ՏՄՊՊՀ նախագահն ամփոփել է 2019 թվականի աշխատանքները
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփել է անցնող տարվա աշխատանքները: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ 2019 թվականին նախորդ տարվա համեմատությամբ էականորեն աճել է վարույթների քանակը, որը պայմանավորված է եղել քաղաքացիների և տնտեսվարողների դիմում-բողոքների թվաքանակի ավելացմամբ: Առավել տարածված մրցակցային խախտումները մեր երկրում անբարեխիղճ մրցակցության գործողություններն են. այս տարի արձանագրվել է 53 դեպք՝ նախորդ տարվա 49-ի դիմաց, գերիշխող դիրքի չարաշահումները և հակամրցակցային համաձայնությունները, որոնք առավել ծանր խախտումներ են համարվում, ավելացել են 13 դեպքով (2018 թվականին՝ 9 վարույթ, 2019 թվականին՝ 22), համակենտրոնացման գործողությունները կազմել են համապատասխանաբար 32 և 36:
«Ուշագրավ է, որ այս տարի առաջին անգամ հանձնաժողովը սկսեց պատասխանատվության միջոցներ կիրառել և գործողություններ իրականացնել նաև պետական մարմինների նկատմամբ, ինչպես նաև այժմ մեծածավալ աշխատանք ենք իրականացնում պետական գնումների ոլորտում: Իհարկե, խախտումները գլոբալ չեն, մեծ չեն, սակայն սրանով մենք տնտեսվարողներին ազդակ ենք հաղորդում, որ նաև պետական մարմինների դեմ բողոքներով կարող են դիմել մեզ: Այսինքն՝ նոր մշակույթ ենք ցանկացում ձևավորել»,- նշել է Գեղամ Գևորգյանը:
Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ ՏՄՊՊՀ-ն նախատեսված 5 շուկաների փոխարեն այս տարի թվով 7 շուկաներում ուսումնասիրություններ է իրականացրել, որոնք են բենզին, դիզելային վառելիք, շարաքավազ, կարագ, կոնյակի շրջանառություն, սեղմված գազ, գազասպառման համակարգեր, և հրապարակել է հիմնական արդյունքները:
Բենզինի շուկան շարունակում է մնալ բարձր կենտրոնացված՝ գերիշխող դիրք ունեցող 3 ընկերություններով
Բենզինի շուկան բարձր կենտրոնացվածություն ունի, հիմնական ներկրողը «Ռոսնեվթ Արմենիա» ընկերությունն է, որի միջոցով ՌԴ-ից Հայաստան քվոտավորված բենզին է ներկրվում, որից էլ հայկական 3 ընկերություններ՝ «CPS», «Մաքս-պետրոլ», «Ֆլեշ», ձեռք են բերում այդ բենզինը և Սադախլոյից տեղափոխում Երևան: Շուկայում ամենամեծ մասնաբաժինն ունի «CPS»-ը, սակայն հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում երեք ընկերություններն էլ համարվել են գերիշխող դիրք ունեցող:
Անդրադառնալով բենզինի գնի փոփոխությունների վերաբերյալ պարբերաբար հանրության կողմից բարձրացվող մտահոգություններին՝ Գեղամ Գևորգյանը նշել է, որ բենզինի վաճառքի գնի մեջ 95,5-95,7 տոկոսը կազմում են ուղղակի ծախսերը (տեղափոխում, ձեռքբերում), և այս կարևոր ինդիկատորն օգտագործելով՝ հանձնաժողովը, հետևելով բորսայական գների փոփոխություններին, կարող է հեշտությամբ բացահայտել գնի չհիմնավորված բարձրացումները կամ իջեցումները և չարաշահումների դեպքում արձագանքը չի ուշանա:
Դիզելային վառելիքի շուկայում նոր ընկերություններ են հայտնվել
Դիզելային վառելիքի շուկայում դրական միտումներ կան: 2019 թվականին 18 ընկերություններ են ներկրումներ իրականացրել, սակայն մասնաբաժինները դեռևս փոքր են, և ծավալային առումով շուկայի վրա ազդեցություն չունեն: Շուկան շարունակում է մնալ բարձր կենտրոնացված, հիմնական խաղացողները դարձյալ վերոնշյալ երեք ընկերություններն են:
Ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել են նաև բեզալցակայաների՝ օրենսդրությանը չհամապատասխանելու, ինչպես նաև որակի և թերլցումների խնդիրներ, որոնք անմիջականորեն հանձնաժողովի իրավասիրությունների տիրույթում չեն, ուստի այդ խնդիրների մասին պատասխանատու մարմինները տեղեկացվել են և այդ ուղղությամբ համատեղ աշխատանք է իրականացվում:
Խնդիրներ գազալցակայաններում (ԱԳԼՃԿ-ներ)
Հանձնաժողովը պարզել է, որ սեղմված գազի խմ-ից կգ-ով վաճառքի անցման պարագայում ինքնաժեքի ավելացում տեղի չի ունեցել, հետևաբար խնդրահարույց է համարվել որոշ ընկերությունների զրոյական կամ բացասական շահութաբերությունը, որը կարող է պայմանավորված լինել ստվերային շրջանառությամբ, և այս հարցում Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ աշխատանք է իրականացվում:
Առկա են նաև գազալցակայաններում անվտանգտության նորմերի խախտման դեպքեր, մասնավորապես բարձր ճնշման տակ գազալցումներ, թերլցումներ, որոնց մասով տեղեկատվությունը փոխանցվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմին:
Ոչ մրցակցային իրավիճակ՝ գազասպառման համակարգերի ոլորտում
Գազասպառման ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկման համար Կառավարության որոշմամբ մենաշնորհ է սահմանված «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար, որն իրականացվում է «Էյ Ի Ջի սերվիս» ընկերության կողմից. այն «Գազպրոմ Արմենիայի» հանձնակատարն է և ընտրվում է իր կողմից: «Էյ Ի Ջի սերվիս» ընկերությունը նաև ԱԳԼՃԿ-ների գազատարների և բազմաբնակարան շենքերում չգտնվող կազմակերպությունների գազատարների տեխնիկական սպասարկման ոլորտներում ունի գերիշխող դիրք, իսկ «Տրանսգազ» ՍՊ ընկերությունը մենաշնորհ ունի ԱԳԼՃԿ-ներին պատկանող գազաբաշխիչ կայանների շահագործման և տեխնիկական սպասարկման ոլորտում: Այս խնդիրները ներկայացվել են ՀՀ կառավարություն, որպեսզի քննարկում տեղի ունենա և հնարավոր արդյունավետ լուծում գտնվի՝ ոլորտում մրցակցություն ապահովելու ուղղությամբ:
Կարագի շուկայում արձանագրվել է գների նվազում, անբարեխիղճ մրցակցության դեպքեր չեն հայտնաբերվել
Կարագի ներմուծման ոլորտում առաջատարներն են «Ալեքս հոլդինգ» և «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունները (դիտարկվել է որպես մեկ ընկերություն), որոնց մասնաբաժինը նվազել է ընդամենը 1 տոկոսով, սակայն իրացման ոլորտում նվազումն ակնառու է՝ այն 62 տոկոսից հասել է 49 տոկոսի:
Արտադրության ոլորտում փոքր-ինչ նվազում է արձանագրվել «Դուստր Մարիաննա» ընկերության մասնաբաժնում, որը պայմանավորված է արտադրության ընդհանուր ծավալների աճով և նոր ընկերությունների շուկա մուտք գործելու հանգամանքով, ինչը դրական դինամիկա է:
Հաջորդ դրական նորությունն այս շուկայում վերաբերում է գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից ներմուծված կարագի գներին, որոնք 1 կգ-ի հաշվով շուրջ 200-250 դրամով նվազել են: Բացի այդ, չեն հայտնաբերվել դեպքեր, երբ կարագի անվան տակ այլ մթերք է վաճառվում՝ մարգարին, սփրեդ և այլն. լաբորատոր հետազոտությունների արդյունքում կարագի մեջ բուսական յուղ չի հայտնաբերվել: Մրցակցության սահմանափակման որոշակի խնդիրներ են հայտնաբերվել ԵԱՏՄ օրենսդրության շրջանակում, որոնք հանձնաժողովի նախագահի հավաստմամբ, կշտկվեն, սակայն հիմնական խնդիրը մրցակցային դաշտում վերաբերում է առևտրային ցանցերում իրացման պայմաններին, որպեսզի բոլոր ընկերությունների կողմից մատակարարվող ապրանքներն իրացվեն հավասար մարժաներով, հավասար տեղադիրք ունենան դարակաշարերում: Այս ուղղությամբ 2020 թվականին հանձնաժողովը մեծածավալ աշխատանքներ է պլանավորել:
Շաքարի շուկայում նվազել է գերիշխող դիրք ունեցող ընկերության մասնաբաժինը, արձանագրվել է գների արհեստական իջեցում
Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շաքարի շուկայում ներմուծողերի դինամիկան և իրացումները փոխվել են: «Ալեքս հոլդինգ» և «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունների (դիտարկվել է որպես 1 ընկերություն) ներմուծման մասնաբաժինը շուկայում 67 տոկոսից նվազել է 49 տոկոսի, իսկ իրացման մեջ՝ 95 տոկոսից 88 տոկոսի:
Հանձնաժողովը շաքարի շուկայում գների էական անկում է արձանագրել, սակայն սա, Գեղամ Գևորգյանի պարզաբանմամբ, սպառողների համար ուրախալի, սակայն տնտեսության համար ոչ այնքան դրական նորություն է, քանի որ գների անկումը պայմանավորված է ՌԴ-ից էժան շաքարի մեծ քանակով ներկրմամբ և որոշ դեպքերում ցանցերի կողմից նաև արհեստական իջեցումների պատճառ է դառնում, քանի որ շաքարը հանդիսանում է, այսպես կոչված, մարկերային ապրանք, և դրա համար ցածր գին սահմանելով՝ տնտեսվարողները գնորդներն են գրավում:
Հայաստանն այժմ շաքար ոչ միայն ներմուծում, այլև արտադրում է, սակայն դրա ինքնարժեքը ներմուծվածից ավելի բարձր է: Բացի այդ, 2025 թվականից ԵԱՏՄ կարգավորումներով մաքսատուրք է կիրառվելու երրորդ երկրներից ներմուծված շաքարի և շաքարեղեգի հումքի վրա, և այս պարագայում, հանձնաժողովի նախագահի դիտակմամբ, եթե գործողություններ չիրականացվեն, տեղական արտադրությունը կվտանգվի, ուստի հանձնաժողովը կառավարություն առաջարկություն կներկայացնի՝ նպատակաուղղված խնդրի համակարգային լուծմանը:
Կխստացվի վերահսկողությունը կոնյակի շուկայում՝ բացառելու անբարեխիղճ մրցակցությամբ հայկական բրենդի վարկարժեքի վնասումը
Հանձնաժողովը դիտարկել է կոնյակի արտադրության և իրացման շուկաները, ներմուծումը չի դիտարկվել, քանի որ չնչին տոկոս է կազմում: Թեպետ արտահանման ծավալների ավելացում է արձանագրվել, սակայն մտահոգություններ կան անբարեխիղճ մրցակցության գործողությունների հետ կապված, որոնք վնասում են հայկական բրենդի վարկարժեքը, ինչի հետ կապված ամիսներ առաջ հանձնաժողովը կոչ-հորդոր էր ուղղել տնտեսվարողներին: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ հաջորդ տարի խիստ վերահսկողություն է իրականացվելու այս ուղղությամբ, արդեն կան փաստական հանգամանքներ և այն ընկերությունների նկատմամբ, որոնք ոչ ճշգրիտ տվյայլներ կփորձեն տրամադրել, վարույթներ կհարուցվեն: Նա նկատել է, որ այս առումով դրական դինամիկա կա, և երբ խաղողի մթերման սեզոնին հանձնաժողովն ուսումնասիրություն նախաձեռնեց, մեծ թվով տնտեսվարողներ այլ մարմիններին տված օպերատիվ տեղեկություններում ճշգրտումներ կատարեցին:
Կոնյակի շրջանառության շուկայում բուն ուսումնասիրությունն ավարտվել է, սակայն թվերի ճշգրտման աշխատանքները շարունակվում են՝ պայմանավորված տնտեսվարողների մեծ թվով:
Վերջում Գեղամ Գևորգյանը նշել է նաև, որ նախատոնական շրջանում հանձնաժողովը խստացրել է հսկողությունը և պարբերաբար դիտանցումներ է իրականացնում պարենային ապրանքների շուկայում՝ խոշոր առևտրային ցանցերում: Մինչ այս պահը գների չհիմնավորված բարձրացումներ չեն արձանագրվել, կան տենդենցներ հակառակ ուղղությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել