HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

ԳՐԵԿՈ-ի հանձնարարականներին Սահմանադրական դատարանը պատասխանել է իր որոշումով

2019 թ.-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) 14 կարգապահական վարույթ է քննել: Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներից 7-ը հարուցվել է արդարադատության նախարարի որոշումով, իսկ 7-ը՝ Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի որոշումով։ Ուշագրավ է, որ արդարադատության նախարարների որոշումով դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները բավարարվել են, բացի մեկից։ Սակայն խնդիրն այստեղ այլ է՝ ճի՞շտ է ԱՆ-ի կողմից դատավորների նկատմամբ վարույթներ հարուցելը։

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) 2017-ին «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» գնահատման 4-րդ փուլի հանձնարարականում շեշտում է, որ գործադիր իշխանության մաս հանդիսացող արդարադատության նախարարի (ԱՆ) ներգրավվածությունը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթում կարող է դիտարկվել որպես դատական անկախության հետ ոչ ամբողջությամբ համատեղելի: ԳՐԵԿՈ-ն Հայաստանի իշխանություններին առաջարկել էր՝

  1. վերանայել դատավորների դեմ հարուցվող կարգապահական վարույթում արդարադատության նախարարության դերակատարությունը,
  2. ունենալ համապատասխան երաշխիքներ՝ ապահովելու համար, որ կարգապահական վարույթը չօգտագործվի որպես ներգործության կամ դատավորների նկատմամբ հաշվեհարդար իրականացնելու միջոց, ներառյալ՝ դատավորների համար կարգապահական որոշումները դատարան բողոքարկելու հնարավորությունը:

ԳՐԵԿՈ-ին մտահոգել է նաեւ այն, որ Հանձնարարականի առաջին մասի պահանջները մասամբ են կատարվել՝ կարծես թե հնարավոր չէ կարգապահական բնույթի որոշումը բողոքարկել դատարան ավելի, քան Սահմանադրական դատարանում դրա սահմանադրականությունը վիճարկելու ձևով։ «Կարելի է եզրակացնել, որ հանձնարարականի այս մասը մասամբ է կատարվել»,- ասվում է զեկույցում։ ԳՐԵԿՈ-ն Հայաստանի կառավարությանն առաջարկել էր ներմուծել արդյունավետ կանոններ եւ մեխանիզմներ՝ արդարադատություն իրականացնելիս դատավորների գործունեությանն անհարկի միջամտության դեպքերը բացահայտելու և այդպիսի միջամտություն իրականացնող կամ իրականացնելու փորձ կատարող դատավորներին պատասխանատվության ենթարկելու համար, որով արգելվում են ցանկացած միջամտություն դատարանի գործունեությանը և ցանկացած անհարկի ներգործություն դատարանների վրա, ինչպես նաև դատարանների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը։

ԳՐԵԿՈ-ն անդրադարձել էր դատական համակարգում առկա խնդրահարույց հարցերին եւ հակակոռուպցիոն միջոցառումների մասով ԵԽ-ի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Դրական է համարվել, որ «Դատական օրենսգրքի» նախագծով ԲԴԽ-ին տրամադրվում է կարգապահական հարցերում լիազորություններ այն դատավորների նկատմամբ, որոնք միջամտել են մեկ այլ դատավորի գործունեությանը։ Կարգապահական վարույթ կարող է հարուցվել նաեւ այն դատավորի նկատմամբ, որը չի հաղորդում իր գործունեությանը միջամտելու մասին։ Այլ անձանց կողմից դատավորի գործունեությանն առերեւույթ միջամտության դեպքում ԲԴԽ-ն, հիմնվելով համապատասխան դատավորի հայտարարության վրա, կարող է համապատասխան մարմիններ միջնորդություն ներկայացնել՝ անհարկի միջամտության համար պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու համար։

ԳՐԵԿՈ-ն կոչ էր արել ամենաուշը մինչև 2019 թ.-ի հունիսի 30-ը լրացուցիչ տեղեկություններ տրամադրել հանձնարարականների կատարման վերաբերյալ:

Դեկտեմբերի 12-ին ԵԽ-ն նոր հայտարարություն տարածեց, որում ասվում է. «Ճանաչելով Հայաստանի իշխանությունների հակակոռուպցիոն ջանքերը՝ Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO) եզրակացնում է, որ պատգամավորների, դատավորների և դատախազների համար ստեղծված իրավիճակն այժմ «գլոբալ անբավարար» է և դեռեւս լիովին չի համապատասխանում ԳՐԵԿՈ-ի առաջարկություններին»:

Հայաստանն ամբողջությամբ իրականացրել է ԳՐԵԿՈ-ի չորրորդ փուլի գնահատման զեկույցում ներառված 18 առաջարկներից 7-ը: Մնացած 11 առաջարկությունները մասամբ են իրականացվել: ԳՐԵԿՈ-ն խրախուսում է իշխանություններին շարունակել և կատարելագործել իրենց բարեփոխումները և դրանով իսկ լիովին հաշվի առնելով ԳՐԵԿՈ-ի բոլոր առաջարկությունները` ապահովելու բարեփոխումների հաջողությունը:

Դատական համակարգին վերաբերող հանձնարարականների մասով հետևյալն է ասվում. «ԳՐԵԿՈ-ն ողջունում է նոր «Դատական ​​օրենսգիրքը», որը դատավորների համար նախատեսում է ամբողջականությանն առնչվող որոշակի երաշխիքներ: Օրինակ, դատավորների տեղափոխումը կամ նշանակումը այժմ հնարավոր է միայն նրանց համաձայնությամբ: Ներառված են ուժեղացված դրույթներ ընդդեմ դատավորների գործունեության անհարկի միջամտության, սակայն անհրաժեշտ է ավելին, որպեսզի այդ չափորոշիչները գործնականում կիրառվեն: Առաջընթաց է գրանցվել դատավորի նշանակման հետ կապված հիմքերն ու ընթացակարգերը դատարանում վիճարկելու հնարավորության ապահովման հարցում, բայց կարգապահական գործերով պետք է ներկայացվի համապատասխան բողոքարկման մեխանիզմ:

Բարձրագույն դատական խորհուրդը չցանկացավ մեկնաբանել ԳՐԵԿՈ-ի հայտարարությունը։

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանին խնդրեցինք իր տեսակետը հայտնել ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների և Հայաստանի իշխանությունների կողմից դրանք չկատարելու հայտարարության վերաբերյալ։

«Աներկբայորեն ԳՐԵԿՈ-ի պահանջը իրավաչափ չէ, արդարադատության նախարարի (ԱՆ) կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասությունը, ըստ էության, չի հակասում միջազգային նորմերին։ Նախարարությանը տրվում է վարույթներ հարուցելու լիազորություն, պայմանով, որ քաղաքական որոշումներ չհարուցի եւ վարույթներ շատ չհարուցվեն։ Ինքնին անիրավաչափ չէ, որ նախարարությունը վարույթ է հարուցում»,- հայտնեց Արա Ղազարյանը։

Փաստաբանը հիշեցրեց, որ ժամանակին Վենետիկի հանձնաժողովը կարծիք է տվել ՀՀ Սահմանադրության վերաբերյալ, որը թույլ է տալիս երկու խողովակով վարույթ հարուցել, եւ համաչափ է համարել այն, եթե չչարաշահվի, եթե հակակշիռները գործեն։ Եթե դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելը թողնվի բացարձակապես դատական իշխանությանը, ապա նրանք կարող են մասնագիտական համերաշխություն իրականացնել եւ շատ դեպքերում վարույթ չհարուցել։

