
Գյումրու բժշկական կենտրոնը 2019-ին համալրել է բուժծառայությունների թիվը
«Մենք 2018թ.-ի վերջին խոստացել էինք, որ 2019թ.-ին ունենալու ենք նոր ծառայություններ Գյումրու բժշկական կենտրոնում: Մենք պահեցինք մեր խոստումը եւ կենտրոնում արդեն 6-7 ամիս է` գործում են ՄՌՏ ծառայությունը, ակնաբուժական կենտրոնը եւ տարեվերջին բացեցինք շուրջօրյա ատամնաբուժարան»,- դեկտեմբերի 26-ին հրավիրած տարեվերջյան մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Գյումրու ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը: Գյումրու բժշկական կենտրոնում ՄՌՏ հետազոտությունից անցնող տարվա ընթացքում օգտվել է 2700 հիվանդ, աչքի վիրահատության համար դիմել է 300 հիվանդ, շուրջօրյա ատամնաբուժարանի բացումն էլ միտված էր մասնավոր ատամնաբուժարանների երեկոյան ժամերին չաշխատելու բացը լրացնելուն:
«Նախկինում շիրակցիները աչքի վիրահատության համար գնում էին Երեւան, հիմա երբ բացվեց կլինիկան, մասնագետները գալիս են մայրաքաղաքից ու մեր բժիշկների հետ վիրահատություններն անցկացնում են տեղում,- նշեց բժշկական կենտրոնի տնօրենը,- ՄՌՏ-ի համար էլ էին հիվանդները հասնում այլ կլինիկաներ, բայց մենք, կարողացանք ռուսական ձեռնարկության հետ համագործակցելով, այդ ծառայության բացն էլ լրացնել: Ատամնաբուժարանի գաղափարն էլ եկավ էնտեղից, որ շատ դեպքերում մարդիկ, հատկապես երեխաները, երբ գիշերը ցավեր են ունենում կամ, ասենք, միջամտություն է պահանջվում շաբաթ-կիրակի օրերին, ապա չգիտեն` որտեղ դիմեն»:
Արմեն Իսահակյանի փոխանցմամբ, եթե 2018թ.-ին կենտրոնում ստացիոնար բուժում են ստացել 7 հազար 550 հիվանդ, ապա 2019թ.-ին այդ թիվը հասել է 8 հազարի: Դիմելիության աճը կապ ունի ոչ միայն բժշկական նոր ծառայությունների գործարկման, այլեւ պետպատվերում ընդգրկված խմբերի ավելացման հետ: Մեծ թիվ են կազմում սրտի ստենտավորման եւ կորոնոգրաֆիայի համար դիմողները: Կենտրոնի սրտաբան Դավիթ Մինասյանը դիմելիության աճը պայմանավորում է ստենտավորման ցածր գնի, ինչպես նաեւ` այս տարվանից կարգ ունեցող հիվանդների հերթագրումը վերացնելու հետ:
«Մինչեւ 2018թ.-ը կարգ ունեցող հաշմանդամները պետք է հերթագրվեին, պետբյուջեի հատկացումներ էլ սահմանափակ էին, եւ, ասենք, հիվանդը որ գալիս էր տարվա կեսին, ստիպված հերթագրում էինք հաջորդ տարվա համար, կամ լավագույն դեպքում տարվա վերջին կարող էր իր հերթը հասնել: Պետպատվերի ավելացմանը զուգահեռ հիվանդների հերթագրումը հանվեց, որն ավելի արդյունավետ դարձրեց մատուցվող ծառայությունները՝ արագության առումով: Բացի դրանից, մեզ մոտ ամենացածր գներն են՝ մեկ դեղապատ ստենտը տեղադրում ենք 850 հազար դրամով,- բացատրեց Դավիթ Մինասյանը,- 2018թ.-ից ունեցանք «Փարոս» համակարգում սոցիալապես անապահով խավի մարդկանց համար բալերի իջեցում՝ սահմանագիծ համարվող 36 բալն իջավ մինչեւ 30 բալ: Սա էլ նպաստեց, որ պետպատվերի շրջանակում դիմողների թիվն ավելանա»:
Եթե անցած տարի կենտրոնի սրտաբանական բաժնում իրականացրել են 430 միջամտություն, ապա այս տարի դիմողների թիվը հասել է 600-ի: Ի դեպ, ժամկետային զինծառայողի ընտանիքի անդամները եւս սպասարկվում են անվճար: Դավիթ Մինասյանը տեղեկացրեց, որ Հայաստանում հրաժարվել են ոչ դեղապատ ստենտի տեղադրումից՝ հետեւելով Եվրոպայում ընդունված չափանիշներին: Կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն էլ խոսեց նեղ մասնագետների պակասի բացը լրացնելու իրենց ջանքերի մասին:
«Նման խնդիր ունի ոչ միայն մեր կլինիկան: Ինչպես գիտեք, շատ բժիշկներ հիմա ձգտում են մեկնել աշխատանքի Եվրոպա, եւ դա համեմատաբար շատ հեշտացել է: Մենք ունենք նեղ մասնագետների կարիք, որոշ մասնագիտությունների գծով կարիք կա երկրորդ, երրորդ մասնագետի: Օրինակ` սրտի մասնագետը միակն է՝ Դավիթը Մինասյան, եւ շատ լավ կլիներ, եթե մենք երկրորդ բժիշկ էլ ունենայինք,- նկատեց Արմեն Խաչատրյանը,- չունենք կրծքի վիրաբույժ, կանայք հարկ եղած դեպքում չեն կարողանում սպասարկվել տեղում՝ գնում են Երեւան: Բայց սրան զուգահեռ պիտի նշեմ մեր պլաստիկ վիրաբույժներին դիմողների թվի աճի մասին: Ամբուլատոր հիվանդների մասով նույնպես աճ է գրանցվել՝ կենտրոնն այս տարի սպասարկել է 32 հազար հիվանդի»:
Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն էլ անդրադարձավ ամբուլատոր ծառայություններից օգտվող հաշմանդամության կարգ ունեցող հիվանդների հետ պարբերաբար ստեղծվող խնդիրներին: «Կարգ ունեցող հիվանդներին ստացիոնար հիվանդությունների գծով մենք սպասարկում ենք անվճար, սակայն ամբուլատոր ծառայությունները վճարովի են: Շատերը չեն տարբերակում դա եւ մտածում են, որ պոլիկլինիկ ծառայություններն էլ պիտի ստանան անվճար: Մենք ստիպված ենք բացատրել, հետո ուղղություն ցույց տալ, հետո կապվել տվյալ պոլիկլինիկայի հետ, խնդրել ուղեգրել, որպեսզի կարողանանք անվճար սպասարկել, ու գումարն էլ փոխանցվի մեզ: Կարծում եմ` ժամանակն է, որ այս հարցը լուծում ստանա, ունենանք պայմանագիր Գյումրու պոլիկլինիկաների հետ, որովհետեւ մարդիկ չեն ուզում, ասենք, հին, անսարք ռենտգեն սարքով անվճար ստուգվել պոլիկլինիկայում, մեր կենտրոնում էլ դա, բնականաբար, վճարովի է»:
Արմեն Իսահակյանը գոհ է կենտրոնի անցնող տարվա ցուցանիշներից, ինչպես նաեւ դինամիկ զարգացումից եւ որպես դրա ապացույց նշում է մեկ փաստ. 2013թ.-ին կենտրոնին հատկացվող պետպատվերի գումարները 400 մլն-ից 6 տարիների ընթացքում աճել է մինչեւ 1 մլրդ դրամ:
Մեկնաբանել