
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել (լրացված)
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:
Նշենք, որ այսօր առավոտից ՀՔԾ քննիչներ են այցելել Սահմանադրական դատարան, որտեղ Հրայր Թովմասյանը հարցաքննվում էր: ՀՔԾ-ն այս պահին գործի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնում:
Լրացված. 13:00 Քիչ առաջ Հրայր Թովմասյանը դուրս եկավ և զրուցեց Սահմանադրական դատարանի բակում գտնվող լրագրողների հետ: Թովմասյանը տեղեկացրեց, որ իր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Խոսելով իր մեղադրանքի մասին՝ ՍԴ նախագահը նշեց, որ այս ամենը քաղաքական պրոցեսների հետևանք է:
«Այս ամենը միայն քաղաքական նպատակ է հետապնդում, և, եթե քաղաքական պրոցես է, անիմաստ է իրավունքի մասին խոսելը»,- ասաց Թովմասյանը:
Վերջինս նշեց, որ մեղադրանքն իր կյանքում ոչ մի բան չի փոխել և չի էլ կարող փոխել: «Մենք քննիչի հետ բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ, ես ասացի, որ գնահատում եմ իր պրոֆեսիոնալիզմը, բայց ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական, այլ քաղաքական պրոցեսների մեջ»,- ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ իրեն առաջադրվելիք մեղադրանքի մասին իրեն զգուշացրել են դեռ ամիսներ առաջ:
«Ինձ վեց ամիս առաջ զգուշացրել էին, որ X, Y, Z քայլերը չանելու համար ինձ մեղադրանք կառաջադրվի»,- ասաց Թովմասյանը: Լրագրողները հետաքրքվեցին, թե ինչ քայլերի մասին է խոսքը: Ի պատասխան` Թովմասյանը նշեց, որ խոսքը հրաժարական տալու մասին է:
ՍԴ նախագահը հայտնեց նաև, որ հրաժարվել է ցուցմունք տալ: «Որևէ մեկիդ համար գաղտնիք չէ, որ վերջին 6-7 ամիսներին ՍԴ-ն աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո՝ հայհոյախառն, կոնկրետ բռնության տեսքով, բայց այդ ժամանակահատվածում ՍԴ-ն, փառք ու պատիվ բոլոր դատավորներին, աշխատել է առանց խոչընդոտների և ընդունել է այնպիսի որոշումներ, որոնք բեկումնային են լինելու մեր իրավական համակարգի համար»,- ասաց Թովմասյանը՝ կարծիք հայտնելով, որ շատերը վատ են ճանաչում ՍԴ դատավորներին:
«Նրանք հայրենասեր, նվիրյալ մարդիկ են: Եթե խաղաղ ժամանակներում դուք հերոսներ եք ման գալիս, ապա նրանք այս շենքում նստած են, և ես չեմ վարանի նրանց անունները նշելուց՝ Արևիկ Պետրոսյան, Ալվինա Գյուլումյան, Արման Դիլանյան, Ֆելիքս Թոխյան, Արայիկ Թունյան»,- ասաց Հրայր Թովմասյանը: Լրագրողները հարցրին՝ Վահե Գրիգորյանն այդ դատավորների ցանկում չէ՞:
«Ո՛չ, այդ ցուցակի մեջ նա չի մտնում»,- ասաց ՍԴ նախագահը: Թովմասյանը նշեց նաև, որ իր փաստաբանի հորդորով իրավական մանրամասների չի անդրադառնա:
Մեկնաբանել