«Բացարձակապես էլ չի կարելի թողնել գործադիր իշխանությանը, որովհետև իշխանության հավասարակշռության սկբունքն է խախտվում»,- շեշտեց պրն Ղազարյանը։ Ուստի, որոշեցին փոխհավասարակշել՝ պայմանով, որ ԱՆ-ն քաղաքական որոշումներ չի կայացնի։ Այն իրավիճակում, որ հիմա մենք ենք գտնվում Հայաստանում, երբ նոր իշխանության մոտ մեծ է գայթակղությունը՝ որքան հնարավոր է շուտ «բարեփոխել» դատական իշխանությունը, և նույնիսկ առանց իրավական գործընթացների, հեղափոխական գործընթացներով։ Սակայն, հեղափոխական գործընթացներով չես կարող դատական համակարգը բարեփոխել, որովհետև ԵԽ-ն պահանջում է բոլոր ռեֆորմներն իրականացնել՝ հարգելով մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը։

Նման կոչերը գնալով նվազում են, որովհետև հասկանում են, որ ԵԽ-ն չի կարող հանդուրժել, որ իր անդամ պետություններից մեկը չի հարգում օրենքի գերակայությունը։ Արդեն բախում եղել է Վենետիկի հանձնաժողովի հետ և դեռ կլինեն բախումներ։

ԳՐԵԿՈ-ն իր գործառույթների տեսանկյունից իրականացնում է ԵԽ անդամ երկրների հակակոռուպցիոն օրենքների հարմոնիզացում։ Սակայն, նրա պահանջը, որ ԱՆ-ն բացարձակապես վարույթ չպետք է հարուցի, այնքան էլ իրավաչափ չէ։ Թող հարուցի, բայց քաղաքական իշխանություններն այդ իրավունքը չպետք է չարաշահեն։ Մինչեւ կես տարի առաջ իշխանությունների մոտ մեծ էր ԱՆ-ի կողմից կարգապահական վարույթներ հարուցելու գայթակղությունը, որովհետեւ դատական իշխանությունը չի հարուցում։ Դա տեղի չունեցավ, որովհետեւ, եթե դա պետք է իրավական գործընթացով անել, ապա նախարարությունն այդքան ռեսուրս չունի, որպեսզի քաղաքական որոշումներ կայացվեն։ Եթե պետք է իրավական գործընթացով անել՝ դարձյալ այդքան ռեսուրս չունեն, որ մեծաքանակ վարույթներ հարուցեն և այն էլ օգտագործեն դատական համակարգը զտելու նպատակով։ Համաչափության սկզբունքներ պետք է կիրառվեն այս դեպքում, այսինքն՝ վարույթներ հարուցել, բայց դատավորի լիազորությունները չդադարեցնել, տույժերի այլ տեսակներ ընտրել։

Այս հարցում Եվրոպական իրավունքը երկու մասի է բաժանվում՝ ԳՐԵԿՈ-ն որոշում է, որ ԱՆ-ն չպետք է վարույթ հարուցի, իսկ Վենետիկի հանձնաժողովն ասում է, եթե հակակշիռները կան՝ կարող է հարուցել։ Եվրոպական մարմիններն անընդհատ զգուշացնում են, որ օրենքի գերակայությունը պետք է գործի։ Վենետիկի հանձնաժողովը եւ ՄԻԵԴ-ը այլ տեսակետ ունեն։ ՄԻԵԴ-ը բազմիցս նշել է, որ եթե դատավորին գործադիրն է նշանակում, դա չի նշանակում, որ դրանով խախտվում է դատարանի անկախությունը, կարեւոր է, որ նրանք ուժեղ հակակշիռներ ունենան։

Հակակշիռներից մեկը կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակությունն է եւ մի կարեւոր՝ ոսկե օրենքի պահպանումը, ըստ որի դատավորի նկատմամբ վարույթ չպետք է հարուցվի իր կայացրած դատական ակտի համար։ Ոսկե կանոնն ասում է, որ վարույթը պետք է հարուցվի միայն վարքագծի կանոնները խախտելու համար։ Մի բացառությամբ՝ Վենետիկի հանձնաժողովն ընդգծում է, որ կարող է հարուցվել, եթե դա կայացվում է պրոֆեսիոնալիզմի անթաքույց բացակայությամբ։ Նկատի ունենալով, որ գիտելիք չունեցող մարդը չի կարող դատավորի պաշտոնում հայտնվել։ Բացի այդ, վարույթ հարուցելու հիմքերը պետք է հստակ լինեն։

Ա․ Ղազարյանը վերլուծեց մեկ ամիս առաջ, Սահմանադրական դատարանի կայացրած որոշումներից մեկը, որը պատասխանում է ԳՐԵԿՈ-ի հանձնարարականներին։ ՍԴ-ն նախկին դատավոր Արայիկ Մելքումյանի դիմումի հիման վրա կայացրած ՍԴՈ-1488 որոշման մեջ ամրագրել է, որ էական կարգապահական խախտում բնորոշումն անորոշ է, ԲԴԽ-ի որոշման մեջ չի հստակեցվել։ ՍԴ-ն այդ հիմքով հակասահմանադրական է ճանաչել ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը, որովհետեւ, եթե անորոշություն եղավ՝ գործադիրը կարող է օգտվել դրանից։

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել արդարադատության նախարարի նախկին պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի  2018 թ-ի դեկտեմբերի 25-ի թիվ 630-Ա որոշումով։ Բարձրագույն դատական խորհուրդը դատավոր Ա Մելքումյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում էր կայացրել՝ դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցրել էր էական կարգապահական խախտման հիմքով:

«ՍԴ-ն փաստում է, որ ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը հստակ չի տարանջատում, թե դատավորի կողմից  դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի արարք կատարելը վերաբերում է դատավորի կողմից նյութական կամ դատավարական նորմերի այնպիսի ակնհայտ կամ կոպիտ խախտմանը, որն անհամատեղելի է դարձնում նրա հետագա պաշտոնավարումը, թե խոսքը դատավորի վարքագծի կանոնների խախտման մասին է»։

Ցանկացած կարգապահական խախտում կարող է դիտվել որպես դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի։ ՍԴ-ի գնահատմամբ՝ դա կարող է հագեցնել անհամաչափ միջամտություն դատավորի հետագա պաշտոնավարմանը, ուստիեւ՝ վտանգել դատավորների անկախության սկզբունքը։ ՍԴ-ն ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142 հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը ճանաչել է Սահմանադրության 78 եւ 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր։

Արա Ղազարյանն անդրադարձավ նաեւ ԳՐԵԿՈ-ի հայտարարության մեջ տեղ գտած երկրորդ հարցին՝ ԲԴԽ-ի կայացրած որոշումներն ընդհանուր իրավասության դատարանում բողոքարկելու անհնարինության հարցին։

Այս հարցին նույնպես ՍԴ-ն անդրադարձել է ՍԴՈ-1488 որոշման մեջ։ ՍԴ-ն նշում է, որ գործող կարգը հակասահմանադրական չէ, դատավորը կարող է իր դեմ կայացված ԲԴԽ-ի որոշումը բողոքարկել ՍԴ, կարող է բողոքարկել նաեւ ՄԻԵԴ, եւ դա բավարար է։ Նախկինում, երբ Արդարադատության խորհուրդը (ԱԽ) դատարանի հատկանիշ չուներ, այն օրենսդրական բացթողում էր դիտվում, իսկ երբ 2005 թ․-ին ընդունված Սահմանադրությունը ԱԽ-ին տվեց դատարանի կարգավիճակ եւ դատավարական հատկանիշներ՝ դատավորը կարող է փաստաբան ունենալ, վկաներ հրավիրել, միջնորդություններ ներկայացնել եւ այլն, ԲԴԽ-ի որոշումներն ընդհանուր իրավասության դատարանում չբողոքարկելը այլեւս դատական պաշտպանության սահմանափակում չի կարող համարվել։

ՍԴ-ն ՍԴՈ-1488 որոշման մեջ ամրագրում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ-ի որոշումների դատական կարգով բողոքարկման հնարավորություն չնախատեսելը բխում է առկա սահմանադրական իրավակարգավորումներից և չի խախտում անձի դատական պաշտպանության եւ արդար դատաքննության իրավունքները։ Պրն Ղազարյանը նշում է, որ նույն կարծիքին են նաեւ Եվրոպական մի շարք մարմիններ, օրինակ, նախարարների կոմիտեն է խոսում այդ մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter