HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ոչ ոք պատասխանատու չէ մայրական մահացության համար. 10 տարում այդ ցուցանիշը չի փոխվել

2019թ. օգոստոսի 1-ին 29-ամյա Քնարիկ Մանուկյանը գնացել է Վեդիի ծննդատուն՝ իր առաջնեկին ունենալու: Հղիության 9 ամիսների ընթացքում նա երբևէ առողջական խնդիրներ չի ունեցել: Հարազատների պատմելով՝ ծննդատանը ուլտրաձայնային հետազոտություն են արել և ասել, որ երեխայի պորտալարը փաթաթված է, ապա, իրենց համար դեռևս անհասկանալի պատճառներով, հայտնել, որ երեխան մահացած է, և Քնարիկը նրան պետք է ինքնուրույն ծննդաբերի: Երեխայի ծննդաբերությունից ժամեր անց մահացել է նաև Քնարիկը:

Վեդիի ծննդատան տնօրեն Վաչիկ Մաթևոսյանը, ով այդ օրը ներկա է եղել, հայտնել է՝ «իրենք նվիրված են մասնագիտությանը», և իրենց ծննդատան ցուցանիշները «լավագույնն են». «Մենք չենք ասում՝ մենք անմեղ ենք, բայց վերևը Աստված, մենք արել ենք մարզային հնարավորությունների վերին սահմանում»:

Հարազատները մինչ օրս հստակ պատասխան չունեն, թե ինչու այդպես եղավ, ինչպես միանգամայն առողջ հղին և երեխան մահացան, և ով է պատասխանատու:

Քնարիկի մորաքրոջ տղան «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ այդ դեպքից հետո Վեդիի ծննդատանը ստուգումներ են սկսվել, հարուցվել է քրեական գործ.

«Գործը հիմա քննվում է: Դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է,  այն ուղարկել են բժշկական հանձնաժողովին: Սպասում ենք հանձնաժողովի եզրակացությանը: Դրանից հետո արդեն պարզ կլինի»,-ասաց նա՝ հավելելով, որ այժմ մեղավորների մասին վաղ է խոսելը: Թե երբ կլինի բժշկական հանձնաժողովի եզրակացությունը, իրենց հայտնի չէ:

 

2014-2018թթ Հայաստանում գրանցվել է մայրական մահացության 36 դեպք: Ամենաշատ դեպքերը՝ մեկ տարում 12 մահ, գրանցվել է 2016թ.-ին, ամենաքիչը՝ 3 դեպք՝ 2017թ.-ին: Մահացության ամենաբարձր ցուցանիշները Հայաստանում գրանցվել են 1991-2001թթ., մահացության գործակիցը 100 000 ծնվածի հաշվով եղել է 39.9:

Թեև ներկայում գործակիցը 45 %-ով նվազել է՝ կազմելով 21.9, այնուամենայնիվ, 2018թ ցուցանիշը նույնն է մնացել, ինչ 10 տարի առաջ՝ 2008-2010թթ.-ին:

Պատճառների հիմնական մասը, ըստ Առողջապահության նախարարության «Հետք»-ին տրամադրած տվյալների՝ եղել են հղիության, ծննդաբերության, հետծննդյան շրջանում առաջացած բարդությունները, մասնավորապես՝ պերինատալ բնածին և ձեռքբերովի տրոմբոֆիլիաները և պերինատալ ինֆեկցիաները. դրանք կազմում եմ մայրական մահացությունների 82 %-ը:

Պատճառներից հաջորդը՝ մանկաբարձական արյունահոսություններն են: Ծննդկանի մահվան մեկ դեպք է գրանցվել նաև հետծննդյան շրջանում առաջացած սեպսիսից (արյան վարակ, հեղ.):

 Պտղաջրային էմբոլիա

Համարվում է մայրական մահացության հիմնական պատճառներից մեկը Հայաստանում: Պտղաջրային էմբոլիայի ժամանակ պտղաջրերը (ամնիոտիկ հեղուկը)՝ ներթափանցում են արյան մեջ, և տեղի են ունենում այնպիսի անդառնալի փոփոխություններ, որոնք գրեթե անհնար է կանխել։

Դա պայմանավորված է նրանով, որ էմբոլիաները՝ հեղուկ թրոմբները, միանգամից ներթափանցում են կենսական նշանակություն ունեցող օրգաններ ու խցանում անոթները, ու մահը վրա է հասնում շատ արագ։ Էմբոլիա կարող է լինել նաև միանգամայն առողջ հղի կնոջ մոտ։ Այն տեղի է ունենում տարբեր պատճառներով. արգանդի կամ արգանդի վզիկի պատռման, կեսարյան հատման կամ այլ դեպքերում։

Պտղաջրային էմբոլիային բնորոշ կլինիկական ախտանիշներից են շնչահեղձությունը, հևոցը, ցավը կրծքավանդակի շրջանում, հնարավոր է նաև սարսուռ, հազ, թուլություն, գլխապտույտ:

Մայրական մահացության դեպքերը մեծ մասամբ արձանագրվում են Երևան քաղաքի 3-րդ մակարդակի հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում (երրորդային մակարդակի գրեթե ամբողջ բուժօգնությունը կենտրոնացված է Երևանում, հեղ. ), քանի որ մարզերում ապրող հղի կանայք հաճախ ծննդաբերում են Երևանում:

Մայրական մահացություն
Infogram

«Մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդ». բժիշկները «դատում են» բժիշկներին

«Մայրական մահացության յուրաքանչյուր դեպք պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում»,- ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի առաջին նիստում:

Հենց նախարարությանը կից գործող այս խորհուրդն է ուսումնասիրում մայրական և նորածինների մահվան դեպքերն ու հանգամանքները, տալիս մասնագիտական բժշկական եզրակացություն, որն առանցքային դեր ունի քրեական գործի քննության և հետագայում՝ դատական գործի վրա:

Նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ խորհրդի նպատակը ոչ թե պատժամիջոցներ կիրառելն է, այլ, մայրական և մանկական մահերի դեպքերը քննարկելով` դրանք կանխելը:

Բժշկական սխալի վերաբերյալ «Հետք»-ի վերջին ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ թեև առողջապահական ոլորտին վերաբերող քրեական գործերի գերակշիռ մասը` 95 %-ը, վերաբերում է Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածին, այն է՝ բժշկի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն, որը նաև հանգեցրել է հիվանդի մահվան:

Դրանք, սակայն, հիմնականում չեն հասել դատարան կամ կասեցվել և կարճվել են՝ արդարացման հիմքով, քանի որ բժշկական սխալներին վերաբերող դատական գործերում որպես ծանրակշիռ ապացույց դիտարկվում է բժշկական հանձնաժողովի տված փորձագիտական եզրակացությունը։

Թե որքանով է այն օբյեկտիվ, ցույց կտանք մեկ օրինակով. 2009-2014թթ. մայրական մահացության 2-ական դեպք է գրանցվել «Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀ» կենտրոնում և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»-ում: Երկու բուժհաստատությունների տնօրենները եղել են Մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի կազմում, որը իրավապահ մարմիններին տվել է բժշկական եզրակացություն:

Բժշկական սխալ
Infogram

 

Ի՞նչ քայլեր է իրականացնում Առողջապահության նախարարությունը մայրական մահացությունները նվազեցնելու ուղղությամբ

Առողջապահության նախարարությանը խնդրել էինք պաշտոնապես ներկայացնել, թե ինչ քայլեր են իրականացվում այժմ՝ մայրական և նորածնային մահացության դեպքերը նվազեցնելու ուղղությամբ:

ԱՆ-ից «Հետք»-ին հայտնեցին, որ այդ «միջոցառումները բազմաթիվ են»: Օրինակ, կատարվում է դեռահաս աղջիկների առողջական վիճակի գնահատում, գործում են մանկաբարձագինեկոլոգիական և նորածնային արագ արձագանքման արտագնա ծառայություններ, որոնց միջոցով բուժօգնություն է տրամադրվում մարզերի ծննդօգնության հիմնարկներին՝ հղիներին տեղափոխելով Երևանի հիվանդանոցներ:

Ձեռնարկված «բազմաթիվ միջոցառումներից» է բուժհաստատություններում պարբերաբար ուսումնասիրություններ իրականացնելը, մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնությանը վերաբերող ուղեցույցներ մշակելը, բուժաշխատողներին վերապատրաստումների ուղարկելը:

Առաջիկայում Առողջապահության նախարարությունը նախատեսում է ընդլայնել հղիության ընթացքում իրականացվող հետազոտությունների տեսակները, սահմանել «առողջապահության նոր սերտիֆիկատ ամուսնացող զույգերի համար» և իրականացնել առողջ վերարտադրության ապահովման մինչ հղիությունն անհրաժեշտ խորհրդատվությունների ու հետազոտությունների փաթեթ:

Նշենք, որ վերջին տարիներին Հայաստանում ոչ մի բժիշկ պատախանատվություն չի կրել մայրական կամ նորածնի մահացության դեպքերի առթիվ:

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter