագրգիռ ուժերի կողմից իրականացվող հոգեբանական պատերազմի միջոցով:
  7. Սրբորեն վերաբերվիր քո ռազմի ուժին՝ բանակին: Ոչինչ մի խնայիր նրա ամրապնդման ու հզորացման համար: Զինվորների սնունդը, հագուստը, հիմնական զինատեսակները պետք է Հայաստանում արտադրվեն: Զինված ուժերի նախարար կարող է լինել միայն ռազմական բնագավառի փորձառու և նշանավոր անձը, նա նույնիսկ հանգստավայրում պետք է կրի զինվորական համազգեստ: Զինվորներին փայփայիր, ամրացրու երկրիդ սահմանները, թշնամուն դիմակայելու համար միջոցներ կուտակիր: Ետ վերցրու կորցրած տարածքները:
  8. Վերականգնիր քո նախնյաց Արիական տաճարները: Հարգիր քո նախնյաց ստեղծած աստվածներին, քանզի նրանք ազգային հերոսներն են եղել, որոնք հազարամյակների ընթացքում գունազարդվելով աստվածացվել են: Մարդը ծնվում է Բնապաշտ-Արևապաշտ: Հայ մարդու հոգում Արևապաշտությունը վառ է արտահայտված անգամ դրա ժամանակավոր կորստի շրջանում: Ինձ՝ Արամազդիս շատ ժողովուրդներ են իրենց աստված համարում, սակայն Ես Հայոց Աստվածն եմ: Օտար աստված մի փնտրիր: Առանց Նախնյաց (Հայկ, Ար, Արամազդ...) Տաճար ունենալու հնարավոր չէ ազգը համախմբել ազգային գաղափարախոսության շուրջ, իսկ ազգային գաղափարախոսությունը ազգի միաբանման, բյուրեղացման կենտրոն է, ուրեմն, անհապաղ կառուցիր այդ Տաճարը և վերականգնիր հավատքդ՝ առ Բնության-Աստծո:
  9. Սնոտիապաշտ մի եղիր: Սնոտին տգիտության զավակն է: Սնոտիապաշտությունը մթագնում է մարդու բանականությունը, մարդու մտապատկերից վռնդում է աշխարհի իրական պատկերը և այդտեղ տեղադրում աշխարհի կեղծ պատկերը:
  10. Վառ պահիր քո նախնյաց հիշատակը: Նախնյաց հիշատակ ու կատարած գործեր ասելով չպետք է հասկանալ միայն մեկ-երկու հազարամյակ: Մշտապես հիշիր ու գնահատիր ծնողական պարտքը, հարգիր մեծերին և հոգա երեխաների այսօրվա ու վաղվա մասին:
  11. Մերժիր օտար ժողովուրդների կողմից, գլխավորապես՝ նենգամիտ նպատակներով ստեղծված աստվածներին, նկատի ունենալով վերջին 1700 տարիներին հայ ժողովբրդի կորուստները:
  12. Սիրիր կյանքն ու կյանքի հաճույքները: Կեղծ գաղափարներով մի ոչնչացրու բնության մեծագույն պարգևը` քո բանականությունը:
  13. Հոգ տար հավանական աղետների կանխարգելման, կյանքի հուսալիության և հարատևմանը նպաստող պայմաններ ստեղծելու համար:
  14. Արթնացիր վաղ առավոտյան: Ձգտիր հասկանալ և ղեկավարվել կենսաբանական ռիթմով: Աշխատիր սիրով ու պատասխանատվությամբ: Կյանքը երաշխավորող ցանկացած աշխատանքից մի խորշիր: Հոգ տար այսօրվա և վաղվա ապրուստի համար: Հարստացիր, առանց ունեցվածքի հնարավոր չէ նորմալ կյանք վայելել, իսկ աղքատ անհատը, ընտանիքը, պետությունը չի կարող իր նպատակներին համապատասխան կյանք ու ապագա կերտել: Ունեցվածքդ մի շռայլիր: Ծաղիկներ գնիր միայն բացառիկ դեպքերում՝ հարսանիքի, ծննդի:
  15. Սերմը ցանիր միայն բերք ստանալու նպատակով և խնայողաբար վերաբերվիր նրա նկատմամբ:
  16. Օտար հողի վրա տուն մի կառուցիր: Եթե արդեն այդպես ես վարվել, ապա դու հրաժարվել ես քո իրական Հայրենիքի այն բաժնից, որը, ի ծնե, քեզ էր պատկանում: Եթե հեռացել ես քո Հայրենիքից՝ այլ երկրում մշտապես բնակվելու, ապա պետք է հաշտվես այն ողբերգական մտքի հետ, որ քո սերունդները կարող է պարտադրված լինեն պատերազմելու քո նախկին՝ իրական Հայրենիքի դեմ: Եվ եթե ժողովուրդների կյանքը համեմատենք գետերի հետ, որոնց գոյությունը , բնականաբար, պայմանավորված է վտակներով սնվելու հետ, ապա Հայրենիքից քո լքումը ցամաքեցնում է քո հայրենի գետի վտակներից մեկը և նոր վտակ առաջացնում՝ օտար գետի համար:
  17. Իմացիր, Հայրենիքում դատարկ թողած տունդ քո կարոտն ունի և խստորեն հանդիմանում է քեզ, գուցե և՝ ավելի կոշտ բառեր է օգտագործում:
  18. Երջանիկ եղիր, քո տեսադաշտում թող մշտապես լինեն քո հարազատներն ու ազգակիցները՝ հայ ժողովուրդը: Վայելիր Հայոց բնաշխարհի անկրկնելի գեղեցկություններն ու կենարար միջավայրը:
  19. Խելամտության չհասած երեխաներին հայրենազուրկ դարձնելը, օտար երկիր տեղափոխելը մեծագույն հանցագործություն է:
  20. Օտարի հետ ընտանիք մի կազմիր:
  21. Տանդ հիմքը ամուր դիր, չէ որ դա նաև քո պետության հիմքի մի մասն է:
  22. Ձեռնպահ մնա հակաբնական երևույթներից ու գործողություններից:
  23. Եղիր ազնիվ ու կարգապահ: Իմացիր, որ ստախոս, բամբասող, նախանձող և գողությամբ ու բանսարկությամբ զբաղվողը, ի վերջո, կորցնելու է հոգեկան հավասարակշռությունը, որը նրան կդարձնի առավել ողորմելի և շրջապատի համար խորշելի մի արարած:
  24. Գնահատիր կյանքը և նրա հմայքը: Գիտակցի՛ր, ժամանակի արժեքն ու նրա անդառնալիությունը: Հաճախակի նայիր ժամացույցի սլաքի շարժմանը և հասկացիր, որ յուրաքանչյուր վայրկյանը թանկ է և պետք է այն օգտագործվի ի շահ քեզ: Ճիշտ ընկալիր «Նորից կգա գարուն, կբացվի վարդը» խոսքի իմաստը: Իմացի՛ր, նոր բացված վարդին կտիրանա քեզանից հետո ծնվածը:
  25. Կյանքդ կուրորեն մի հանձնիր ուրիշի տնօրինմանը, չէ որ կարող է հանդիպես նաև արածդ չգնահատող չարամտի:
  26. Զերծ մնա գոռոզությունից ու մեծամտությունից, մարդկանց դեմ հիմնազուրկ մեղադրանքներ հորինելուց և քո սեփական թերությունները մի քողարկիր ուրիշներին վարկաբեկելով: Իմացիր, ուրիշներին սևացնելու նպատակով բորբոքված երևակայությամբ հորինվածքներ ստեղծողներն արդեն իսկ հոգեկան հիվանդներ են:
  27. Ընչաքաղց մի եղիր: Քո անձնական բարեկեցությունը մի կերտիր մերձավորներիդ դժբախտության վրա:
  28. Սնվիր այնպես, որ կարողանաս լիարժեք աշխատել և կենսունակ սերունդ տալ:
  29. Եթե օղու բաժակը քո սիրելի ու անբաժան հարազատն ու բարեկամն է, ապա քո իրական հարազատ-բարեկամները քեզ համար արժեք չունեն:
  30. Հետևիր առողջ ապրելակերպին, հնարավորինս քիչ օգտագործիր դեղեր, ոգելից խմիչք:
  31. Մի ուրացիր ուրիշի արած լավ գործը:
  32. Յուրաքանչյուր անհատ պարտադրաբար պետք է ձգտի գիտական գիտելիքների և մարմնի կոփվածության: Հանցագործություն է միտումնավոր ոչ գիտական գիտելիքներ տարածելը:
  33. Հաճախակի լողացիր ու լոգանք ընդունիր, քո հագուստը միշտ մաքուր պահիր:
  34. Ուրախ ու զվարթ կյանք վայելիր, ինչը առողջաբեր է քեզ համար և հաճելի` շրջապատի մարդկանց:
  35. Գիտակցիր, որ ազգային դիցաբանությունը, առասպելները, հեքիաթները քո ազգային մշակույթի գլխավոր բաղադրիչներն են և ազգային հոգեկերտվածքի արտացոլումը:
  36. Զգոնություն ցուցանիր օտար և օտարածին ուսմունքների նկատմամբ և մերժիր ֆիզիկական աշխարհն ու իրական կյանքը չկարևորող ցանկացած գաղափարախոսություն, ինչպես նաև` իրական կյանքից հրաժարվելու և անդրշիրիմյան կյանքին ապավինելու հիվանդաբեր գաղափարները:
  37. Հոժարակամ մահանալը նենգամիտ հորինվածք է: Մարդը ոչ թե մահվան հակաբնական ճանապարհը պետք է ընտրի, այլ ապրելու, կյանքը վայելելու, վերարտադրվելու ճանապարհը:
  38. Ճանաչիր ու գնահատիր իրական կյանքը, որը անհատին մեկ անգամ է տրվում, ինչպես ցանկացած բույսին ու կենդանուն: Եթե բնական մահով կամ պատահարների բերումով որևէ մեկը կյանքը կորցրեց, ուրեմն վերջ՝ դրանից հետո նրա գոյության մասին մշտապես խոսելը անօգուտ է: Մահվանից հետո մարդը, ինչպես և բույսերն ու կենդանիները, քայքայվում` վերածվում են քիմիական տարրերի և տարրալուծվում բնական համակարգերում: Եթե դժբախտություն է պատահել, ուրեմն այն  ընդունիր որպես իրողություն և այն, ինչ հնարավոր չէ ետ վերադարձնել, այլևս մի դարձրու ամենօրյա զրույցների առարկա:  Մեռյալին ետ բերելու կամ նրա հետ երևակայական հանդիպման հոգեմաշ և իմաստազուրկ երազանքները միայն  կջլատեն-կքայքայեն  քո առողջությունը և կփոշիացնեն ունեցվածքդ, ինչը կխոչընդոտի առօրյա կենսական հարցերի լուծմանը և ապագան կերտելու քո նվիրական գործին:
  39. Քեզ բաժին հասած դժբախտությունը մի ցուցադրիր: Հուղարկավորման ճոխ արարողությունների, թանկարժեք շիրմաքարերի, մարմարյա և բազալտ-գրանիտյա խճով շիրիմը ծածկելու համար ծախսվող միջոցների գոնե մի մասը, հատկացրու երեխաների սննդի, հագուստի, ուսման, և ընդհանրապես, նրանց լիարժեք մարդ կայացնող պահանջները հոգալուն: Հուշաքարերը պետք է լինեն պարզ և ոչ խոշորածավալ, իսկ շիրիմները` կանաչով-ծառերով պատված:
  40. Հուղարկավորումները մի տոնականացրու: Ես քեզ հորդորում եմ` պարտադիր տոն դարձրու ծնունդը և այդ տոնը նշելու խորհրդանիշ թող հանդիսանա նվիրատվությունները, անգամ եթե երեխայի ծնողները մեծահարուստ են, ինչպես նաև մանկան անվան հետ կապված մի կաղնի կամ որևէ պտղատու ծառ տնկելն ու խնամելը:
  41. Անդրշիրիմյան կյանքի մասին հակագիտական քարոզչությունը գայթակղիչ լինելով հանդերձ` թշնամանք է մարդկության հանդեպ: Երևակայական էակների սարսափով և անդրշիրիմյան կյանքի մոլորեցնող հորինվածքով մի’ մթագնիր քո բանականությունը: Շահախնդիր ուժը դրանք օգտագործում է որպես յուրահատուկ զենք, որպեսզի քեզ մոլորեցնելով ու մղձավանջի մեջ պահելով, տիրանա քո կյանքին և ունեցվածքին:
  42. Ցուցադրական պալատներ կառուցելու փոխարեն` ամուր կառուցիր տունդ, զավակներիդ` գիտության և ազգային հենքի վրա հիմնված, կյանքի փորձով հաստատված գաղափարներով կրթիր ու դաստիարակիր:
  43. Բարի եղիր քննել ու հասկանալ, թե քո այսօրվա պաշտած կրոնը ի՞նչ նպատակ է հետապնդում և ո՞ւմն է ծառայում:
  44. Եթե դու դրան դեռևս չես հասել, ապա քո զավակներին դաստիարակիր այնպես, որ ընտանիքում և երկրի մեջ տիրի համերաշխություն, որը փոխշահավետ է բոլորի համար, թե’ առողջ ու երկար կյանք ունենալու, թե’ հարստություն կուտակելու, թե’ թշնամուն լուրջ հակահարված տալու և երկիրը բարգավաճ դարձնելու գործերում:
  45. Հիվանդությունների դեպքում բուժվիր միմիայն գիտելիքներով հարուստ ու փորձառու բժիշկների, սակայն ոչ Թալմուդի կանոններով «բուժող» բժշկի մոտ: Մի ժխտիր ժողովրդական հինավուրց ու կյանքի փորձով ապացուցված բժշկությունը: Կախարդանքին, աղոթքներին ու գուշակություններին մի հավատա, հակառակ պարագայում կշեղվես իրական կյանքից, կկորցնես առողջությունդ, իսկ երբեմն էլ` կյանքդ:
  46. Ամոթաբեր է ստրկամիտ լինելը: Բարձր պահիր քո անձնական և ազգային արժանապատվությունը:
  47. Տեր կամ ծառա լինելը կանխորոշված չէ: Մարդը ծնվում է ազատ ու բանականությամբ օժտված, իսկ տեր կամ ծառա դառնալը պայմանավորված է անհատի խառնվածքից, կյանքի նկատմամբ ցուցաբերած դրսևորումից, պատահականություններից և այլ հանգամանքներից: Տերը և ծառան պետք է փոխադարձ սիրեն ու հարգեն միմյանց:
  48. Հակաբնական ու հակամարդկային է, երբ մեկը անիրավորեն ծեծվում ու վիշտ է կրում և հանդուրժում ու ներում է իրեն ծեծողին և վիշտ պատճառողին: Ծեծողին պետք է ծեծել, վիշտ պատճառողին` վիշտ պատճառել, սպանողին` սպանել: Ահա թե ինչն է կյանքի գրավականը:
  49. Ամենայն պատասխանատվությամբ օգտագործիր այն ժամանակահատվածը, որ դու պետք է վայելես: Ընտանիք կազմելը մի ձգձգիր: Խնայողաբար, նպատակային ու ժամանակին օգտագործիր կարողություններդ և ազգային խնդիրներում քեզ պատկերացրու խիստ կարևոր հանգույց:
  50. Գիտակցի՛ր, որ հարազատներդ և ընկերներդ քո կյանքի գլխավոր հենարաններն են: Զավակներիդ առողջությունն ու կյանքը ապահովելու համար, եթե պահանջվի, ուրեմն պետք է վտանգես առողջությունդ և անգամ՝ կյանքդ: Այդպես են վարվում նաև վայրի կենդանիները, որոնք դեռևս ընտելացված չեն և չեն կորցրել իրենց բնատուր շնորհները: 
  51. Մի հրաժարվիր բնատուր ցանկություններից ու կրքերից: Դրանցից հրաժարվելը նշանակում է մերժել կյանքն ընդհանրապես, սակայն դրանք կարգավորիր այնպես, որպեսզի քո անձնական և ազգային կյանքը հուսալի լինի:
  52. Չարին հակառակվիր և մի թող, որ նա իրագործի իր չարությունը: Քեզ ապտակողին ապտակիր ավելի հուժկու: Ատիր քո թշնամուն, անողոք եղիր նրա նկատմամբ: Պատերազմի դաշտում եղիր առնական, հետապնդիր ու ոչնչացրու քո թշնամուն:
  53. Մերժիր «մի դատիր, որպեսզի չդատվես» հիվանդաբեր ու հակաբնական անմտությունը և ղեկավարվիր՝ «անպայման դատիր, բայց արդար դատիր» սկզբունքով:
  54. Սիրիր աշխարհը, չէ՞ որ դա է քո կյանքի հիմքը: Այս իրական-ֆիզիկական աշխարհն ու նրա հարստությունները չսիրողը ինքն իր և բնության թշնամին է...

Այս երազն ընդհատեց վաղորդյան արշալույսին հնչած՝ թռչունների, հավանաբար, լույսին նվիրված հիմնը, որը  լցվեց կիրճով մեկ և տևեց մոտ մեկ րոպե, այդ բազմաձայն կատարումը ուղեկցվում էր հզոր ճիչերով ու բազմերանգ ու նուրբ ելևէջներով, ապա կիրճում տիրեց նույն խորը լռությունը: Մոտ մեկ ժամ հետո կրկնվեց, սակայն շատ կարճ ու ոչ հուժկու: Շուտով ծագելու է Արևը:

Հակոբ Սանասարյան                                                

2019-12-18

Մեկնաբանություններ (1)

Ներսես
Հիանալի է, մնում է տեղ հասնի, հարգելի ՀՐԱՅՐ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter